Ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանի մահվանից շուրջ 2,5 ամիս անց ո՛չ դատաբժշկական, ո՛չ դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունը պատրաստ չեն։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է տուժողի իրավահանջորդների փաստաբան Մոնիկա Մարգարյանը։ Նա ընդգծում է, որ այս ժամանակահատվածը լիովին բավարար է եզրակացությունները տրամադրելու համար։

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն պետք է ունենայինք։ Մենք քննիչին ենք ասում, ամեն անգամ ասում է՝ կլինի, այսօր, վաղը։ Եզրակացությունները, որ ստանանք այդ ժամանակ կկարողանամ ասել, թե կար արհեստական միտում ուշ տալու։ Գուցե սպասում են, որ բոլոր եզրակացությունները լինեն, որ մեկը մյուսի հետ համապատասխանեցնեն։ Դա հնարավոր է, բայց հստակ կարող եմ ասել, երբ ստանանք»,-նշում է փաստաբանը՝ շեշտելով, որ այսօրինակ դեպքերով փորձաքննությունների եզրակացությունների ուշացումն արդեն դարձել է սովորական երևույթ, ինչը մտահոգիչ է։

«Այս գործերով ուշացումը կարող է վատ հետևանքերի բերի, քանի որ գործի քննության արդյունավետությունը ապացույցների հավաքման անհապաղությունից է կախված, սա վատ է անդրադառնում գործի վրա։ Ժորայի դեպքով կան մեղադրյալներ, իրենք ասում են, որ մեղադրյալների առկայության դեպքում առաջնահերթությունը տալիս են այս գործերին, բայց հիմա ստացվում է, որ մեղադրյալները կան, բայց եզրակացությունները չեն տալիս»,-ասում է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Forrights.am-ը դեպքից կարճ ժամանակ անց այցելել էր Կարապետյաններին։ Նրանք Ժորայի հետ տեղի ունեցածը համարում են բացահայտ սպանություն։ Զինծառայողի մահը վրա է հասել ճակատին երկու կրակոցից։ Մեզ հետ առաջին հանդիպման ժամանակ ընտանիքում նշել էին, որ Ժորան համածառայակից Բախշիկ Խաչատրյանի հետ խնդիրներ է ունեցել, քանի որ հերթապահության ժամանակ քնել է։ Ըստ պատմածի՝ Բախշիկը Ժորային որպես պատիժ ասել է, որ պետք է բոլորի տեղն ամեն օր հերթապահի, ինչն էլ խորացրել է կոնֆլիկտը։ Նշենք, որ Ժարային վաշտի հրամանատրի հրամանով՝ դիրքերում 14-օրյա հերթապահությունից չորս օր անց, կրկին դիրքեր բարձանալու հրաման է տրվել։ Այս  տեղեկությունը ևս հայտնել էին Ժորայի հարազատները՝ նշելով, որ տղան, եթե քնել է, ապա պատճառը գերհոգնածությունն է եղել։

Ժորայի հորեղբայրը՝ Արծրուն Կարապետյանը, որ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ Forrights.am-ին հայտնեց, որ հանդիպել է Ժորայի դիրքի ավագին, ըստ նրա, խոսակցության ընթացքում հակասություններ են եղել դիրքի ավագի և վաշտի հրամանատրի պատմածներում։

«Ըստ դիրքի ավագ Ռոմիկ Կիրակոսյանի, ես իր հետ առերեսում եմ ունեցել, միանշանակ սպանություն է, որովհետեև ինքը բաներ էր ասում, որոնք, իբր քննիչի համար նորություն են։ Առերեսման ժամանակ ասում էր, որ Բախշին է եղել առաջինը դիակի մոտ, դիակը եղել է փորի վրա, զենքը տակը։  Դիրքի ավագը շատ ակտիվ պատմում էր, ասում էր Բախշիկը մեզ հավաքեց ասեց, որ սենց կասեք, նենց կասեք։ Հարցնում եմ՝ սպանությո՞ւն է, նայում է ինձ աչքերը լցնում է, ասում է՝ ծնողներս ուզում են գան, քեզ տեսնեն։

Վաշտի հրամանատարի՝ Ապետյանի հետ ենք առերեսվել, նա էլ ասում է, թե ինքն է առաջինը եղել դիակի մոտ, դիակը կողքի վրա պառկած է եղել, զենքն էլ կողքը։ Ասում եմ՝ կողմնորոշվեք ո՞վ է առաջինը տեսել»,-ասում է Արծրուն Կարապետյանն ու նշում, որ Ժորային կրակոցը հասցրել է Բախշիկը՝ դիրքի ավագին կցված ավտոմատով։

Ըստ Արծրուն Կարապետյանի՝ դիրքի ավագը դեպքից հետո ևս երեք զինծառայողների հետ պահվում է ռազմական ոստիկանությունում, Ժորայի հորեղբայրը նշում է՝ նրանք էլ պետք է լինեն կալանավայրում։ «Արմավիր» ՔԿՀ-ում են Բախշիկ Խաչատրյանը և Աբրահամ անունով ևս մեկ զինծառայողը, որը ևս դիրքերում է եղել։

«Աբրահամը Բախշիկի ընկերն է, սկզբում ինքն է Ժորայի հետ կռվել, ծեծ է եղել, իսկ այն չորսը, որ ՌՈ-ում են, դիրքերում եղած զինվորներն են։ Բախշիկի մյուս ընկերը՝ Յուրա Մուրադյանը՝ Վարդենիսից, դեպքի մասին կոնկրետ ասելիք ունի, երկու ամիսից ավելի անունը տվել եմ քննչկանին, որ հարցաքննեն, բայց չեն անում։ Քննիչն ասում է՝ տանը չէ, բերման չեն ենթարկում։ Նա շատ բան գիտի, ըստ դիրքի ավագի, եղել է Բախշիկի և Աբրահամի ընկերը։ Ժորան իրեն 11 հազար դրամ է փոխանցել՝ դեպից մեկ շաբաթ առաջ, եթե Յուրան չի գալիս հարցաքննության ինչ իմանանք, թե ինչի համար է փոխանցել»,-ասաց Ժորայի հորեղբայրը։

Ժորայի կորստյան անդառնալի ցավին զուգահեռ Կարապետյաններն արժանանում են պետական կառույցների անհարգալից վերաբերմունքին։ Արծրուն Կարապետյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ժամանակահատվածում իրենց ՊՆ-ից որևէ մեկը չի այցելել, իսկ երբ ինքը գնացել է Արարատի զորմաս՝ նոր տեղեկություններ ստանալու, որտեղ Ժորան ծառայել է, անհարգալից պատասխան են տվել՝ ասելով, որ պետությունից գումար չեք կարող ստանալ։

«Նրանց թվում է, թե ես արյան փոխհատուցում եմ ուզում։ Այսքան ժամանակ է անցել, բայց Պաշտպանության նախարարությունը չի հետաքրքրվում, թե ինչ փուլում է գործը, ո՞րն է մեր նախարարության գործը, եթե չի հետաքրքրվում իր զինվորով։  Վաշտի հրամանատար Ապետյանը իր պաշտոնում է։ Ես դիրքի ավագին ասում եմ, որ դու պարտավոր էիր խնդիրների մասին զեկուցեիր վաշտի հրամանատարին, ասում է՝ վաշտի հրամանատարը չէր թողնում, ասում էր զեկուցի Բախշիին, քանի որ ուզում էր որ Բախշին լինի դիրքի ավագ։ Հետո վաշտի հրամանատարին ասում եմ, որ դու փաստորեն խնդիրներից խուսափում ես, ասում է՝ ես չեմ հասցնում, մի քանի դիրքի եմ հետևում»,-ասաց նա։

Նշենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» իրավապաշտպան ՀԿ-ն փաստաբան է տրամադրել Կարապետյաններին՝ Ժորայի մահվան հանգամանքերը պարզելու համար։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest