Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է

22

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական և դատավարական այլ գործողություններով պարզվել են  Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2003թ. կազմակերպել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ հասցեի 1.900քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մրցույթ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել մրցույթին մասնակցության իրավունք չունեցող նրա եղբայրը, որից հետո վարձակալությամբ տարածքը տրամադրվել է վերջինիս ՍՊ ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս»,- այս մասին գրված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշված է, որ բացի այդ, 2004թ. փետրվարի 16-ին, 3.845.400 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի հասցեում գտնվող 850.0 քմ մակերեսով կառույցը  371.620 ՀՀ դրամի դիմաց գրանցվել է որպես որդու սեփականության իրավունք՝ արդյունքում համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. ընթացքում համայնքի ղեկավարը նույն քաղաքի տարբեր հասցեներում գտնվող տարբեր մակերեսներով տարածքները գրանցել է իր հարազատների սեփականության իրավունք, որի արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ  60մլն  դրամի վնաս:

Ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: