Բանակում ոչ մարտական հանգամանքերում մահացությունների դեպքերը չեն դադարում, վիճակագրությունը խիստ մտահոգիչ է։ Փետրվարի 19-ին հայտնի դարձավ 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Դեպքից երկու օր անց ՔԿ-ն հայտնեց մեկ անձի ձերբակալության մասին։ Զինվորը ծառայում էր Իջևանում։

Պաշտպանական գերատեսչությունը նույն օրը հայտնել էր մեկ այլ դժբախտ պատահարի մասին։ Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով նախարարության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Արզումանյանը և Զորակ Երանոսյանը: 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ։ Ըստ նախարարության՝ վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Հունվարի 29-ին պաշտպանության նախարարությունը հատնել էր հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մասին։ Այս դեպքը հաջորդել էր Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած զորանոցի հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող էր մահացել։

Forrights.am-ը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնել էր ԱԱԾ սահմանապահ զորքերում դեկտեմբերի 14-ին մահացած ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի մահվան մասին։ Ի դեպ, այս մասին ոչ ՊՆ-ն, ոչ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն չէին տարել։

Նախորդ տարի՝ 2022 թվականին, ոչ մարտական հանգամանքերում մահացությունների թիվը բանակում եղել է 64, 2021-ին՝ 74, 2020-ին՝ 101, 2019-ին՝ 49, 2018-ին՝ 63: Նշենք, որ մահացության այս դեպքերը չեն ներառում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներին։

Դեռ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ոչ մարտական հանգամանքերում մահացած զինծառայողներին նշել էր․ «Մենք թույլ չենք տալու, որ սա (նկատի ունի մահվան դեպքերը,-հեղ․) ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»։

Նիկոլ Փաշինյանն այս միտքը կրկնել էր նաև վարչապետ դառնալու առաջին օրերին՝ 2018 թվականի մայիսի 12-ին, պաշտպանության նախարարությունում։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր, և հակառակորդի գործողությունների արդյունքում և միջադեպերի արդյունքում տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի»,-ասել էր Փաշինյանը՝ շեշտելով մահացությունների դեպքերը կանխարգելելու և զինվորների կյանքը փրկելու կարևորության մասին:

Ինչո՞ւ Փաշինյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում այս երևույթին վերջ չի տրվում, կամ ինչո՞ւ դեպքերը չեն նվազում ու հանգամանքները բացահատվում։  Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր և պետք է գտնենք նրանց, արդյո՞ք փնտրել է։ Իսկ գուցե փնտրել և որոշ տեղերում գտել է իրեն, իր քաղաքական թիմակիցներին։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այս հարցերի առնչությամբ նշեց․

«Ի՞նչ կապ ունի, թե ինչ էր գրել Նիկոլ Փաշինյանը։ Նա որպես ղեկավար ի վիճակի չէ ռազմական ոլորտում որևէ բարեփոխումներ նախաձեռնել, կառավարել, իրականացնել։ Իշխանության մեջ չէր քննադատում էր, հիմա իշխանություն է փորձում է ամեն կերպ այդ երևույթները ծածկադմփոց անել»,-ասաց նա։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝  ոչ մարտական հանգամանքերում մահացությունները համակարգային բնույթ ունեցող խնդիրների հետևանք են։  «Վերջին տարիներին կարծես, թե սուր խնդիր դարձավ կարգապահության հարցը։ Համալիր խնդիր է, սկսած ամենաբարձր ղեկավար կազմից, սպայական կազմից և վերջացրած բանակաշինության գործընթացով»,-ասաց քաղաքագետը։

Սուրեն Պապիկյանը՝ որպես պաշտպանության նախարար, ըստ Անդրիաս Ղուկասյանի, ևս բավարար քայլեր չի իրականացնում բանակում մահացությունների դեպքերը կանխելու համար։ «Սուրեն Պապիկյանի կառավարումը շատ ցածր որակի է»,-ասաց քաղաքագետը։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest