Քարերին անուններ են, իսկ պատերին՝ լուսանկարներ․ Արցախի երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրն այս տեսքն ունի։ Տարիների ընթացքում քարերին գրված անունների թիվը հասել է 7500-ի, իսկ պատերի լուսանկարներում 18, 19, 20 և այլ տարիքի տղաներ են, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի։ Հուշահամալիրը ստացել է «X Զորամաս» անունը՝ բոլոր զինվորների զորամասն է, ասում է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը։ Նա է հիմնադիրն այս վայրի, որտեղ հաճախակի հավաքվում են անմահացած տղաների ծնողները ու հարգանքի տուրք մատուցում իրենց որդիների հիշատակին։

«X զորամասը» կահավորված է ինչպես խրամատը, բոլոր պարագաները բերվել են մարտի դաշտից։

Աղաբեկ Խաչատրյանը հերթով ցույց է տալիս, թե տարածքում ինչեր կան․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու տանիքից բերված թիթեղյա մի կտոր՝ վրան գրված «վերջին վերքերից մի մորմոք», կողքին շարված են թշնամու զինանոցի խոցված գրադի, մինամյոտի, բայրաքթարի, կասետային զենքերի մասնունքերը, որոնք հայ զինվորներն են ոչնչացրել։

2010 թվականից է գործում այս հուշահամալիրը, իսկ 44-օրյա պատերազմից երեք տարի անց կանգնել է ոչնչացման վտանգի առաջ։ Աղաբեկ Խաչատրյանն ասում է՝ տարածքի տերը պահանջում է դուրս գալ այնտեղից։

«2020 թվականին մի մարդ եկավ ու ասեց, որ այս տարածքը իրենցն է, դուրս պետք է գաս։ Ես ճշտեցի, որ իրենք 14 հազար քմ հողատարածք ունեն այտեղ, բայց չէ՞ որ այս տղաները զոհվել են մեկ մետր հողի համար, այս մարդն ասում է՝ դուրս արեք, ես պետք է վաճառեմ։ Ինքն Ամերիկայում բնակվող մարդ է, այստեղ չի եկել։ Արմեն (հողատարածքի սեփականատերն է), մի անգամ արի այստեղ մոմ վառի, ասա՝ այստեղ 14 հազար քմ հող ունեմ, էս 300 մետրն էլ թող մնա այս տղեքի համար՝ թանգարան։ Ի՞նչ պետք է ասի այդ մարդն այս տղաներին, մենք իրենց կյանք ենք պարտք, մենք ապրում ենք իրենց շնորհիվ»,-ասաց Աղաբեկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սեփականատիրոջ ընկերության գործադիր տնօրենն առաջարկել է զոհված տղաների լուսանկարները, պատերազմի դաշտից բերված զինատեսակների մասունքերը և այլ նմուշներ տեղափոխել այլ վայր։

Պատերազմում անմահացած տղաների համար կառուցված հուշահամալիրը տեղափոխելու տեղեկությունները հաստատում է նաև հողամասի սեփականատիրոջ՝ Արմենի ընկերը՝ Մելիքը։ Նա Forrighst.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշել են նոր տարածք գնել և տղաների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը տեղափոխել այլ վայր։

Ոչինչ չի քանդվելու, պետք է տեղափոխվի ուրիշ հողամասի վրա, սիրուն կառուցապատվի։ Խարբերդ ենք տեղափոխելու, Աղաբեկ Խաչատրյանի հետ համաձայնության ենք եկել, հիմա հողի տիրոջն ենք սպասում, որ թղթաբանությունն անենք»,-ասաց նա և պատասխանելով հարցին, թե տարածքն ինչ նպատակով են ցանկանում ծառայեցնել, նշեց․ «Այդ տարածում դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու, երևի բնակելի շենք է լինելու»։

Զոհված զինծառայողների ծնողները, սակայն, համամիտ չեն, հուշահամալիրը տեղափոխելու հետ, նրանք այս տարածքը սրբավայր են համարում։

44-օրյա պատերազմում զոհված սահմանապահ զորքերի զինծառայող Գրիգոր Հակոբյանի հայրը՝ Համլետ Հակոբյանն ասաց․   «Բացառում ենք քանդելն ու տեղափոխելը։ Գալիս են, հազմոզում են, այլ տեղ են առաջարկում։ Սպառնալիքներ էլ կային, բայց հետո խելոքացան։ Խելքին մոտիկ չէ, որ գան քանդեն։ Սա կար ու գոյություն ուներ, ո՞ր դատավորն է նման որոշում կայացրել»։

Ինչպես կարելի է այս փոքր հողատարածքը տանել հայրենիքի համար կյանքը տված տղաներից, վշտացած հարցում է զոհված Աբրահամ Մարուխյանի հայրը՝ Տիգրան Մարուխյանը։ «Այս վայրը մեր տղաների անուններով կոչված վայր է, սա մի տեղ է զոհվածների հարազատները գալիս են իրենց որդիների հիշատակը հարգելու, միմյանց ճանաչելու։ Մի՞թե մարդիկ իրենց խղիճն ու գիտակցությունը կորցրել են, որ մի թիզ հողը հազարավոր տղաների համար ափսոսում են, որ մնա թանգարան»։

Անմահացած Էդգար Բաղումյանի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը հուշահամալիրն ապամոնտաժելը վիրավորական է համարում։  «Ափսոսում եմ մեր տղաների թանգ կյանքը, որ գնացին էս անհայրենիքների համար։ Պայքարում ենք մի փոքր բաց թանգարանի համար։ Վերացնում են այն, ինչը կա, բայց ինչի համար։ Եթե իրենք տղաների նկարները հանեն՝ ի՞նչ է ավելանալու, բիզնե՞ս, էլ ի՞նչ ասենք։ Թողեն մի փոքր մասունք մնա։ Սա արհամարանք է մեր տղաների թափված արյանը»։

Հողամասի սեփականատիրոջ ընկերը՝ Մելիքը, այս առնչությամբ նշում է․ «Մենք էլ ենք ծնող, մեր երեխաներն էլ են կռվել, մեր երեխաներից էլ ունենք զոհեր, ապօրինի եկել կառուցել են, հիմա պետք է այդ հարցը քաղաքակիրթ լուծենք, չենք քանդում, չենք ավիրում, նույնությամբ տանելու ենք տեղադրենք մեր գնած հողամասում, որ մեզանից ոչ ոք չնեղանա»։

Շաբաթ օրը ծնողները հավաքվել էին հուշահամալիրի տարածքում, ռուսաստանաբնակ հայ ընտանիքներից մեկը զոհվածների հիշատակին որոշել էր հուշաքար կանգնեցնել, Աղաբեկ Խաչատրյանը հայտարարեց՝ ԴԱՀԿ-ից ծանուցումներ են գալիս հարկադրաբար տարածքից դուրս հանելու վերաբերյալ, սա գուցե, վերջին միջոցառումը լինի։  «Հայ մարդ կա, որն ուզում է սա քանդի։ Սա երևի վերջին միջոցառումն է այստեղ։ Երեք տարի ես դատարաններում եմ, ինձ դատի են տվել, թե ինչու եմ սա սարքել։ Ամերիկայից հրահանգ են տվել, որ սա քանդեն, իրեն տվեք հարցերը»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Մանրմասները՝ տեսանյութում։

 

 

Pin It on Pinterest