Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Forrights.am-ի հետ զրույցում Ալիսա Առուստամյանը սեպտեմբերի 19-ը հիշում է, մի օր, որի ամբողջ ընթացքը տեղից տեղ են փախել։

Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։ «Տրիվոգա տվեցին, երեխաներին դպրոցից ուղարկեցին տուն»,-հիշում է տիկին Ալիսան։

«Քիչ անց սկսեցին կրակել, միանգամից հարձակվեցին գյուղի վրա։ Տղաս զանգեց ասաց՝ մտեք պադվալները, վիճակը վատ է»,-տիկին Ալիսայի որդին՝ Արմեն Առուստամյանը, տնից դիրքեր հասնելուց 10 րոպե հետո է զանգել։ Սա եղել է մոր և որդու վերջին հեռախոսազանգը։

«Մի քիչ հետո գյուղապետը պոստից մարդ ուղարկեց, որ դուրս գանք գյուղից, գնանք անտառ»,- տիկին Ալիսան ասում է՝ ով՝ ինչպես կարողացել լքել է իր տունը,  մեկը տնային հագուստով, մյուսն առանց փաստաթղթերի․ սարուշենցիները բռնել են անտառի ճանապարհը։ Բնակիչները կրակոցների տակ մի կերպ են հասել անտառ։ «Չգիտեմ՝ ինչպես, բայց հասանք անտառ, մութն արդեն ընկել էր։ Երեխաները ձեռքներիս սպասում էինք, թե ինչ պետք է ասեն՝ հույս ունեի, որ էլի տուն եմ վերադառնալու։ Եկան ասեցին, որ արդեն մտել են գյուղ, գնացեք»,- հինգ ժամ սպասելուց հետո՝ տեսնելով, որ վտանգն ավելի է մոտենում, բնակիչները գյուղապետի խորհուրդով  բռնել են Մսմնա գյուղի ճանապարհը։ Այն գտնվում է Մարտունու շրջանում։

«Գիշերով՝ ոտքով, ճանապարհ ընկանք, որ գնանք Մսմնա։ Հինգ-վեց կիլոմետր քայլեցինք, գիշերվա երեքին նոր հասանք։ Առավոտյան գյուղապետը մեքենաներ բերեց, եկանք Ստեփանակերտ։ Էլ մեր տուն չգնացի, դատարկ ձեռքերով դուրս եկանք, նույնիսկ մեր փաստաթղթերը չենք վերցրել»։

Բռնի տեղահանվող խաղաղ բանակիչները ճանապարհին էլ ավելի դաժանությունների են ականատես եղել։ Ադրբեջանցի զինվորները գնդակահարել են Սարուշենի դիրքերից հոսպիտալ տեղափոխվող վիրավորներին։ «Թուրքերը կտրեցին վիրավորների առաջը և սկսեցին ավտոմատներով սպանել, խոշտանգել։ Երեք վիրավոր էին։ Դիահերձարանում տեսել են, որ գլուխների կեսերը չկային, տղաս էլ է տեսել»,- նրա փոխանցմամբ վիրավորները 33, 40, 70 տարեկան էին։ «Եթե մի քիչ ուշ դուրս եկած լինեինք, կմտնեին մեզ էլ կկոտորեին, կրակոցիների միջով անցանք»։

Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև տիկին Ալիսայի որդին՝ Արմանը։ Նա դիրքի ավագան էր, 32 տարեկան։ Ռուսաստանից էր եկել Արցախ ու շրջափակման պատճառով չէր կարողացել հետ գնալ։ Որոշել էր ընդգրկվել աշխարհազորայինների կազմում և պաշտպանել հայրենիքը։

«Պոստում կանգնած էրեխեքը կռվել են, իրենց կյանքի գնով մեզ ազատել են։ Տղաս մինչև վերջին շունչը կռվել է, ասել է՝ մինչև գյուղը չդատարկվի, ես այստեղից դուրս չեմ գա։ Դիրքերը շրջապատել են, իմ տղան էլ այդտեղ զոհվել է։ Ասել են՝ շրջապատված ենք, դուրս արի, չի եկել, ասել է՝ ես պոստը չեմ թողնի»,-ասաց նա նշելով, որ որդին հուղարկավորված է Եռաբլուրում։  Սարուշենը 13 զոհ է ունեցել։ Երկու հոգի էլ զոհվել է բենզինի պահեստի պայթյունից։

Տիկին Ալիսան այժմ ընտանիքի հետ  Հայաստանում է։ Բնակության մշտական հասցե չունի։ Ինքը ժամանակավոր բարեկամի տանն է ապրում, ընտանիքը՝ մեկ այլ տեղ։ Վարձով բնակարան են փնտրում, սակայն, գների պատճառով չեն կարողանում գտնել։ «Սարուշենում խանութ ունեի, հավ ու խոզ էի պահում, ապրում էինք։ Հիմա տան վարձի գումար են տվել, բայց դա չի հերիքում, չեմ աշխատում, թոշակ չեն տալիս, չգիտեմ ինչ եմ անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest