Արցախից բռնի տեղահնված Ղարիբյանների 9 հոգանոց ընտանիքը կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ։ Նրանք բնակվում են Մասիս քաղաքում՝ վարձով։ Մինչ այս վճարել են 200 հազար դրամ, սակայն, տան տերը բնակվարձը բարձրացնել է 50 հազար դրամով։

«Տան տերը տունը թանկացրել է, ես տուն եմ ման գալիս, եթե այստեղից դուրս գամ ոչ մի բան չունեմ, բան չեմ բերել։ Խնդրում եմ՝ ով ինչով կարող է, թող մարդիկ ինձ օգնեն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ընտանիքի մայրը՝ Դիանա Ղարիբյանը։

Նա յոթ երեխա ունի՝ 6, 7, 11, 16, 18, 20, 21 տարեկան։ Արցախում ապրելու տարիներին բազմաթիվ դժվարությունների միջով են անցել։ Թշնամին անմարդկային դաժանությամբ բռնությունների է ենթարկել Դիանայի որդուն և ամուսնու հորը։

«Չեմ կարողանում վերհիշել այդ օրերը, շատ ահավոր էր»,-ասում է 42-ամյա Դիանան և նշում, որ երկու որդիները, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե սեպտեմբերի 19-ին դիրքերում են եղել։

«Սեպտեմբերի 19-ին տղաս դիրքերում էր, ասաց՝ մամ, համար մեկ է, բայց պետք է գամ ձեզ տեսնեմ, գնամ։ Առավոտ շուտ եկան, ժպիտները դեմքերին գնացին։ Ու սկսվեց»,-այս հանդիպումից հետո մայրը օրեր շարունակ տղաներից որևէ տեղեկություն չի ունեցել։

Տղաները՝ Արթուրն ու Տիգրանը, եղել են տարբեր դիրքերում։ Մեկը՝ Մարտունու, մյուսը՝ Դրմբոնի։ Երկուսն էլ շրջափակման մեջ են հայտնվել։

«Բոլորը գալիս էին, բայց իմ զինծառայողները չկային։ Հինգ օր սպասում էինք, բայց ձեն չկար։ Ոչ մի տեղեկություն չունեինք։ Հույսով սպասում էի, որ զանգ կգա, կասեն՝ մամ, ողջ ենք։ Մերոնք ավելի վատին էին սպասում, որովհետև ասել էին, որ սաղ հողին է հավասարեցված»,-հիշում է մայրն ու պատմում, թե ինչպես են որդիներն անակնկալ եկել։

«Նկուղում հաց էի սարքում՝ փոքր երեխաների համար։ Հետևից մեկը գրկեց ինձ, ետ նայեցի տեսա մեծ տղաս է։ Մեկ շաբաթից էլ Տիգրանը եկավ՝ պայթյունի օրն էր»,- տղաները թե ինչ դժվարություններով են անցել, մայրն ասում է, ընտանիքում ոչինչ չեն պատմել, միայն Տիգրանը վերադառնալուց հետո գիշերային մղձավանջներում է քնի մեջ դաժանություններից խոսել։

«Մեզ ոչ մի բան չեն պատմել, թե ինչ իրավիճակում են եղել։ Միայն Տիգրանը, գալուց հետո մեկ շաբաթ շարունակ քնած տեղը պատմում էր, թե ինչ է եղել։ Քնի մեջ լացում էր, ասում էր՝ արյունը մաքրեք։ Այսպես ենք իմացել, թե ինչի միջոցվ են անցել»։

Դիանայի ավագ որդին՝ Արթուրն էլ, գերության մեջ է հայտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մայրն ասում է՝ տղային դաժան ծեծի են ենթարկել, որ նույնիսկ աչքերը չի կարողացել բացել։

«44-օրյա պատերազմի ժամանակ մեծ տղաս ծառայության մեջ էր, գերի ընկավ, ահավոր օրն են գցել։ Մեկ ամիս ու տաս օրվա ծառայող էր, բերել էին Շուշի։ Իրեն Քարինտակ գյուղում են բռնել, լավ ծեծել են, այնքան են ծեծել, որ իրենց թվացել է, թե մահացել է, գցել են զոհվածների մոտ, գնացել են։ Հետո երկու զինվոր են եղել՝ տարածքում, տղաս ասել է՝ աչքերիս կոպերը բացեք, ես ճանապարհը ցույց տամ, դուրս գանք։ Դուրս են եկել Շուշիի տակ գտնվող կամուրջի մոտ, վերջին ՈւԱԶ-ն է եղել այդտեղ, որ դա էլ պետք է դուրս գար ու Շուշին արդեն հանձնած էր։ Նոյեմբերի 9-ին է եղել։ Դրանով են եկել»,-պատմում է մայրը։

Երբ արդեն երկու որդիները վերադարձել են տուն, Արթուրը հոր հետ գնացել է բենզինի պահեստ, որպեսզի վառելիք վերցնեն։ Դիանան հիշում է, որ պայթյունի ժամանակ հայր ու որդի միմյանց կորցրել են և գտել են մեծ դժվարությամբ։ «Ամբողջովին պատառատված շորերով եկան տուն, անձրև էր գալիս, ցեխոտ էին։ Այդ պահին ասացի՝ վերջ, գնում ենք։ Նույնիսկ տան դուռը չփակեցի»,-ասում է Դիանան՝ նշելով, որ տարիների աշխատանքը թողել են Ստեփանակերտում։

Արթուրի և Տիգրանի համար բարդ է եղել նաև Հակարիի կամուրջով անցնելը։ Մայրը նշում է, որ իր տղաների լուսանկարները տարածված են եղել ադրբեջանական Տելեգրամյան ալիքներով, երբ հասել են անցակետի մոտ թշնամին սկսել է ուսումնասիրել որդիներին։

«Հեռախոսին նայեց, հետո Տիգրանին, ասացի՝ վերջ ճանաչեցին, իրենց ամբողջ տելեգրամյան ալիքներում իմ տղաների նկարներն էին։ Մի կերպ դուրս եկանք։ Ադրբեջանցիները մեքենաներով՝ այլանդակ ծիծաղով, գալիս անցնում էին, չես պատկերացնում, թե ինչ էր կատարվում մեր հետ»,-ասաց Դիանան։

Ամուսնու հայրը՝ Հրանտ Ղարիբյանը ևս սպանվել է թշնամու կողմից։ 2016 թվականին Թալիշում բնակվող 67-ամյա Հրանտ Ղարիբյանը դիրքերում գտնվող զինվորներին սնունդ է տարել և ցանկացել է օգնել զոհերին դուրս հանել։ Ադրբեջանցիները, սակայն, նրան գլխատել են։

Այս բոլոր դժվարություններով անցած Ղարիբյանները հիմա սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։ Ընտանիքում աշխատում է միայն հայրը, սակայն, աշխատավարձը չի բավարարում ծախսերին։ Առկա խնդիրներին գումարվել է տան գնի վարձի բարձրացումը։ Արթուրն ու Տիգրանը հաղթահարել են ադրբեջանական բռնություններն ու աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում։ Մայրն ասում է՝ պատճառը ՀՀ քաղաքացի չլինելն է։  Դիանա Ղարիբյանն ինքն է որոշել ընտանիքի հոգսն ինչ-որ առումով թեթևացնել, ցանկանում է զբաղվել այն աշխատանքով, որն Արցախում էր անում։

«Եթե կարի մեքենա լինի, շատ լավ կլինի, կաշխատեմ։ Մի հատ բերեցին, ուզեցի աշխատեմ, բայց չի աշխատում, պետք է վերանորոգել, որի գումարը չունեմ, նորն էլ 50 հազար դրամ արժի, չեմ կարողանում գնել։ Ես Արցախում կատարել եմ այս աշխատանքը, այստեղ էլ կանեմ»,-ասում է բռնի տեղահանված կինը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest