«Ամիս 20-ին կապ տվեցին, որ Ղարաբաղը չկա»,-սեպտեմբերի 19-ի պատերազմը հիշելով Forrights.am-ի հետ զրույցում ասում է հրետանավոր Դավիթ Գևորգյանը։

Արցախի ՊԲ 19-ամյա զինծառայողը նշում է՝ այդ հրամանից առաջ ոչինչ չէին խնայում Արցախի համար պայքարում։ «Թշնամին կրակում էր, բայց չէր ձգում, դրանից հետո նոր ԱԹՍ-ները հանեցին։ Բոմբը գցեցին մեր մեջ»,-ասում է հրետանավոր Գևորգը, որը զենքերը հանձնելուց հետո սկսել է փնտրել պայմանագրային զինծառայող հորը՝ Սասուն Գևորգյանին։

Հայրը ծառայում էր Մարտակերտի դիրքերում։ «Կռիվը սկսելուց մեկ օր առաջ էր դիրքերից իջել, որ սկսվեց էլի բարձրացավ։ Ամսի 19-ին զանգեցի մամային, հարցրեցի պապան զանգել է՝ ասաց, հա։ Դա եղել է վերջին խոսակցությունը։ Պոստերից, որ իջա զանգեցի իրենց կամբատին, ասաց, որ զոհվել է»,-պատմեց որդին՝ նշելով, որ հայրն էլ իրեն է փորձել գտնել։

«Զորքը, որ ցրել են, ուզեցել է գա իմ մոտ, բայց չի իմացել, որ թշնամին Ղազախալի կոչվող տարածքը փակել են։ Չորս հոգով են լինում, այդտեղ բոյ են տալիս, պապային ու մի հոգու սնայպերով խփում են, մեկն էլ վիրավորվում է»։

Դավիթը պատմում է, որ հայրը վիրավորվել և ընկել է տարածքում հոսող գետակի մեջ և հինգ օր մնացել է ջրի մեջ։ Տղան պատմում է, որ մինչ այդ էլ թշնամին շտապ օգնության մեքենան են պայթեցրել, հայրը հրաշքով է փրկվել։

Հայր ու որդի միշտ դիրքերում են եղել, միմյանց գրեթե չեն տեսել, քանի որ հերթափոխը եղել է այնպիսին, որ Սասունն իջել է Դավիթն է բարձրացել և հակառակը։ «Երկու ամիս պապային չեմ տեսել, ես հելնում էի՝ ինքն էր իջնում, ինքն իջնում էր, ես էի հելնում։ Մեր դիրքերի հեռավորությունը 27 կմ էր»։

Դավիթն ասում է՝ հայրը 44-օրյա պատերազմից հետո է որոշել պայմանագրային զինծառայության անցել, մինչ այդ զբաղվում էր շինարարությամբ, սակայն, պատերազմին կամավոր մասնակցել է։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին բարձրացել է պոստեր։ Մարտակերտի, Եղնիկների և Շուշիի դիրքերում է եղել, որտեղ էլ հորքուրիս ամուսինը զոհվում է։ Մենք Հայաստանում էինք, երբ հետ գնացինք, պապան ասաց, որ որոշել է պայմանագրային զինծառայության անցնել»։

Մինչ այս Սասուն Գրիգորյանի մասին ընտանիքը տեղեկություն չի ունեցել, որոշել են Արցախից չհեռանալ, քանի դեռ նրան չեն գտել։ «Մաման չէր ուզում գար, պապայից նորություն չկար։ Հորքուրս էլ չէր ուզում դուրս գար, ես էլ չէի կարողանում ասել, որ պապան զոհվել է, ստիպված ասածի, որ երկու ժամից ճանապարհները փակելու են»,-ասաց Դավիթը։

Սաթենիկ Աբրահամյանը՝ Սասուն Գրիգորյանի կինը, Հայաստան հասնելուց հետո է իմացել, որ ամուսինը զոհվել է։

«Ես Գորիսում եմ լսել, որ ամուսինս զոհվել է, մինչև այդ ինձ ոչ մի բան չեն ասել։ Ես հույսով էի, որ ամուսինս կգա։ Գորիսում, որ ասացին ամուսինս չկա, չգիտեի, թե ինչ անեմ, ոչ առաջ էի կարողանում գնալ, ոչ՝ հետ։ Վերջին անգամ ամուսնուս հետ սեպտեմբերի 19-ին խոսեցի՝ կռվից առաջ, դրանից հետո կապ չկար»,-ասաց նա։

Սասուն Գրիգորյանին տեղափոխել են Հայաստան և հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Ամիսը մեկ անգամ գնում եմ Եռաբլուր։ Իր կարիքը շատ ենք զգում ես և երեխաները, շատ ցավալի է»,-ասում է տիկին Սաթենիկը և նշում՝ ամուսնու կորստյան անդառնալի ցավը չեն կարողանում հաղթահարել։

Տիկին Սաթենիկը և երեք երեխաներն ապրում են սոցիալապես ծանր պայամններում։

«Տուն չունենք, գումարի կարիք ունենք։ Պետությունն աջակցություն է տալիս, բայց չի բավարարում։ 120 հազար դրամ տան վարձ եմ տալիս, 50 հազար գազի վարձն է,  50 հազար՝ լույսի։ Էլ գումարը չի հերիքում, որ երեխաների հոգսը քաշեմ»,-ասում է նա։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest