«Մի հատ պուճուր բան է լսում ասում է՝ մամ, կրակո՞ց է»,-գերությունից վերադարձած որդու հոգեկան ապրումները մեկ նախադասությամբ այսպես է ներկայացնում մայրը։

19-ամյա զինծառայողը 20 օրից ավելի մնալով թշնամական Ադրբեջանում ֆիզիկական ու հոգեբանական անմարդկային բռնությունների է ենթարկվել ծառայակից ընկերների հետ միասին։  Ամենադաժանը զինվորների հետ վարվել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում։ Ծեծ՝ նստելու, քնելու, ինչ-որ տեղ հենվելու և մյուս բոլոր գործողությունների համար, եթե խախտել են թշնամու՝ անշարժ կանգնելու պահանջը։ Հայրն ու մայրը նշեցին՝ իրենց որդին երեք օր այս դաժանությունների միջով է անցել, որից հետո տեղափոխվել է բանտ։

«Ադրբեջանի ռազմականը գնացել-եկել հարվածել է գլխներին ու մեջքներին։ Պատմում էր, որ չոքացրել են ու ստիպել են շան նման քայլել, ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»,-թշնամու հակամարդկային պահելաձևից մանրամասներ են փոխանցում գերությունից վերադարձածի ծնողները և ընդգծում՝ ստիպել են հայ զինվորներին միմյանց հետ մարտի բռնվել։ Թշնամու հողում գտնվող հայ զինվորները, սակայն, միմյանց պաշտպանելու տարբերակներ են գտել։

«Տղաներին իրար հետ կռավացրել են, ընկերներին իրար դեմ են հանել, ով կրվել է՝ իրեն ծեծել են։ Տղաս ասում էր՝ պայմանավորվում էին, որ ուժեղները դիտմամբ պարտվեն, որ հարվածները իրենց բաժին հասներ»։

Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողներն ահազանգում են՝ որդին այս ամենի հետևանքով ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը նրանց ցանկանում է նորից բանակ տանել։  Անանուն մնալու պայմանով, քանի որ մտածում են իրենց տղայի խնդիրները հրապարակավ խոսելու դեպքում ավելանալու են լուծվելու փոխարեն, հայրն ու մայրը իրենց մտահոգությունն են հայտնում․ նշում են՝ տղան ընկճված է, զորամասում միջանձնային խնդիրներ կարող են առաջանալ և կանխատեսում են վատագույնը։

«Վերադառնալուց հետո շատ ընկճված, վախեցած է, չէր կողմնորոշվում՝ ինչ է կատարվում, շատ ուրախացել էր, որ մեզ է տեսել, ասում էր՝ ես նոր ծնվել եմ։ Պինդ է եղել, կարողացել է դիմադրել, բայց վախն ու ընկճվածությունը չեն անցնում։ Տուն էր եկել, բայց մեկուսացած էր, չէր շփվում մեզ հետ, անընդհատ մտքերով է։ Խոսում ենք իր հետ, բայց չի արձագանքում, ցրված է, մոռացկոտ է դարձել։  Ուղարկում ենք խանութ, որ մի քիչ ցրվի, մի քանի անգամ զանգում հարցնում է, թե ինչ է առնելու»,-ասացին ծնողները նշելով, որ իրենց որդին ադրբեջանական բռնություններից զատ նաև մինչ գերության մեջ հայտնվելն է հոգեբանական ծանր ապրումներ ունեցել։

Ծնողների խոսքով՝ ԱԹՍ-ի հարվածից մարմնից կտրվել է հրամանատարի ոտքը, որդին եղել է կողքին, դադարեցրել է արյունահոսությունը, այնուհետ, ականատես է եղել, թե ինչպես է հրամանատարը պայթեցնում իրեն ու սկսում այրվել։ Տղան հանգցրել է կրակը, դին տեղափոխել է, որ գերության մեջ չհայտնվի։ Ականատես է եղել նաև ընկերոծ զոհվելուն։

Այս զինծառայողի մոտ, հոգեբանը հետազոտություններից հետո, հոգեբանական խնդիրներ է ախտորոշել։ Այս ֆոնին ծնողներին մտահոգում է զինվորական հոսպիտալներում գերությունից վերադարձած տղայի նկատմամբ դրսևորվող անտարբեր պահվածքը։

«Բժիշկն ասում է՝ հիմա կարող եմ թղթերն այնպես տալ, որ տանես տուն, ասում եմ՝ տանեմ տուն ի՞նչ անեմ, թող բուժումը լրիվ ստանա։ Վզի վրա ասկոլկա կա, որը նյարդին է կպել, դա ո՞նց է լինելու, բժիշկն ասում է՝ դե հետազոտում ենք։ Ոտքին էլ է եղել, ինքը հանել է։ Ոտքի լարվածություն ունի, անկանոն շարժում է, դա չկար, բժիշկն ասում է՝ ասկոլկեն նյարդին է կպել, ասում եմ՝ բա, որ նեռվին է կպել հեռացրեք, պատասխանում է՝ այդքան պետք է ճղենք, որ հասնենք այնտեղ»։

Զինծառայողի հոգեբանական խնդիրներն առավել ընդգծվում են, երբ ծառայությանն առնչվող խոսակցություների մասնակից է լինում կամ առարկաներ է տեսնում։ Մայրն ասաց, որ անգամ զինվորական հագուստը որդու մոտ վախեր է առաջացնում։ Նրան սեպտեմբերի 13-ին բանակ տանելու ծանուցում են փոխանցել, սակայն, վիճակի կտրուկ վատթարացման հիմքով հետաձգվել է։ «Վախեցած է, շատ է վախեցած։ Զինվորական շորերը, որ տեսավ չեք պատկերացնի, թե ինչ ապրումներ ունեցավ։ Ասում է՝ այն բերդից եկել եմ այս բերդ, այստեղ ուղակի հայերն են, թուրքերը չեն»,-իրավիճակը ներկայացրեց մայրը՝ նշելով, որ որդին կռվել է մինչև վերջ ու հայտնվել շրջափակման մեջ։

«Շրջափակման մեջ են եղել, Վերին Շորժայի դիրքերում, զանգել մեզ հրաժեշտ էր տալիս, ասում էր՝ մամ ջան, մենք էլ հետ չենք գալու։ Իրենք մինչև առավոտ կռվել են, էլ զենք չեն ունեցել, փամփուշտները վերջացել է, եկել գերի են վերցրել Իրենք այն մտքին են եղել, որ իրենց պայթեցնեն»։

Որդու հետ կապը կորել է սեպտեմբերի 14-ին։ Ծնողները փորձել են զորամասից տեղեկություն ստանալ, սակայն, անտարբեր վերաբերմունքի են արժանացել, լսել են այնպիսի պատասխաններ, որ մտածել են իրենց տղան զոհվել է, սկսել են դիահերձարաններում փնտրել մինչև սոցցանցերում տեսել են իրենց տղայի մասնակցությամբ տեսանյութեր՝ գերության մեջ։

«Զորամասից ասացին՝ մենք ոչնչից տեղյակ չենք, հրամանատարը զոհվել է, տեղեկություն չունենք։ Զորամասից երկու հոգու հետ եմ խոսել, ասեցին գիտենք, որ դիրքերում դիակներ կան, ադրբեջանցիները չեն թողնում որ հանենք։ Զանգում են ծնողին ասում են՝ էրեխեքի դիակները փռած է, զորքը կոտորվել է։  Ասեցի լավ, ես երեխա եմ տվել, իմ երեխայից տեղեկություն չունե՞ք, որովհետև չգիտեինք տարել են Ադրբեջան, թե՞ վերացրել են, որովհետև խփում էին»։

Գերությունից վերադարձած զինծառայողների ծնողները Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարության դեմ միայնակ են մնացել՝ իրենց որդիներին առողջական խնդիրներով բանակ չտանելու հարցում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

 

Pin It on Pinterest