«Չարաբաստիկ պատերազմը չթողեց իմ տղան ապրեր։ 18 տարի պահես, մեծացնես, ուղարկես բանակ ու չվերադառնա, իմ տղան չի վերադառնա։ Մտածում եմ՝ խելագարվում եմ, որ իմ տղան չի վերադառնալու, դաժան ցավ է, շատ»,- մայրը մեծ դժվարությամբ է անցյալ ժամանակով խոսում սեպտեմբերի 14-ին Իշխանասարում թշնամու դեմ պատերազմելիս զոհված տղայի մասին։

Ժամկետային զինծառայող Դավիթ Ներսիսյանի մոր և ընտանիքի մյուս անդամների համար անհավատալի է այն իրականությունը, որ իրենց ավագ որդին այլևս չի վերադառնալու։ Ընտանիքում հիշում են՝ Դավիթն ապագայի հետ մեծ հույսեր էր կապում, բազմաթիվ նպատակներ ուներ։ Դավիթը վերջին անգամ սեպտեմբերի 12-ին է խոսել մոր՝ տիկին Քրիստինեի հետ։ Խոստացել է ծննդյան օրը գալ և ընտանիքի հետ նշել։

«Հոկտեմբերի 15  ծննդյան օրն էր, ուզում էր գար տուն՝ ծնունդը նշեր, չհասցրեց տղես, շատ դաժան, սարսափելի ցավ էր, ոչ մեկս չենք համակերպվում այդ մտքի հետ։ Չարաբաստիկ պատերազմը չթողեց իմ տղան ապրեր։ Երկու օրվա պատերազմն իմ տղային տարավ»,-ասում է մայրը։  Նա նստած է տան այն անկյունում, որը հատկացրել են Դավիթի լուսանկարներին և իրերին։ Լուսանկարներում Դավիթը 18 տարեկան է, այդպես էլ իրականություն չի դառնա 19-ամյակն ընտանիքի հետ նշելու ցանկությունը, Դավիթը հավերժ կմնան 18 տարեկան։

Կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանը զոհվել է Իշխանասարի դիրքերում՝ սեպտեմբերի 14-ին՝ ԱԹՍ-ների հարվածից։ Դեպքից կարճ ժամանակ առաջ Դավիթը հեռախոսազրույց է ունեցել հայրիկի հետ։ Տղայի զոհվելու մասին ընտանիքին հաջորդ օրն են հայտնել։

«Սարսափելի լուրը սեպտեմբերի 15-ին ենք իմացել, շատ ծանր տարանք»,-ասում է մայրը։ Դավիթի կորստյան վիշտն անդառնալի է, բայց ծնողներին ողջ մնացած միակ ծառայակիցի միջոցով հասել են այն տեղեկությունները, թե Դավիթն ու ընկերներն ինչ հերոսությամբ ենք շուրջ երկու օր պայքարել թշնամու ԱԹՍ-ների դեմ։

«Տղայիս դիրքերում չորս զինվոր են եղել և հրամանատարը, ակտիվ կրակել են, աչքի են ընկել իրենց մարտական գործողություններով, ԱԹՍ-ն թիրախավորել է։ Մի անգամից զոհվել է․․․Դավիթս իմ մեծ տղան է»,-պատմեց մայրը։

Դավիթի ու ընկերների սխրագործությունը փրկել է նաև այլ դիրքերի զինվորների։ Նրանք պատերազմից հետո Դավիթի հարազատներին անձամբ են պատմելու նրա քաջագործության մասին։ Հարզատները նշեցին՝ Դավիթն ու զինակիցներն այնքան արդյունավետ են մասնակցել մարտական գործողություններին, որ իրենց դիրքից դեպի առաջնագիծ հատվածում երկու դիրքերի զինվորներ կարողացել են զերծ մնալ գերության մեջ հայտնվելուց

Այուհանդերձ, Դավիթի հարազատներին հուզում է այն հարցը, թե ինչու է մարտը հրամանատարական կազմի կողմից անարդյունավետ վարվել։ «Շատ ուժեղ բոյ են տվել, մեկ օր ու կես նույն տեղից են կրակել։ Թշնամին ցելի տակ է վերցրել։  Հրամանատարը պետք է իրենց տեղը փոխեր, քանի որ իրենք շատ են խփել թշնամուն, թշնամուն շատ են վնաս տվել։ Իրավունք ունե՞ր մի պուշկեն ցելի մեկ օր նույն տեղից խփելու, ինձ թվում է՝ չուներ։ Իրենք կարող էին այնպես անել, որ նույն տեղը չմնային»,-ասում են Դավիթի հարազատները՝ նշելով, որ եթե զինվորներին նույն դիրքում չթողնեին, հնաարվոր է, որ թշնամին չկարողանար նրանց թիրախավորել։

Պաշտպանության նախարարությունից Ներսիսյաններին որևէ մեկը չի այցելել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

Pin It on Pinterest