Բանակի օրը ծնված Արտակը կյանքը չի խնայել հայրենիքի համար։ 44-օրյա պատերազմի մասնակից Արտակ Գրիգորյանը հունվարի 28-ին դարձավ 21 տարեկան։ Արդեն երեք տարի է՝ ընտանիքն Արտակի ծնդյան օրը նշում է առանց նրա։

«Միշտ ասում էի՝ ե՞րբ է գալու ամսի 28-ը, որ ծնունդդ անեմ, հիմա չեմ ուզում, որովհետև մրմռում եմ, բալես»,-որդու շիրիմի մոտ ասում է մայրը։

Արտակը 2 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Այս հանգամանքը հաշվի չառնելով նրան Մեղրիից տեղափոխել են Իշխանաձոր, հետո Ջրական։

«21 օր կռվել է։ Անընդհատ կռվի մեջ է եղել, բայց շատ էր զանգում, կապված էր մեզ հետ։ Հարցնում էր՝ ի՞նչ են ասում, ե՞րբ է ավարտվելու։ 18 տարեկան զինվորին տարել էին ամենաթեժ վայրը»,-ասաց մայրը՝ Մարգարիտա Գալստյանը։

Արտակը պատերազմել է մինչև հոկտեմբերի 18-ը։ Մարտի դաշտից ինքն է ընտանիքին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Հոկտեմբերի 15-ից զգացի, որ տրամադրությունն ընկած էր։ Ասաց՝ մամ, հույս չունեմ, որ այստեղից դուրս կգամ, հույս չկա։ Ես իրեն հույս էի տալիս, ասում էի՝ ասա, որ անպայման գալու ես, մենք քեզ սպասում ենք, քո կյանքը շատ թանկ է մեզ համար։ Խոսք չտվեց, ոչ մի բան չասաց։ Միայն ասաց՝ այդ օրը կգա՞, որ ես տուն գամ»,-պատմեց մայրը։

Արտակը զոհվել է հոկտեմբերի 18-ին։ Մայրը դեպքից 10 րոպե առաջ է խոսել որդու հետ։ Մարգարիտա Գալստյանի խոսքով՝ որդին հրամանատարի սխալ հրամանի զոհ է դարձել զինակից ընկերների հետ։ Արտակը հրետանավոր էր, ընկերների հետ թիրախավորվել էր թշնամու կողմից, քանի որ լուրջ վնասներ էին հասցնում։ Թշնամու ԱԹՍ-ն մի քանի անգամ հարվածել է Արտակի մեքենային, սակայն, նրան հաջողվել է փրկվել։ Հերթական թիրախավորումից հետո հրամանատարը զինվորներին հրամայել է նստել ավտոմեքենան՝ հաշվի չառնելով, որ զինվորները կարճ ժամանակ առաջ փրկվել էին, քանի որ հարվածը մեքենայից շեղվել էր։

«Իմ որդին սխալ մարտավարության զոհ դարձավ։ Այդ աֆիցերը կանչում, նստեցնում է ուրիշ մեքենայի մեջ, էս անգամ էլ չեն փրկվում, բայց 3 անգամ փրկվել է։ Իրենց աֆիցերը իր գործից անտեղյակ է եղել։ Եթե առաջին անգամ դեպքը եղել է էլ չպետք է նստեցներ ավտոմեքենա։ Նստում են, 10-15 րոպե շարժվում են ու խփում է մեքենային»,-ասաց մայրը։

Երբ Արտակը մի քանի ժամ տուն չի զանգում ծնողները կապ են հաստատում Մեղրիի զորամասի հետ, որտեղից հայտնում են, որ իրենց որդին զոհվել է։ Մարգարիտա Գալստյանի խոսքով՝ իրենք դիմել են ՔԿ, որպեսզի պարզեն իրենց որդու մահվան հանգամանքերը, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը երկու տարի է՝ գործը ձգձգում է, արդեն չորս քննիչ է փոխվել։

Արտակին դին, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում՝ բանակցությունների միջոցով, հայրն է գտել ու տեղափոխել Հայաստան։ Արտակը հուղարկավորված է ծննդավայր Դողս գյուղում։

Արտակի ծննդյան օրն ընտանիքի անդամներն ու ընկերները այցելել են նրա շիրիմին և հարգանքի տուրք մատուցել։ Հայրենիքին մատուցած ծառայութունների համար Արտակը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

«Հորը կանչել են գյուղապետարան, տվել են։ Տուն չեն եկել, ոչ մեկ չի եկել, երկու տարի է չեն հարցնում՝ այս ծանր հոգեբանական վիճակով ոնց եք ապրում։ Իրենց պետք էր միայն առողջ տղա, որ տանեին գլուխն ուտեին, այրեին, բերեին տային ձեռքս։ Փակ բերեցին, չտեսա՝ ինչ բերեցին տվեցին ինձ»,-ասաց մայրը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

 

Pin It on Pinterest