Արարատ Թևոսյանը վիրավոր, բայց չի դադարել պայքարել Քարագլուխ բարձունքի համար։ Քարագլխի մարտերը սկսվել են 2022 թվականի մարտի 24-ին։ Արարատն առաջին վիրավորումը ստացել է ոտքի շրջանում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Մարտի 25-ին Արարարատի՝ Արոյի, մահվան մեկ տարելիցն էր։ Եռաբլուրումն նրա շիրիմին այցել մայրն ու ընկերները նշում են՝ նա Արցախ էր մեկնել կորցրածը վերադարձնելու խոստմամբ։ Արոն Ռուսաստանից եկել էր 44-օրյա պատերազմին մասնակցելու համար և չէր հեռացել, քանի որ հայրենի գյուղը թշնամու վերահսկողության տակ էր։

«Ասաց՝ պիտի Հադրութը հետ վերցնեմ։ Կռվում էի հետը, ասում էի՝ Արարատ մի գնա, ասում էր՝ չէ, մամ, դու սխալ ես, ո՞նց չգնամ, Հանդրութը, մեր գյուղը պետք է հետ վերցնեմ։ Ասում էր՝ ես չգնամ, էն մեկը չգնա, բա՞ մեր գյուղը»,-որդու հետ վերջին զրույցներն է վերհիշում մայրը՝ Զարիկ Թևոսյանը։

Արարատը ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր, ընտանիքը հարկադրաբար, պատերազմի ժամանակ է լքել գյուղը։ Արոյի հետ Ցոր գյուղում մանկությունն անցկացրած Սյուզաննա Բաղիրյանը նշում է, որ իր մանկության ընկերը թեժ մարտերի է մասնակցել։ «Բավականին թեժ մարտեր են եղել՝ մի քանի օր շարունակ, դրա մասին չի բարձրաձայնվում, բայց դա փաստում են մարտական ընկերները»,-ասաց նա։

Թշնամին, երբ տեսել է, որ չի կարողանում հաղթել Արարատին ու նրա մարտական ընկերներին կրկին գործի է դրել ԱԹՍ-ն, որն այս անգամ ճակատագրական է եղել Արարատի և ևս երկու զինծառայողի համար․ նրանք զոհվել են։

«Առավոտը զոնգեցի, զանգեցի՝ չվերցրեց, սիրտս գուշակում էր, առավոտ կարդացել էի, որ երկու պայմանագրային զինծառայող զոհվել է, հետո երեքը դարձավ։ Երեկոյան ասեցին Ստեփանակերտի մորգում է»,- որդու շիրիմի մոտ նստած պատմում է մայրը։

Սյուզաննա Բաղիրյանը նշում է, որ եթե տղաներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեր, ելքն այլ կլիներ։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը չի գործել։   «Տղաները գիտեին, թե օդը փակ է, քաջաբար կռվում էին, ափսոս, որ օդը փակ չի եղել։ Արարատի մահը փաստում է, որ օդը փակ չի եղել։ Դաժանն էլ դա է, որ Արարատը և մեր մյուս զինվորները զոհվեցին, հանուն Արցախի, Շուշիի, Քարագլխի, բայց այդ տարածքները մերը չեն։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի, բայց այդ հայրենիքը պետք է լինի մերը»,-ասում է Արոյի մանկության ընկերը։

Այժմ էլ Արցախը պաշտպանելու առաքելությամբ այնտեղ է մնացել Արարատի քրոջ որդին։ Նա էլ Արոյի նման հայտարարել է՝ գործ ունի անելու։ «44-օրից հետո չի եկել Արցախից, մնացել է այնտեղ, ասում է՝ ես գործ ունեմ անելու, ժամանակը չէ։ Այսօր էլ ուզեցել է գալ, բայց ճանապարհ չկա»,- դստեր որդու՝ պատերազմի ժամանակ շարքային, իսկ այժմ պայմանագրային զինծառայող, խոսքերը փոխանցում է Զարիկ Թևոսյանը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest