Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, ապրիլի 5-ին կայացավ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպումը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում, արդյոք Հայաստանի համար այն արդյունավետ էր։

-Ավարտվել էր այն փուլը, երբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն գույքագրում էին ՀՀ-ի խնդիրները․ ապրիլի 5-ի հանդիպումը վկայում է, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին արվել է առաջարկ կնքել համագործակցության համաձայնագիր, որի դրույքները պետք է համապատասխանեին 2022 թվականի մայիսին Վաշինգտոնի կողմից հրապարակված ռազմավարության դրույթներին, իսկ ԵՄ-ն, հավանաբար պետք է աներ առաջարկ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Սա, իմ կարծիքով, այն է, ինչով նրանք եկել էին հանդիպմանը։ Դիտարկելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ հանդիպումից հետո, դա հաստատում է  իմ այն միտքը, որ ԵՄ-ին անդամակցելու առաջարկը դրված է եղել սեղանին։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր մի վիճակում, որ այդ հանդիպման գնալը մերժել չէր կարող, բայց ընդունել ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկները, նույնպես պատրաստ չէր։ Արդյունքում ՀՀ-ն չի մերժել, բայց հետաձգել է որոշումների ընդունումը ինչ-որ ժամկետով։ Կան խոսակցություններ, որ մինչև հաջորդ ընտրություններ։ Իշխող ուժը, հավանաբար հաջորդ ընտրություններում հանդես կգա այդ ծրագրով, որպես իր նախընտրական ծրագիր։

-ՀՀ-ն ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ է, ՌԴ-ի հետ երեք տասնյակից ավելի համագործակցության պայմանագրեր ունի։ Ինչպե՞ս կարող էր նման պետության ղեկավարը հրաժարվել ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հնարավորությունից։

ԵՄ անդամ են Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք ռուսախոս բնակչություն են ունեցել, տնտեսական կապեր են ունեցել․ այսինքն, ԵՄ-ն այդպիսի փորձ արդեն ունի, որ հետսովետական պետություններին նման առաջարկություն արել է։ Այստեղ ԵՄ-ի համար նորություն չկար, դա ռազմավարական խնդիր է։ Դրա համար իրականացվեց Արևելյան գործընկերության ծրագիրը, որ համագործակցությունը բերեր անդամակցության։ Խոսքը գնում է Բելառուսի, Ուկրաինայի, Մոդլովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասին։ Նրանցից երեքն արդեն ԵՄ անդամի թեկնածու են։ Հայաստանը, հնարավոր է, որ այդ առաջարկը ստացել է։ ԵԽ-ի վերջին բանաձևում կա կոչ ԵՄ հանձնաժողովին Հայաստանի դեպքում քաղաքականությունը վերանայել՝ այսինքն, ճանապարհ բացել Հայաստանի համար ԵՄ անդամ դառնալու, և սա այս առումով արտառոց չէ։

Եթե ուշադիր կարդանք ՌԴ ԱԳՆ հայտարարությունն, ապա այնտեղ մտահոգություն կար, որ Արևմուտքը ՀՀ-ին առաջարկներ է անում, որոնք ենթադրում են ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից դուրս գալ ու ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել։ Այս հայտարարությունը մի դեպքում կարող է լինել, եթե այդ առաջարկը սեղանին դրված է եղել։ Չեմ կարծում, որ ՌԴ ԱԳՆ-ն հենց այդպես կտարածեր հայտարարություն առանց հիմքերի։ Հանդիպմանը հաջորդած հայտարարությւոնից հետո Ադրբեջանն անկանոն կրակ բացեց շփման գծի ամբողջ երկանքով, սա անհնար է չդիտարկել որպես փոխկապակցված գործընթաց։

-Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել

Նիկոլ Փաշինյանի համար մարտահրավեր է ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, քան հնարավորություն, որովհետեև բավարար հիմքեր կան, որ ինքը 3+3 ձևաչափին է հակված։ Բազմաթիվ անգամներ ասել է, որ մտադիր չեն ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս բերել, ՔՊ-ի նախընտրական ծրագրերում ԵՄ-ին անդամակցելու կետեր չեն եղել։ ՀԱՊԿ-ի հետ կապված նա ասել է, թե սառեցել են անդամակցությունը, բայց դա ճշգրիտ չէ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ պայմանագրերի սառեցումը օրենսդիր մարմնի գործառույթն է։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել, որ ոչ թե ՀՀ-ն սառեցրել է պայմանագիրն իրավական առումով, այլ ՀՀ-ն բոյկատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները։

Պատվիրակությունը, որ գնում էր Բրյուսել, բավականին մեծ էր, դա շարքային ինչ-որ հանդիպում չէր։ Բացի այս Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արձագանքը պետք է հուշի, որ սեղանին ինչ-որ լուրջ բան է դրված։ Հակառակ դեպքում ինչու պետք է Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեր, որ Ադրբեջանի կողքին են և ՀՀ-ն յուրաքանչյուր մեկ միավոր տրված զենքի դիմաց իրենք Ադրբեջանին երեքը կտան։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest