70-ամյա Վաչագան Մայիլյանը և 72-ամյա Ֆլորա Մայիլյանն Ասկերանի Խնապատ գյուղից մեծ դժվարությամբ հասել են Տավուշի Բարեկամավան։ Ապրում են գյուղից արտագաղթած բնակիչներից մեկի տանը։ Տարեց ամուսինները Forrights.am-ի հետ զրույցում հիշում են ծանր օրերը․ շուրջ մեկամյա շրջափակումն ու բռնի տեղահանումը։

«Կրակոց եղավ, թեթև, մտածեցի սովորական կրակոցներն են, խուճապի չմատնվեցի, բայց մեկ էլ տեսնեմ՝ ժողովուրդը փախչում է»,-սեպտեմբերի 19-ի առաջին կրակոցների հետևանքերը վերհիշելով պատմում է Վաչագան Մայիլյանը։

Ամուսինները մյուսների նման տեղից տեղ են փախչել՝ ողջ մնալու համար։ Հասել են մինչև Իվանյանի օդանավակայան, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ հույս ունենալով, որ այստեղ պաշտպանություն կգտնեն։

«Լոխ թողել ենք, տուն ու տեղ, փախել ենք։ Ինչ անեինք, ո՞նց բերեինք, ոչ մաշին կար, ոչ բան»,-ասում է Ֆլորա Մայիլյանը։

Արցախցի տարեց ամուսինները մեծ դժվարությամբ են դուրս եկել Խնապատից, քանի որ դուրս գալու տարբերակներ գրեթե չկային։ «24 ժամվա ընթացքում հազիվ դուրս ենք եկել»,-ասում է Վաչագան Մայիլյանը։

Դժբախտությունները Մայիլյանների ընտանիքում սկսվել է թշնամու շրջափակման հենց առաջին օրերին։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակեց Արցախը Հայաստանին կապող կենսական նշանակության միակ ավտոճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ օրերին կտրուկ վատանում է Մայիլյանների որդու առողջական վիճակը, նրան շտապ Երևան տեղափոխելու անհրաժեշտություն է առաջանում, սակայն, թշնամին թույլ չի տալիս ոչ շտապ օգնության, ոչ Կարմիր խաչի մեքենայով տղային բերել Հայաստան։ Մայիլյանների որդին երիկամների հետ կապված խնդիր ուներ։

«Պետք է բերեին Երևան, բայց ճանապարհը փակ է եղել, հետ ենք բերել Ստեփանակերտ, որ տեսնենք մեր խոխային կարող ենք փրկել։ Հետո գալիս ենք տնում, իրեն վատ է զգում, ուրբաթ օրը դիալիզի օրն էր, գալիս է ու մնում աթոռի վրա։ Ժամը երկուսին պետք է գար տուն, չկա, չի գալիս։ Գալիս ենք տեսնում, որ տղաս աթոռի վրա  նստած է, Նորի՜կ, Նորի՜կ եմ ասում, ոչ մի բան չի պատասխանում։ Իրեն հանեցին վերակենդանացման բաժանմունք, մեզ էլ գլխավոր բժիշկն ասաց՝ գնացեք տուն։ Հաջորդ օրը զանգեցին ասացին, որ Նորիկը չկա, մահացել է»,-42-ամյա որդու մահվան հանգամանքերը ներկայացնում է մայրը։

Նորիկ Մայիլյանը մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ 70-ամյա հայրն արցունքերը սրբելով ասում է՝ եթե ճանապարհը բաց լիներ, դեղորայքն ու այլ պարագաներ տեղափոխվեին Ստեփանակերտ կամ որդուն Երևան հասնելու հնարավորություն լիներ, ապա նրա կյանքը փրկել կհաջողվեր։ Ուշագրավ է, որ շրջափակման պատճառով մահացած Նորիկ Մայիլյանի մասին ոչ մի տեղեկատվություն մինչ այս չի հրապարակվել։ Ըստ էության, նա շրջափակման առաջին զոհն է, եթե, իհարկե, այսօրինակ դեպքեր էլի չեն եղել, որոնց մասին չի հաղորդվել։

Մայիլյանների դժբախտություններն այսքանով չեն սահմանափակվում։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ, Վաչագան Մայիլյանի փոխամցմամբ, ադրբեջանցիները սպանել են նաև իր ընկերոջը։ «Մոտիկ ընկերոջս վիզը կտրել են, հարևան գյուղից էր, անունը Վովա էր, ինձանց փոքր էր, մորթել են տան մեջ, Քոլատակից էր, Մարտակերտի շրջանում է»,-ասում է նա։

Բենզինի պայթյունի պահեստի հետևանքով էլ վնասվածքներ է ստացել Վաչագան Մայիլյանի դստեր տղան։ Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա մատները։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest