Արցախում լիակատար անորոշություն է, Ստեփանակերտի հայտարարությունից հետո, որ համաձայնել են ռուսական կողմից պայմաններին, քաղաքացիները չգիտեն, թե ինչ անեն։ Նրանք առայժմ լքում են իրենց տները, որոնք անցել են թշնամու վերահսկողության տակ։

Արցախի Ասկերան քաղաքում հայեր չկան, բնակավայրն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի բնակիչ, քաղաքագետ Հովիկ Ավանեսովը։ «Եթե մարդիկ մնացած լինեն, մեր զինծառայողներն են լինելու, որոնց դուրս գալը կապահովեն որոշակի ժամանակ անց։ Քաղաքացիական բնակչությունն ամբողջությամբ դուրս է եկել, իմ տեղեկություններով Ասկերանը թշնամու վերահսկողության տակ է»,-ասաց Հովիկ Ավանեսովը։

Ասկերանից, ինչպես, Forrights.am-ին փոխանցեց Հովիկ Ավանեսովը դուրս է եկել մոտ երկու հազար բանկիչ։ Ասկերանի շրջանում գտնվող Իվանյան համայնքից ևս տարահանումներ են եղել՝ հիմնականում կանայք, երեխաները և տարեցներն են հեռացել։ Համացանցում առկա են լուսանկարներ և տեսանյութեր, որ Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանվածները հավաքվում են օդանավակայանի տարածքում։ «Տարբեր բնակավայրերից հավաքվում են այստեղ, այս մարդիկ սպասում են, թե ինչ գործընթացներ կլինեն, թե ինչ է լինելու այս մարդկանց և բնակավայրերի հետ, պարզ կլինի առաջիկայում»։

Սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից պայմանավորվածություն ձեռք բերցեց, որ ադրբեջանական կողմը դադարեցնում է, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունները»։ Հովիկ Ավանեսովնն ասաց, որ Ժամը 18:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, բայց չի բացառում, որ ադրբեջանական կողմը մշտապես կխախտի ձեռք բերված պայմանավորվածությունը։

Այս պահին Ստեփանակերտն ու ևս մի քանի բնակավայր է մնացել հայկական կողմի վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի է ունենալու Արցախի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ արցախցիների վերաինտեգրման հարցերի շուրջ։ Հովիկ Ավանեսովը նշում է, որ եթե որոշվի, որ Արցախն ամբողջությամբ է անցնելու Ադրբեջանի վերահկողության տակ բոլորը կհեռանան։

«Հետո լինելու է ավելի դաժան պատերազմ, Հայաստանի տարածքում։ Այս ամենը տեսնելով, ես չեմ կարծում, որ մեր բնակչությունը կմնա այստեղ։ Բայրաքթարներ են կիրառվել, հրետանային միջոցներ, գիտենք, որ ցեղասպանական քաղաքականությունը մշտապես է իրականացնելու»,-ասաց նա և նշեց, որ Արցախը կարող էր դիմակայել, եթե Հայաստանը միայնակ չթողներ։

«Եթե այսպես երկար շարունակվեր պատերազմի հետևանքն ու կորուստները ավելի շատ էին լինելու, ես ցավով եմ ասում, որ մենք այսպիսի արդյունք ունեցանք, բայց դա չի նշանակում, որ սա հնարավոր չէր կանխել։ Հնարավոր կլիներ այս ամենի դեմն առնել, եթե ՀՀ-ում լիներ ազգային մտածելակերպով իշխանություն, որը չէր Հայտարարի, որ Արցախն Ադրբեջանի մաս է»,-ասաց նա։

Նշենք, որ այս պահին Արցախում չկա էլեկտրաէներգիա, իսկ հեռախոսակապը շատ թույլ է։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

 

 

 

 

Pin It on Pinterest