Արցախցի Հայասեր Պետրոսյանը մեկ տարի առաջ Ստեփանակերտում ավտովթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով 36-ամյա տղամարդը հաշմանդամություն է ձեռք բերել։ Բռնի տեղահանվել ու բնակվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Հիմա քաշքշուկների մեջ է հայտնվել, չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ՝ օգտվել ՀՀ կառավարության սահմանած արտանություններից։

«Մինչև հիմա հաշմանդամության կարգ չունեմ։ Ծննդականի հետ կապված խնդիրներ ունի, դա փոխեցի, հետո ծնողներից զագսի վկայակականում տառասխալ գտան։ Հորս անունը մի տեղ «Ր»-ով է գրված, մի տեղ՝ «Ռ»-ով։ Այս տառի համար ասում են մի քանի ամիս պետք է սպասես, որ նորը լինի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա։

Հայասերն ամուսնացած է, երեք անչափահաս երեխա ունի։ Վարձով է ապրում, սոցիալական խնդիրներ ունի։ «Վարձը 120 հազար դրամ էր, ասացին կոմունալները շատ է, շատ խնդրեցինք դարձրեց 100 հազար դրամ։ Տանը պայմաններ չկան, մենք ենք սարքել, խոնավ տուն է։ Լույս չկար, կրանտ չկար, հարևանությունը նորմալ մարդիկ են, օգնեցին»։

Հայասերի ընտանիքը ութ հոգուց է բաղկացած․ ինքը, կինը, երեք երեխաները, ծնողները, եղբայրը։ Ընտանիքում բոլորը գործազուրկ են։ «Այստեղ աշխատանք չկա։ Ամեն տեղ դիմել ենք։ Կինս մանկավարժ է, դպրոցում է դիմել, մանկապարտեզում, բայց ասացին տեղ չկա։ Հայրս թոշակառու է, սիրում է այգում աշխատել, բայց այստեղ պայմանները թույլ չեն տալիս»,-ասում է 2, 5, 8 տարեկան երեխաների հայրը, որ չգիտի, թե ինչպես սայլակին նստած երեխաների կարիքները հոգալ։

Հայաստանի կառավարությունից Արցախից բռնի տեղահնված արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունից էլ ամբողջությամբ չեն կարողանում օգտվել։ Հայասերի փոխանցմաբ՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված գումարները ինքը, կինը և երեխաները չեն ստացել, ընտանիքի մյուս անդամները ստացել են։

Հայասերը դեռ առողջական խնդիրներն ամբողջությամբ չի հաղթահարել։ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ստացել է բուժում, որը տվել է դրական արդյունքներ, սակայն լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է ողնուղեղի վիրահատություն, որի արժեքը կազմում է 172.000 եվրո։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest