Արցախի բնակիչները նոր նախագահից հստակ գործողություններ են ակնկալում։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։ Ըստ վերլուծաբանի առաջնային լուծում պահանջող խնդիրը Լաչինի միջանցքի բացումն է։

«Լաչինի միջանցքի խնդիրն է, որը պետք է գործի եռակողմ հայտարարության ռեժիմով՝ բեռների և քաղաքացիների ազատ տեղաշարժ, երկու ուղղություններով։ Նոր նախագահը դիրքորոշում է հայտնել այս ամենը կյանքի կոչելու համար, բայց, քայլեր են անհրաժեշտ։ Արտաքին ոլորտում ահագին անելիքներ կան, մարդիկ հստակ քայլերի են սպասում, կոնկրետ ծրագրերի են սպասում»,-ասում է Դավիթ Կարաբեկյանը՝ շեշտելով, որ առայժմ նախագահի փոփոխությունից հետո հստակ ծրագրեր չեն ներկայացվել։

Ադրբեջանը շարունակում է զինտեխնիկա կուտակել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի հետ սահմանին։ Դավիթ Կարաբեկյանը նշում է՝ ակնհայտ սպառնալիքներ կան արցախցիներին ուղղված, որոնք զուգորդվում են Աղդամով բեռներ ստանալու և Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկներով։ Քաղաքական վերլուծաբանը սա անթույլատրելի է համարում։

«Բաքվի կողմից բացահայտ սպառնալիքներ կան, որը քողարկվում են տարբեր առաջարկներով, բոլորն ինտեգրացիայի հետ կապ ունեն, ինչն այստեղ համարում ենք մահացու։ Այդ պրոցեսը դեռ իրենք փորձում են արցախցիներին սովի մատնելով, ձերբակալությամբ սպառնալով, Հակարիի կամրջից առջանգելով խնդիր լուծել։ Պատմությունն ու առողջ տրամաբանությունը հիշում է, որ եթե Բաքվի այդ ծրագիրն իրականանա, ապա ցեղասպանություն է լինելու։ Գուցե ջարդ չլինի, բայց քայլ առ քայլ բնակչությանն Արցախից հանելու են»,-ասաց նա՝ նշելով, որ իշխանություններից համալիր լուծումներ են ակնկալվում, ոչ թե կարճաժամկետ գործողություններ։

«Պետք է համալիր լուծում գտնել, որը ոչ միայն Լաչինի խնդիրը կլուծի, այլ նաև հայկականության պահպանման հարցը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ Արցախը չի կարող առանց Հայաստան գոյատևել և հակառակը»,-նշեց նա։

Իսկ հնարավոր է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները միասին փորձեն հասնել համալիր լուծումների,- հետաքրքրվեցինք Արցախցի քաղաքական վերլուծաբանից։ Դավիթ Կարաբեկյանը տարաձայնություններ է տեսնում Երևանի և Ստեփանակերտի միջև։  «Փաշինյանի դիրքորոշումը, որ ճանաչում է Արդրբեջանի տարածքային ամբողջականությունը այժմ շահարկվում է Ռուսաստանի կողմից և գումարած դրան նա տվեց խոշոր զիջումների հիմքն՝ հօգուտ Ադրբեջանի»,-ասաց նա, ըստ որի, Արցախում չեն կարողանում հաշտվել Փաշինյանի այս դիրքորոշման հետ։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest