9-ամյա Արսենն արդեն կարողանում է հաղթահարել Սևաբերդի գյուղամիջյան խորդուբորդ ճանապարհները՝ տուն հասնելու համար։ «Սովորել եմ արդեն, դպրոց էլ եմ այսպես գնում»,-ձյան տակ մնացած կուտակված քարերի վրայով քայլելով ասում է Արսենը։

Սևաբերդը Կոտայքի մարզում է, Երևանից 30 կմ հեռավորության վրա։ Արսենն արդեն չի հիշում, թե պատերազմից հետո սա որերորդ տունն է, որ տեղափոխվում է ընտանիքի հետ։ Ամեն ինչ սկսվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ 5 տարեկան երեխան քրոջ և մորաքրոջ երեխաների հետ հայտնվեց թշնամու ռմբակոծությունների տակ։

«Այս մեկը ես եմ, հինգ տարեկան եմ այստեղ»,-ցույց տալով Շուշիի եկեղեցու բակում իր արդեն հայտնի դարձած լուսանկարը, պատմում է Արսենը։ Չնայած հինգ տարեկան էր 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց հիշում է դժվար օրերի մանրամասները։

«Կռիվը սկսվեց, կրակեցին եկեղեցու վրա։ Գլխիս առաստաղից քարեր ու փայտեր էին թափվում, կմնայի տակը, եթե Վովա ձյաձյան (հարևանը) չփախցներ»,-հիշում է Արսենը, թե ինչպես էր պատերազմի թեժ օրերին պատսպարվել այնտեղ՝ առանց ծնողների, քանի որ նրանք գնացել էին հաց գտնելու։

Արսենի հիշողություններից չի ջնջվում նաև իրենց տան հողին հավասարվելը։ «Տնից գնացինք շենքի պադվալ, շենքի վրա կրակեցին, լրիվ գետնին հավասարվեց, վառվում էր։ Այդ ժամանակ գնացինք եկեղեցին։ Հետո եկեղեցու վրա խփեցին, բոլոր աթոռները սկսվեցին վառվել, քարը ուզում էր ընկեր գլխիս, ինձ այնկողմ տարան։ Հետո գնացինքն մի մութ տեղ՝ եկեղեցու մեջ»,-ռմբակոծության պահին հաց որոնելու գնացած ծնողները վերադարձել են Արսենի մոտ։

Արսենն այս դեպքից հետո առողջական խնդիրներ է ձեռք բերել․ «Ես լսում էի կրակոցները, տեսնում էի, որ տները քանդվում են։ Շատ էի վախեցել, երեք ամիս չէի կարողանում խոսել, հետո սկսեցի քիչ-քիչ խոսել»։

Արսենը հիշում է Շուշիի իրենց տունը, ասում է՝ հինգերորդ հարկում էր։ Շուշին թշնամուն անցնելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, հետո Գիշի գյուղ։ Բռնի տեղահանումից առաջ մի քանի օր էլ Արսենը Ստեփանակերտի հայտնի սրճարանում է ապրել՝ «Պիտաչոկում»։

9 տարեկան Արսենը պատմությունները պատմելուց առաջ  հստակեցնում է՝ «ո՞ր կռվի մասին է խոսքը»,-հետաքրքվում եմ, իսկ քանի՞ պատերազմ ես տեսել։ «Երեք կռիվ եմ տեսել։ Առաջին կռվի ժամանակ երկու ամսական էր, երկրորդը՝ 20 թվի պատերազմն էր, երրորդն էլ՝ 23-ին, դուրս եկանք Արցախից։ Կարոտում եմ Արցախը, մեր տունը»։

Սևաբերդ տեղափոխվելուց հետո Արսենը սկսել է հաճախել գյուղի դպրոց։ Հիմա դասագրքերի խնդիր ունի։ Մոր փոխանցմամբ՝ դպրոցում ասել են, որ գրքերը երեխաների թվակազմով են ստացել։ «Երրորդ պետք է լինեի, բայց երկրորդ դասարան եմ, որ կռվի պատճառով երկու անգամ եմ առաջին դասարան գնացել։ Գրքեր չունեմ, ասել են կտան»,-առանց գրքերի դպրոց հաճախող Արսենի պայուսակում միայն տետրեր են։

Արսենը դասագրքերից զատ նաև հեծանիվ է ցանկանում ունենալ․ «Բոլոր ընկերներս ունեն, ես չունեմ»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest