Սեպտեմբերի 21-ին լրացավ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին ցուցադրաբար բռնության ենթարկելու մեկ տարին։ Մայրերը, կարմիր և սև բերետավորներկի կողմից բռնության էին ենթարկվում իրենց 18, 19, 20 տարեկան տղաների շիրիմների մոտ։ 2022 թվականին Անկախության օրը ծնողները գնացել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց տղաների շիրիմներին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, եկավ ու իր ճանապարհը բացելու համար ոստիկանները սևազգեստ մայրերի ձեռքերից ու ոտքերից, մեղմ ասած, քարշ տալով հեռացրեցին։

Մեկ տարի անց՝ Անկախության օրվա առթիվ,  Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չեկան «Եռաբլուր»։ Այնտեղ էին զոհվածների մայրերը, որոնք բռնության էին ենթարկվել։ Այս պատկերը խոսում է այն մասին, թե առավել ում է հոգեհարազատ Եռաբլուրը։

Forrights.am-ը զոհվածների մայրերից հետաքրքրվեց, թե ինչպես են մեկնաբանում այն, որ ուղիղ մեկ տարի անց իրենց բռնության ենթարկած ոստիկաններից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Ինչպես կպատժվեն նրանք, երբ ծառայում են դավաճան իշխանություններին։ Չգիտեմ՝ արդարություն կլինի՞, տեսանելի չէ, տա Աստված։ Ինձ համար հաճելի չէ, որ ասեմ, թե ինձ հետ ինչպես են վարվել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Դավթյանը, ում որդին այդ ժամանակ անհետ կորածների ցուցակում էր, իսկ իրեն՝ չորս կարմիրբերետավորներ, բռնել էին ոտքերից ու ձեռքբերի և տարել դրել էին ասֆալտին։

«Հարցաքննության ժամանակ ոստիկաններից մեկն ասաց, որ ես սյուների մոտ պառկած եմ եղել, իրենք ինձ ուղակի տեղափոխել են ներքև։ Նա ինձ զրպարտեց, ուրեմն իրեն թևավորում են, որ նա նման բան արեց»,-ասաց Գոհար Դավթյանը։

Բռնության ենթարկված մեկ այլ մայր՝ տիկին Գայանեն Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար դեռ սկզբից էր պարզ, որ այս գործով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվելու։ «Եթե իշխանությունները որևէ ոստիկանի, կարմիրբերետավորի պատժեն, թեկուզ վարչական տուժի ենթարկեն, դա պատճառ կլինի, որ իրենց չծառայեն։ Դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու։ Դրա համար ապրիլին իմացանք, որ գործը կարճվել է»,-ասաց զոհվածի մայրը՝ նշելով, որ ինքը պարզապես նստած է եղել, գործողության չի մասնակցել, բայց իրենն, իր խոսքով, քարշ տալով տարել են։

«Առերեսման ժամանակ կարմիրբերետավորը հպարտությամբ նայեց աչքերիս մեջ, որտեղ ափսոսանքի որևէ նշույլ չկար։ Վերջում էլ ասաց՝ իմ ուժը տեսել եք, թե ինչ եմ անում մյուս միտինգների ժամանակ, հաջորդ անգամ ձեր կարգավիճակը հաշվի չենք առնի»,-պատմեց տիկին Գայանեն։

Ասղտ Գալեյանը, որը նույնպես բռնության ենթարկված մայրերի թվում է ասում է, եթե ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն այլևս չեն կատարի իշխանության հրահանգները․ «Նրանք իշխանությունների պաշտպաններն են, ժողովրդինը չեն։ Ոստիկանը ժողովրդին պաշտպանելու համար է, իսկ նրանք պաշտպանում են իշխանությանը, դրա համար էլ չեն դատվում»,-ասաց նա։

Աստղ Գալեյանն առավել ցավալի է համարում այն, որ ՀՀ Անկախության օրը զինաթափվում է Արցախի բանակը, նրա ցավն աննկարագրելի է, որդին այդ հողի համար է զոհվել։ «Իմ, բոլորիս տղաները զոհվել են այնտեղ։ Այդ հողից մեր տղաների արյան հտն է գալիս։ Փաստորեն մենք երկրորդ անգամ կորցրեցինք մեր տղաներին, վատ եմ զգում, ամաչում եմ, որ չկարողացանք Արցախի վերջին փոքր մասը պահել»,-ասաց նա։

Ի դեպ, այսօր մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել «Եռաբլուր»-ում։ Զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տվել պանթեոն մտնել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին։

«Եռաբլուր» պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest