«Կապիտանը եկավ ասաց՝ ոնց որ կռիվը սկսվում է, անցավ կես ժամ մեկ էլ՝ գըմփ, ձայները լսեցինք, սրանից հետո սկսում ենք կռվել»,- Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմն այսպես է հիշում Արցախի ՊԲ զինծառայող Հարությունը։

Ժամկետային 18-ամյա զինծառայողը շուրջ երկու օր տևած մարտական գործողությունները համարում է պատերազմ՝ անհամաչափ ուժերով։

«Մենք մինամիոտով էինք կռվում, մեզանից 100 մետր այն կողմ ավտոմատների կռիվ էր։ Անտառի տակով 70-80 հոգի մոտեցել էին մեր պոստին։ Մինչ այդ՝ օգոստոսի 20-ից հետո, թշնամին զինտեխնիկա ու զորք է բերել, կուտակել։ Այդ ժամանակներից սկսած մեզ մոտ համար մեկ էր տված։ «Վանպիր» էին բերել, դա գրադի նման մի բան է, որ խփում է միայն տրաքելուց է ձայն հանում, օդով, որ գալիս է, չես լսում»,-պատմում է զինծառայողը։

Ըստ զինծառայողի թշնամական կողմի մարդկային և սպառազինության ռեսուրսն այնքան շատ է եղել, որ նույնիկս հասել են արցախյան դիրքերի մատույցներ։ Իսկ ահա, ըստ նրանց, Արցախի ռեսուրսներն այնքան քիչ էր, որ չէին կարողացել զսպել նրանց մուտքը միջդիրքային տարածքներ, քանի որ այն անտառապատ է եղել։ Սակայն, նշում է, որ չնայած այս հանգամանքերին, թշնամական կողմի մարդկային կորուստները իրենց պաշտպանած դիրքերում տասնապատիկ շատ է եղել։

«Միայն մեր բատալյանից 20-25 հոգուց ավելի զոհ ենք ունեցել, ավտոմատի կրակոցներից են զոհվել, բոյ էր գնում, պետք է տեսնեիր։ Արդեն հասնում էին մեր մոտ։ Առաջին օրը կապերին են խփել, ընդհնարապես կապ չի եղել, հինգ օր մեր տանեցիների հետ չեմ կարողացել խոսել։ Ռացիան էլ չէր աշխատում»,-ասում է Հարությունը, իսկ մարտական ընկերը՝ Սուրենն ավելացնում է․ «Միայն 702 մարտական դիրքի ուղղությամբ մեզ վրա հարձակված 300 թշնամու ենք չեզոքացրել, զոհվել են»։

Պատերազմի թեժ պահին, երբ զինվորները ջանք չեն խնայել իրենց վստահված դիրքերը պահելու համար, հրաման են ստացել, որ պետք է թողնեն և արագ դուրս գան, քանի որ փրկվելու շանսերը գնալով նվազում են։ Զինվորները կռվել են շրջափակման պայմաններում։

«Մեզ ասում էին, եթե շուտ դուրս չգաք, գալու են ձեզ կոտորեն։ Քիչ տեղ է մնում, որ փակեին ու հասնեին մեզ։ Ինչ զենք կարողացանք հավաքել, դուրս եկանք։ Սեպտեմբերի 19-ի առավոտից մինչև 20-ի առավոտն անդադար կռվել ենք։ Ընթացքում միայն ջուր ենք խմել, ոչ հաց ենք կրել, ոչ քնել ենք։ Կանտուզիա էի ստացել, ոչ մի բան չէի լսում, Հարութին ասում էի՝ ինչ հրաման լինի, կգոռաք ականջիս, որ լսեմ»,-ասում է Սուրենը։

Զինվորների խոսքով իրենց օգնության է հասել լեգենդար հրամանատար Քյոխը՝ Կարեն Ջալավյանը։

«Նստել ենք ավտոն, ասում եմ՝ քշի, քշի, ավտոն խոդի չի ընկնում։ Մեզանից 10 մետր հեռու գրադը խփում էր։ Մի երկու կիլոմետր գնում ենք մեր դեմ թշնամու նոր զորք է դուրս գալիս, այ շրջափակումը դա էր։ Այդ ժամանակ արդեն Ղարաբաղի սաղ բանակը հանձնված էր, միայն մենք էինք այնտեղ ու կռվում էինք։ Հետո մեզ ասում են թուրքի տանկերը Դրմբոնից գալիս են, մեզ էլ ասում են՝ ինչ ուզում եք արեք, ուզում եք ավտոմատով կռվեք, ուզում եք՝ մահացեք։ Մեկ էլ Քյոխը գալիս է, մեզ դուրս է հանում»,-ասաց Հարությունը։

Չնայած, որ արդեն Արցախի բանակը լուծարելու որոշում էր կայացվել, բայց Մարտակերտի շրջանի դիրքերի զինվորականները դեռ իրենց զենքերը չէին հանձնել։ ՊԲ նախկին ծառայողներն ասում են ինտենսիվ մարտերից հետո հավաքվել են նախապես պայմանավորված վայրում, որպեսզի իրենց հետագա գործողությունները որոշեն։

«Հետո պայմանավորվում ենք հավաքվում ենք մի տեղ, ամբողջ զորքը գալիս է այնտեղ, երեք օր մնացել ենք այնտեղ, բայց ամբողջ Ղարաբաղի բանակը ցրած էր։ Մենք այնտեղ մնացել ենք, որովհետեև Մարտակերտը, Հաթերքը և Եղնիկներն ամբողջությամբ շրջափակման մեջ են եղել, մնացել ենք, որ ռուսները գնան ժողովրդին հանեն, մենք էլ իրենց հետևից գանք։ Մեր այս հավաքված տեղից մեզ գիշերն ուղարկում են տուն, առավոտ զանգում ենք, հարցնում, թե երբ գանք, ասում են՝ էլ մի արեք, զենքերը հանձնել ենք»,-ասացին զինծառայողները՝ նշելով, որ իրենք զինաթափվել են Իվանյանում։

Արցախի բանակի զինծառայողների աչքի առջև ռուս խաղաղապահները Արցախի ՊԲ զենքերը հանձնել է ադրբեջանցիներին։ «Մենք տանկերը հանձնելուց վառելիքը մեջից հանել էինք, ռուսը տանկը տալիս է թուրքին, թուրքը սայլարկեն լցնում է, քշում, գնում։ Ով ինչ ուներ պետք է հանձներ, ավտոմատ, բրոնի ժիլետ, կասկա, նույնիսկ սվին-դանակ»։

ՊԲ զինծառայողները նշում է, որ օգնության դեպքում հնարավոր կլիներ մարտերը շարունակել և հաջողությունների հասնել։  Սակայն, տեսել են, թե Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքերն ինչպես են լքել իրենց։

«Մենք կռվում էինք, ինչ կարողանում էինք, անում էին,  ռուսի վրա ինչ-որ չափով հույս էինք դրել, որ չեն թողնի առաջ գան ու մեզ կոտորեն, բայց տեսնում էինք, որ նստած ԲՏՌ-ը փախնում են»,-պատմում էին զինծառայողները։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest