Ադրբեջանցիները սպանել են սարուշենցի Դիանայի ամուսնուն, եղբորը և ամուսնու հորեղբոր տղային։ Սա եղել է զինված հարձակում, սրանք սպանվել և խոշտանգվել են, ոչ թե դիրքերում, այլ Սարուշենից դուրս եկող ճանապարհին։ Ադրբեջանցիները հարձակվել են քաղաքացիական մեքենաների վրա ու անթիվ կրակոցներ արձակել։ Ամուսինը՝ Արտակ Իսրաելյանը 37 տարեկան էր, եղբայրը՝ Վրեժ Գասպարյանը՝ 25, իսկ ամուսնու հորեղբոր տղան՝ Անդրեյ Իսրաելյանը 42 տարեկան։  Դիանա Գասպարյանը Forrights.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել։

Ամուսինը՝ Արտակ Իսրաելյանը, մասնակցել է Սարուշենի ինքնապաշտպանությանը, դիրքերում վիրավորվել է, բայց վնասվածքը թեթև է եղել։ Կյանքը փրկելու շանսեր եղել են, սակայն, Սարուշենից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինված ադրբեջանցիները հարձակվել են Արտակի ու հորեղբոր տղայի՝ Անդրեյ Իսրաելյանի  վրա և սպանել։

«Հորեղբոր տղայի հետ էր, նա էր փորձել հիվանդանոց տանել։ Չգիտեր, որ կենտրոնական ճանապարհը թշնամու ձեռքին է։ Պետք է տեղափոխեին հիվանդանոց, բայց ճանապարհին հարձակվել են մեքենայի վրա և խոշտանգել։ Արտակին ու հորեղբոր տղային սպանել են։ Դա եղել է Խաչմաչի ճանապարհին, հարձակում է եղել»,-պատմեց կինը։ Արտակին և հորեղբոր տղային տեղափոխել են Հայաստան, հուղարկավորել Եռաբլուրում։ «Խոշտանգել են ամուսնուս էլ, եղբորն էլ, այնքան շատ էին կրակել, որ վերջին հրաժեշտի ժամանակ չկարողացանք դեմքը տեսել, փակ էր»,-ցավով նշում է Դիանան։

Նույն Ճակատագրին է արժանացել նաև Դիանայի եղբայրը՝ 25-ամյա Վրեժ Գասպարյանը։  Ադրբեջանի հարձակման օրը նա Ստեփանակերտ էր մեկնել, վերադարձել է և բարձրացել դիրքեր, քանի որ համար մեկ էր հայտարարվել։

«Կես ճանապարհը մեքենայով, կեսը՝ ոտքով հասել էր Սարուշեն։ Տուն էր մտել, փոխվել, համազգեստը հագել, զենքը վերցրել ու բարձրացել դիրքեր։ Պայքարելուց հետո՝ վերջին պահերին, ոտքից վիրավորվել է։ Հայրս էլ էր դիրքերում, մյուս զինակից ընկերների հետ դուրս են բերել, գյուղապետը հիվանդնաոց է տարել իր մեքենայով։ Ճանապարհին գյուղապետի վրա էլ են հարձակվել։ Մեքենայի մեջ եղբորիցս բացի երկու վիրավոր էլ է եղել։ Նույն կերպ կրակել են, գյուղապետի մեքենայի վրա։ Վիրավորները նոր վնասվածքներ են ստացել։ Գյուղապետը կարողացել է անցնել, հասել է շտապօգնության մեքենայի մոտ, որ եղբորս փոխանցի, եղբայրս չի դիմացել, մահացել է, ներքին արյունահոսություն էր սկսվել կրակոցներից»,-պատմում է քույրը։

Սեպտեմբերի 19-ը Դիանայի հիշողություններում տպավորվել է անսովոր կրակոցներով։ «Կրակոցներ ամեն օր էինք լսում, այդ օրվա կրակոցները սովորականի նման չէր»,- Forrights.am-ի հետ զրույցում Սարուշենում անցկացրած վերջին ժամերն է հիշում Դիանա Գասպարյանը։ Ամուսինը՝ Արտակը, այդ կրակոցներին զուգահեռ էր բարձրացել դիրքեր։ Դիանան երկու անչափահաս երեխաների հետ միացել է գյուղի կանանց ու երերխաներին։

«Գնացինք հարևանի նկուղ, պատսպարվելու համար։ Մեկ ժամ մնալուց հետո գյուղապետը տեղեկացրեց, որ պետք է գնանք անտառ՝ այնտեղ ապահով է»,-սարուշենցի կանայք ու երեխաները բռնել են անտառի ճանապարհը։ Մի քանի ժամ մնացել են անտառում, հետո՝ գիշերով, տեղափոխվել են հարևան գյուղ՝ Մսմնա։ Ժամ առ ժամ հեռանում էին Սարուշենից չիմանալով, որ էլ հետ չեն գալու։ Մսմնայում էլ մի քանի ժամ մնալուց հետո սարուշենցիներին տեղափոխել են Ստեփանակերտ։ Ամբողջ ընթացքում Դիանան Արտակի հետ կապ հաստատել չի կարողացել։  «Վերջին անգամ տեսա, որ դպրոցից գալիս է ու գնում դիրքեր»։  Կինը ամուսնու դին Մարտունի տեղափոխելուց հետո է տեղեկացել, որ Արտակը զոհվել է։

Այս անդառնալի կորուստների հիշողություններով Դիանան ապրում է երկու երեխաների հետ՝ վեցամյա դստեր ու յոթամյա տղայի։ Սոցիալական մի շարք խնդիրներ ունի։ Չնայած խնդիրների խորությանը նա լռում է, ասում է՝ հարազատների կորստյան ցավը թույլ չի տալիս խոսել այդ մասին։

Նշենք, որ Forrights.am-ը հանդիպել է բռնի տեղահանված և ադրբեջանական բռնություններին ականատես եղած սարուշենցիներին։ Մեր նախորդ հրապարակումներում պատմել ենք բռնության այլ դեպքերի մասին, նաև այն մասին, թե ինչպես են սարուշենցիները պայքարել մինչև վերջ՝ թույլ չտալով թշնամուն մտնել իրենց գյուղ։

Նարեկ Կիրակոսյան

Մանրմասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest