Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանն արդեն 13 տարի է՝ պայքարում է արժանապատիվ բուժօգնություն ստանալու և բնականոն կյանք վերադառնալու համար։ 2012 թվականից պաշտպանության նախարարները փոխվում են, բայց Դավիթի խնդիրները մնում են չլուծված։
Դավիթը Forrights.am-ին պատմեց, որ Արցախում զինծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և ծառայության անցել Խաղաղապահ բրիգադում։ Ծառայության ընթացքում աղիքային բորբոքում է ստացել և տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ։ Նա պնդում է, որ վիրահատությունից հետո իր մոտ առաջացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ՝ ձախակողմյան հեմիպարեզով։ Ասում է՝ գլխում կիստա կա, ձախակողմյան ոսկրերը չեն սնուցվում, ունի տեսողության, ողնաշարի ու սրտի խնդիր։ Դավիթի խոսքով՝ Մուրացանի բժիշկների սխալի հետևանքով է հաշմանդամություն ձեռք բերել։ Նա այժմ էլ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում։
«Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»,-ասաց տղայի մայրը։
Այս 13 տարիների ընթացքում նա դիմել է բոլոր պաշտպանության նախարարներին՝ Սեյրան Օհանյանին, Վիգեն Սարգսյանին, Դավիթ Տոնոյանին և Սուրեն Պապիկյանին։ Շեշտում է՝ չնայած, որ խոստումներ են եղել, բայց բուժման ծախսերը ՊՆ-ն այդպես էլ չի հոգում։
Դավիթը Forrights.am-ին պատմեց, որ առողջական խնդիրների վրա ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Նշում է՝ չնայած, որ ինքը մեկ կեղծ ահազանգ է տվել, բայց իրավապահները իրեն են վերագրել նաև «Մուրացան» հոսպիտալում և Բաղրամյան 26-ում ռումբի առկայության մասին ահազանգերը: Առողջական խնդիրներ ունեցող նախկին զինծառայողին անգամ կալանավորել են։ 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգով ցանկացել է իր վրա ուշադրություն սևեռել: Հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու, նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն Դավիթ Հակոբյանին «ուղարկել» են բանտ:
Նա պաշտպանության նախարարության մոտ նաև հացադուլ է իրականացրել, ՊՆ-ից խոստացել են խնդիրները լուծել, բայց այդպես էլ նրան չեն ուղարկել արտերկիր բուժման։
«Սա դեպի հանգիստ մահվան տանել է՝ հանգիստ, սիրուն ձևով։ Եթե դու մարդուն դարձնում ես ինվալիդ ու թողնում ես այդ կարգավիճակի մեջ, պիտի գիտակցի, որ ինքը լավը չի գնալու, դեպի վատն է գնալու։ Ընդամենը մի վիզայի հարց կարգավորեն, որ ես կարողանամ այս երկրից գնամ։ Այսօր իմ կյանքն են խլել, իմ ամեն ինչը խլել են էս մարդիկ, և այդ ամեն ինչը նորմալ են համարում։ Ոչ միայն ինձ զգում եմ խաբված, այլ կոնկրետ զգում եմ ինձ էս ազգի թշնամի»,-ասաց նա՝ նշելով, որ անձնագիրն էլ ձեռքից վերցրել են։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Դավիթ Հակոբյանին պարբերաբար ֆինանսական աջակցություն է տրվել։
Մանրմասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։