«Սաղ գիշեր չքնեցի, մի պահ աչքս կպավ, երազիս հայրիկիս տեսա, ասում էր՝ հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, բայց մեզնից մեկը չի գա։ Հետո ուժեղ պայթյուններից արթնացա, դիրքերը մեր մոտից երևում էր, մտածում էի՝ կամ ամուսնուս, կամ պապայիս դիրքերից էին այդ ձայները»,-սեպտեմբերի 19-ի մասին խոսելիս Forrights.am-ի հետ զրույցում հիշում է Լիլիթը։

Նա 20 տարեկան է, հայրը՝ Վիտալի Աբաղյանն Արցախի բանակում ծառայել է գրեթե իր տարիքի չափ՝ 18 տարի։ Լիլիթի ամուսինը վերադարձավ, իսկ հայրը՝ ոչ, սեպտեմբերի 20-ին՝ հրադադարից շուրջ կես ժամ առաջ զոհվեց «Լուսնյակ» կոչվող տեղանքում։

Աբաղյանները բնակվում էին Ճարտար քաղաքում։ Տարիներ առաջ տեղափոխվել էին Հադրութի Հին թաղեր գյուղից։ Ընտանիքում պայմանագրային զինծառայող Վիտալի Աբաղյանին գրեթե չէին տեսնում՝ մշտապես դիրքերում էր, զինվորի կողքին։ Սեպտեմբերի 19-ին էլ մի քանի րոպեով էր տուն եկել՝ սնունդ տանելու համար։

Լիլիթը հայրիկի հետ վերջին անգամ սեպտեմբերի 19-ին է հեռախոսով խոսել՝ մինչ մարտական գործողությունների մեկնարկը, բայց, երբ նա մի քանի րոպեով տուն է եկել, չի հասցրել տեսնել։ «Պատերազմը, որ սկսվեց, ո՛չ ես, ո՛չ եղբայրներս չհասցրեցինք իրեն տեսնել։ Դրանից հետո չկարողացանք խոսել։ Իմացանք, որ իր դիրքում ուժեղ կռիվ է եղել, հայրս ընկերոջ՝ Սամվելի հետ զոհվել է»,-ասաց դուստրը։

Վիտալին 42  տարեկան էր, վերջին 18 տարին մշտապես դիրքերում էր անցկացնում։

«14 օրով, որ պետք է տուն գար, չէր գալիս, զինվորների համար փայտ էր հավաքում։ 14 օր, որ պետք է տանը մնար, դիրքերում է եղել, այդ օրը հինգ րոպեով եկավ, հացը վերցրեց ու գնաց։ Սեպտեմբերի 19-ին էլ մի քանի րոպե էր եկել զանգեցին ու այդ պահին կրակոցների ձայները լսեցինք։ Ամուսինս էլ տուն չմտավ, գնաց դիրքեր, ես էլ գնացի, որ դպրոցից երեխաներիս բերեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է կինը՝ Նունե Խոսրովյանը։

Դիրքեր գնալուց հետո կինը մեկ անգամ է խոսել ամուսնու հետ։ «Ասաց՝ երեխաներին վերցրու գնա նկուղ, դրանից հետո էլ զանգ չեկավ։ Ամբողջ գիշեր նկուղում մնացինք, նստած լուսացրեցինք։ Գոռս ասում էր՝ գնում եմ զենք վերցնեմ, պապայիս նման ես էլ կռիվ գնամ։ Գնաց զինվորական շորերը հագավ, զենքը ձեռքին եկավ մանկապարտեզի դիմաց կանգնեց, ասաց՝ ես էլ եմ կռիվ գնում։ Գոռս 15 տարեկան էր»։

Լիլիթն այդպես էլ նկուղ չէր մտել․ դիրքերում գտնվող ամուսնուց ու հորից փորձել է ամեն կերպ տեղեկություն ստանալ։ «Ես չէի գնացել ապաստարան, մտածում էի, որ շուտ վերջանալու է, բայց երեկոյան շատ ուժեղ պայթյուններ լսեցինք, դուրս եկանք տեսանք, որ մեր տանը շատ մոտ երեք գրադ է ընկել, հարևանն էլ վիրավորվել է։ Գնացինքն ապաստարան, բայց ես ներս չմտա, դրսում նստած էի, մտածում էի՝ հայրիկիցս, ամուսնուցս, հորեղբայրներիսց ո՞նց լուր ունենամ, բոլորը դիրքերում էին»։

Տիկին Նունեին ամուսնու վիրավոր լինելու մասին դիրքերից Ճարտար հաց տանելու եկած մի զինվորական է ասել։ «Ճարտարի փուռում մի գազել կար, մի հինգ լիտր բենզին ենք ճարում, լցնում ու գնում Մարտունու հիվանդանոց, գնում եմ տեսնում, որ ամուսինս զոհված է։ Մինչև վերջ կռիվ են տվել, իսկ շատերը թաքնվել են, շատերին եմ ես տեսել թաքնված։ Նայում էի իրենց ու ասում՝ ո՞վ պետք է գնա ձեր ընտանիքների և երեխաների համար կռիվ տա»։

Վիտալի Աբաղյանին վերջին հրաժեշտն ու հուղարկավորությունը եղել է այնպես, ինչպես այդ օրերին Ճարտարում զոհված մյուս տղաներինը՝ գիշերով, անձայն, որ թշնամին չնկատի կուտակումներն ու ԱԹՍ-ներով չհարվածի։ «Ամուսնուս տուն էլ չբերեցինք, գիշերը բերեցինք ու միանգամից հուղարկավորեցինք։ Չթողեցին, որ ցերեկը բերեինք, վախեցան, որ կկրակեն»,-ասաց կինը։

Լիլիթն ասում է՝ հայրը իրենց ժպիտով է հրաժեշտ տվել, երբ մի պահ դին բացելու հնարավորություն է եղել, դուստրը նկատել է՝ հոր մշտական ժպիտը դեմքին է։ «Հայրս 44-օրյա պատերազմին էլ է ուժեղ կռիվ արել, նույնիկս թշնամու տանկն էր վերցրել զինակից ընկերների հետ, բավականին կարևոր տեղեկություններ էին եղել։ Ուրիշին դրա համար պարգևներ տվեցին, իսկ իմ հայրիկին՝ ոչ մի բան։ Վիրավորներին պայթյունների միջով՝ վազելով տեղափոխել է, մինչև շտապօգնության մեքենան կգար։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք էլ կորուստ ունեցանք, հորաքրոջս տղան զոհվեց, իր դին չէինք գտնում, հայրս որպես կամավոր Կարմիր Խաչի հետ գնաց, Հադրութում գտավ։ Միայն հայրս 130 դի է դուրս բերել։ Կյանքը նվիրել էր հայոց բանակին, մենք իրեն չէինք տեսնում, ասում էր՝ ես իմ հայրենինք եմ պաշտպանում»։

Հորը կորցրած ընտանիքում այժմ սոցիալական ծանր պայմաններ են։ Վարձով բնակվում են Սևանում, պետության աջակցությամբ միայն կարողանում են տան վարձը վճարել։

«Եկել ենք ոչ մի տեղ չի եղել, որ մնանք, մեքենաները կանգնացրել էինք ու երկու գիշեր քնել ենք մեքենայի մեջ, հետո Սևանում տուն ենք վարձել, հիմա վարձը հազիվ ենք տակիս։ Աշխատանք չկա, ես էլ առողջական խնդիրներ ունեմ, չգիտեմ, թե ինչպես աշխատեմ, որ տան վարձ տամ, կոմունալ վճարեմ, ոչ մի բան չունենք, միայն պետության աջակցությունն է, որը չի բավարարում։ Տղաս դպրոց չի գնում, ուզում է աշխատի, որ կարողանանք ապրել»,-ասում է տիկին Նունեն։

15-ամյա Գոռի պատմությունը, Վիտալի Աբաղյանի մարտական ընկերոջ հիշողությունները, Լիլիթի ամուսնու մարտական ուղին՝ հաջորդիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest