Այս տարվա մարտից պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն նոր ձևաչափով՝ 25 օր երեք ամսվա փոխարեն։ Հավաքները պարտադիր են լինելու Հայաստանի Հանրապետության 20-ից 55 տարեկան բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Հավաքները կանցկացվեն մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը։ Զինապարտ քաղաքացին ինքն է ընտրելու, թե ՊՆ-ի սահմանած ժամանակացույցով նշված 6 փուլերից որ օրն է իրեն առավել հարմար որպես հավաքի մեկնարկ։ Ներգրաված են լինելու պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքների այս փուլին մասնակցելու է 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը` ավագ ենթասպայական կազմից, 232-ը` սպայական կազմից։ Այս որոշումը կառավարությունն ընդունել էր փետրվարի 2-ի նիստի ժամանակ։

Մինչ նոր ձևաչափով հավաքների մեկնարկը նախորդ՝ եռամսյա հավաքների մասնակիցներն ահազանգում են խնդիրների մասին։ Եռամսյա հավաքների մասնակից Տարոն Ղազարյանը Forrights.am-ի հետ զրույցում թվարկելով առկա թերությունները նշում է՝ հավաքներն արդյունավետ չէին։

«Հավաքների արդյունավետությունը խիստ հարցական է, որովհետև գործընթացին հաղորդել են ձև, բայց ոչ բովանդակություն։ Լրացրել են քանակ, գործընթացի անունը դրել են վարժանքներ, բայց իրականության մեջ չեն վարժեցրել զորակոչված քաղաքացիներին։ Այսինքն՝ տարել են պարզապես դիրքեր պահելու համար քանակ լրացնելու»,-ասաց նա։

Տարոն Ղազարյանի խոսքով՝ վարժաքների կազմակերպվածությանն անփույթ են մոտեցել իշխանությունները։ «Սկսած տարրական սանիտարահիգենիկ պայմաններից, սպառազինություն, նյութական ապահովածություն, բազմաթիվ բացեր կային։ Որ հարցում հնարավոր էր բացեր թույլ տային՝ բացեր թողել էին։ Տարիների մաշվածության, կեղտոտվածության անկողին են տրամադրում զորակոչվածներին, էլ չասեմ մահճակալների, վերարկուների վիչակը, անմարդկային վիճակ էր»,-ասաց նա։

Վարժական եռամսյա հավաքների մասնակիցը շեշտում է, որ զորակոչն ըստ մասնագիտությունների չէր իրականացվել։ Մասնավորապես, Տարոն Ղազարյանը ժամկետային զինծառայություն է անցել այլ մասնագիտությամբ, իսկ վարժական հավաքների մասնակցել լրիվ այլ մասնագիտությամբ։ «Ես ծանուցվել եմ իմ մասնագիտությամբ վարժանքներին մասնակցելու համար, բայց այլ մասնագիտացմամբ եմ վարժանքերին ներգրավել։ Կարծում եմ՝ նման բազմաթիվ դեպքեր են եղել»։

Չնայած նշված անհամապատասխանություններին, ըստ Տարոն Ղազարյանի, վարժական հավաքների մասնակիցները մասնակցել են 2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններին և դիրքեր են պահել։

Եռամսյա հավաքների ժամանակ նաև դժբախտ պատահարներ գրանցվեցին։ Զորակոչիկներից մեկն, ըստ նախանական տեղեկությունների, կրակել էր մյուս ուղղությամբ, մեկ այլ զորակոչիկ խեղդամահ էր եղել Սևանա լճում։ Տպավորություն է, որ պաշտպանության նախարարությունը միայն հավաքի մասնակիցներին մի վայրում հավաքելու գործընթացն է իրականացրել՝ չկատարելով մյուս պարտավությունները։ Տարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատշաճ հսկողություն իրականացվում էր։

«Խեղդամահ եղած զորակոչիկն իմ հետ նույն ստորաբաժանման կազմում է եղել։ Ես համարում եմ, որ դա ղեկավարության, հրամանատրության անկազմակերպվածության, գործընթացը վատ կազմակերպելու հետևանքով է եղել»,-ասաց նա»։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest