Գերությունից վերադարձած զինծառայողները իրենց խնդիրներով միայնակ են մնացել պետության դեմ։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը նրանց բանակ է տանում՝ հաշվի չառնելով հոգեբանական մի շարք խնդիրները, որոնք զինծառայողները ձեռք են բերել Բաքվում՝ անմարդկային բռնությունների հետևանքով։

Forrights.am-ին է ահազանգել գերությունից վերադառնալուց հետո կարճ ժամանակ անց ծառայության տեղափոխված զինծառայողներից մեկի մայրը։ Նա ահազանգում է՝ որդին վերականգնողական բուժում չի ստացել, 20 օր մնացել է տանն ու ռազմական գերատեսչությունը նրան տեղափոխել է զորամաս։

«Միայնակ ենք մնացել մեր խնդիրների հետ։ Չգիտեմ, թե ինչ կկատարվի իմ տղայի հետ, պայքարում ենք, որ ներողամիտ լինեն, չգնան ծառայեն, բայց նախարարությունում՝ նամակներ ընդունողն ասում է՝ մենք ոչ մի բան չենք կարող անել, գնացեք ձեր պատգամավորներին ասեք նոր օրենք ընդունեն։ Ուրա՞ պատգամավոր որ ասենք , գրում ենք, զանգում ենք չեն պատասխանում, բա էս հարցը ո՞նց պետք է լուծվի»,-ասաց զինծառայողի մայրը՝ խնդրելով իր և որդուն որևէ կերպ չնույնականացնել, քանի որ ռազմական ոստիկանությունը փորձում է բացահայտել, թե ովքեր են դժգոհում պետական կառույցների անտարբեր վերաբերմունքից։  Նշենք, որ այս թեմային ընդլայնված կանդրադառնանք առաջիկա օրերի ընթացքում։

Որդին գերությունից վերադառնալուց հետո Բաքվում անցկացրած դաժան օրերի մասին ծնողներին ոչինչ չի պատմել։ Նշենք, որ Forrights.am-ն ահազանգեր է ստանում զինծառայողների ծնողներից, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվել իրենց տղաներն ու այդ ամենը հաշվի չառնելով պաշտպանության նախարարությունը նրանց կրկին ուղարկում է ծառայության։ Նշենք՝ ծնողները փոխանցել էին, որ իրենց որդիներին Բաքվում խմբերով են ծեծել։

«Ինքը գիտակցելով մեր վիճակը, թե ինչերի միջով ենք անցել, մեզ բան չի պատմել, մենք կողքից ենք՝ ծնողներից իմացել, թե ինչ է եղել։ Սա այն վիճակը չէ, որ էլի բանակ տարան։ Իրեն հարցրել են՝ ցանկություն ունես ծառայելու, պատասխանել է՝ այդքան բանը տեսնելուց հետո ո՞վ կուզի ծառայել։ Հարցրել են ու գնացել, հաջող ձեզ։ Ընդամենը դատարկ հարցեր»,-ասաց մայրը։

Մոր խոսքով՝ որդին չի խոսում, բայց նրա խնդիրները տեսանելի են։ «Լինում է, որ բռնկվում է, նյարդային է դարձել, նյարդաբանի խորհրդատվություն չի եղել, հոգեբանի մոտ է գնացել, ասել են՝ աշխատելու տեղ կա, բայց չգնաց։  Ո՞նց է այս ծառայությունն անդրադառնալու իմ տղայի վրա, պատկերացնո՞ւմ են։ Ամեն օրը ինձ համար անհանգստացնող է, հեռախոսը չի վերցնում անհանգստանում եմ»,-ասաց մայրը՝ նշելով, որ այս խնդիրների հետևանքով որդին կարող է միջանձնային կոնֆլիկտների մեջ հայտնվել այլ զինվորների հետ։ «Ասում էր՝ կարող է ինձ մի բան ասեն, ես դրանից նեռվայնանամ ու լավ չլինի։ Ինքը ուրիշ ձև է դարձել, հիմա շատ է փոխվել, նյարդային է դարձել»։

Քաղաքցուն բարձրագույն արժեք հրչակած Փաշինյանի իշխանության շրջանում հայրենիքը պաշտպանելիս գերեվարված զինվորներն ու նրանց ծնողներն ամեն ուր անտարբերության են բախվում։ Ոչ մի պետական կառույց նրանց չի լսում ու խնդրին լուծում չի տալիս։ «Որևէ մեկը չի զանգել, չի հետաքրքրվել։ 20 օր երեխաներից լուր չկար ոչ մեկ չի զանգել, չի հետաքրքրվել, նույնիկս իրենց աֆիցերներից մեկը չզանգեց, չհետաքրքրվեց՝ գտնվեց-չգտնվեց, բա ձեզ հետաքրքի՞ր չէր ձեր զինվորի վիճակը»։

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից հետո, սկսված մարտերի հետևանքով գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողները նրանց վերադարձից հետո Սուրեն Պապիկյանին գրություն են ուղարկել, խնդրել են, որ իրենց որդիներին բանակ չտանել կամ տանել վերջնական ապաքինումից հետո։ Պաշտպանության նախարարն անգամ ծնողներին չի ընդունել, նախարարությունից ասել են՝ պետք է գերությունից վերադարձած 17 զինվորների ծնողները կամ կեսից ավելին դիմեն։

Ծնողները հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը ոչ միայն իրենց հետ չի հանդիպում, այլ նաև գերությունից վերադարձած զինվորներին չի տեսակցել։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest