Երևանի քաղաքապետարանը չի հիմնավորում, թե ինչու թույլ չի տալիս Աջափնյակ վարչական շրջանի Գեւորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի հարակից տարածքում տեղադրել 44-օրյա պատերազմի ժամանակ «Յաշմա» ջոկատի հետ կռիվ տված Խաչատուր Միքայելյանի հիշատակի խաչքարը։

Այս մասին մեկ ամիս առաջ Forrights.am-ին ահազանգել էր Խաչատուրի հայրը՝ Առնակ Միքայելյանը։ Նա նշել էր, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս 10 քմ-ից էլ փոքր տարածքում որդու հիշատակը հավերժացնող խաչքարը։ Այն շուրջ մեկ տարի է՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված գտնվում է շենքի նկուղում։ Նշենք, որ Առնակ Միքայելյանի նշած տարածք գտնվում է բնակելի շենքից բավականին հեռավորության վրա։

Forrights.am-ը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետարանից։ Կառույցից, սակայն, որևէ հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու թույլ չեն տալիս պատերազմի մասնակցի հիշատակը հավերժացնող խաչքարը տեղադրել այդ տարածքում։ Քաղաքապետարանից միայն փոխանցել են, որ իրենց համար անընդունելի է խաչքարի տեսքը։

«Առաջարկվող տարածքում ներկայացված լուծումներով՝ մասնավորապես շեշտադրված պատվանդանով  և պարփակող ծավալներով խաչքարի էսքիզային առաջարկը գտնում ենք անընդունելի, քանի որ այն չի համադրվի ձեւավորված միջավայրին: Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խաչքարի տեղադրման նպատակով այլ տարածք եւ էսքիզային առաջարկ ներկայացնելու պարագայում պատրաստակամ ենք քննարկել»,-պարզաբանել են Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քաղաքապետարանն ամեն կերպ խուսափել է տարածքի վերաբերյալ առարկություններ ունենալու դիտարկումը հիմնավորել։ Նշենք, որ Առնակ Միքայելյանը տարածքի հետ կապված Forrights.am-ին հայտնել էր, թե տեղեկություններ ունի, որ այն այլ քաղաքացու են տալու, նա նշել էր նաև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Չնայած՝ Երևանի քաղաքապետարանի հրաժարումներին, Forrights.am-ն, այնուհանդերձ, լրացուցիչ հարցմամբ պարզաբանումներ կպահանջի տարածքի վերաբերյալ քաղաքապետարանի դեմ արտահայտվելու վերաբերյալ։ Ի դեպ, նշենք, որ Առնակ Միքայելյանը դեմ չէ խաչքարի տեսքն՝ ըստ քաղաքապետարանի առաջարկների փոփոխության ենթարկել, ավելին նա արդեն իսկ կատարել է այդ փոփոխությունները։

Մինչ Երևանի քաղաքապետարանը մերժում է զոհվածի հորը 10 քմ տարածք տրամադրելու խնդրանքը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ածխատակազմից Forrighst.am-ին հայտնում են, որ տարածքի վերաբերյալ առարկություններ չունեն։ Այս կառույցից նշում են, որ տարածքը համայնքապատկան է։

Նշենք, որ Խաչատուր Միքայելյանը զինվորական ծառայության է անցել Հադրութում։ Պատերազմի առաջին օրը  տեղափոխվել է Ֆիզուլի`պատերազմի ամենաթեժ կետը: Համածառայակիցների հետ կռվել է թշնամու «Յաշմա» ջոկատի դեմ։ Պատերազմի առաջին օրերին Խաչատուրն ուսից վիրավորում է ստացել, առաջարկել են տեղափոխվել զինվորական հոսպիտակ, սակայն, մերժել է, նշել է, որ չի ցանկանում պատերազմի դաշտում ընկերներներին միայնակ թողնել։

Խաչատուրի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին: Դրանից հետո ծնողները նրան փնտրել են ամենուր․ Առնակ Միքայելյանին որդու անունը հանդիպել են վիրավորների, գերեվարվածների պաշտոնապես հրապարակված ցուցակներում, սակայն, ի վերջո, տղային գտել է Գորիսի դիահերձարանում։

Խաչատուր Միքայելյանը իր սխրանքի համար ԱՀ նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest