Դոնարա Բաղդասարյանի ամուսինը մեկ շաբաթ է ինչ դիրքերում էր, երբ ադրբեջանական կողմը հարձակվեց Արցախի վրա։ Աղջիկն է դպրոցից զանգել ու մորը հայտնել՝ պատերազմ է սկսվել։

«Կրակոցները մի անգամից սկսվեց։ Ամուսինս պոստերում էր, ես վազեցի աղջկաս հետևից։ Կրակոցները շատ էին, մի կերպ հասա դպրոց, վերցրեցի, եկանք նկուղ։ Մեկ օր այնտեղ մնացինք։ Ամուսնուս մասին ոչ մի լուր չունեինք։ Մեկ օր լուր չունեի, կապ չկար, առավոտյան քրոջ ամուսինը եկավ ու ասաց, որ զոհվել է»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմեց Դոնարան։

Վրեժ Բաղդասարյանը 47 տարեկան էր, պայմանագրային զինծառայող է։ «Ամուսնուս սնայպերով են խփել, ճակատին են խփել»,-ասում է Դոնարան և նշում, որ դիրքը հայտնվել է շրջափակման մեջ, ամուսնու դին չեն կարողացել հանել։ Հինգ օր դին մնացել է ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում։

«Սեպտեմբերի 23-ին հանեցին, 24-ին հուղարկավորեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, 25-ին էլ Ստեփանակերտից դուրս եկանք։ Հուղարկավորության պահին չգիտեինք, որ դուրս ենք գալու, ժամեր անց տեղեկացանք»։

Դոնարան ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ բնակվել է Ասկերանի շրջանի Ավետարոնոց գյուղում, 2020 թվականի պատերազմից հետո ստիպված են լքել իրենց գյուղն ու տունը, քանի որ այն անցել էր թշնամուն։ Մայրն անչափահաս երեխաների հետ վերջին երեք տարում երկու անգամ է բռնի տեղահանվել։ Նշում է՝ Ստեփանակերտից դուրս գալու ճանպարհին իմացել է, որ ադրբեջանական զինվորները մտնում են քաղաք։

Որ դեռ Ստեփանակերտում էինք սպասում էինք, որ ամեն պահի դուռը կբացեն ու ներս կմտնեն, այդ պահերին էինք արդեն սպասում։ Այդ վախով ապրում էինք։ Ճանապարհին պատահեցին մեզ, մի քանի հարց տվեցին»։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության կողմից Դոնարա Բաղդասարյանը որևէ աջակցություն չի տեսել՝ ադրբեջանական ցեղասպան գործողություններին զուգահեռ։ «Չեն օգնել, օդանավակայան չենք գնացել, ասում էին, որ այնտեղ էլ է վտանգավոր։ Օգնություն էինք խնդրում ռուս խաղաղապահներից, ասում էին՝ ոչ մի վատ բան էլ չի լինելու, մնացեք։ Ադրբեջանցիները կրակում էին, իրենք ասում էին՝ վտանագավոր բան չկա»։

Դոնարան երկու անչափահաս աղջիկների հետ է ապրում՝ 9 և 14 տարեկան, սոցիալական ծանր կացության մեջ են։ Դոնարան աշխատանք չի կարողանում գտնել, քանի որ երեխաներն իր խնամքին են, բնակարանի համար 150 հազար դրամ է վճարում, այս գինը շատ բարձ է համարում։ «Պետության աջակցությունը ստանում ենք ու տան վարձ ենք տալիս։ Աջակցության կարիք ունենք։ Պետության տվածով ենք գոյատևում»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest