Արցախից բռնի տեղահնված Գագիկ Մկրտչյանն առաջին կարգի հաշմանդամություն ունի։ 47-ամյա տղամարդն ապրում է անկողնային հիվանդ ծնողների հետ՝ սոցիալական ծարն պայմաններում։

«Տունը կոմունալ հարմարություններից զրկված է։ Առանց բաղնիքի ու զուգարանի ենք ապրում, ջուրն ու հոսանքը ես եմ քաշել։ Բնական գազ չկա»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Գագիկը։

Նա հաշմանդամություն ունի 1999 թվականից։ Առողջական խնդիրների պատճառով մեծ դժվարությամբ է խոսում և քայլում։ Ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ծանր աշխատանք կատարել։

Ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտակերտ քաղաքաից՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններից հետո։ «Այդ օրը մեր տանից ոչ մի տեղ չենք գնացել, հաջորդը օրն էլ էր անտանելի, քաղաքապետին ասացի, ավտո ուղարկեց, մեզ տեղափոխեցին օդանավակայանի տարածք, հինգ օր այնտեղ մնացինք, հետո եկանք Գորիս»,-ասում է Գագիկը։

Գագիկի փոխանցմամբ՝ Իվանյանի օդանավակայանի տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարական կետը, քաոսային իրավիճակ էր։ «Մարդիկ տխուր էին, կոտրված»,-հիշում է Գագիկն ու ավելացնում, որ հոգեբանական ծանր վիճակին գումարվում էր ֆիզիկական ցավն ու կորուստները։

Խոսակցություններից հույս է ստացել, որ մի քանի օրից վերադառնալու է Մարտակերտ՝ իրենց տուն, սակայն, երկու-երեք օր անց լսել է․ «Ասում էին՝ կամ պետք է մնաք և Ադրբեջանի հետ ապրեք, կամ դուրս գաք։ Մարդիկ այդպես էին ասում։ Սուս ու փուս թողեցինք մեր տուն, տեղը, դուրս եկանք»։

Տունը որտեղ Գագիկը բնակվում է տարեց ծնողների հետ հին է, խոնավ, նկատվում են փլուզման հետքեր։ Ննջասենյակներից մեկում, որը, եթե կարելի քիչ, թե շատ բարվոք համարել, ծնողներինն է։ Նրանց ամբողջ օրն անցնում է անկողնում պառկած։

«82 տարեկան եմ։ Ոտքս կտրել են, երկու տարի է պառկած եմ կառավատի վրա»,-ասում է հայրը՝ Մանվել Մկրտչյանը և նշում, որ իր համար բռնի տեղահանումը եռակի անգամ բարդ է եղել։ Ոչ հոգեպես, ոչ ֆիզիկապես չէր կարողանում հեռանալ տնից։ «Մի կերպ դուրս եկա»,-ասում է նա։

82-ամյա Մանվել Մկրտչյաների հիշողություններում գաղթի ճանապարհն է։ «Մարդիկ բոլորը դրսերում էին, ճանապարհին, սոված, ծարավ, մի կերպ հասել ենք»։

Գագիկի մայրը՝ Եպրաքսիա Մկրտչյանը, 76 տարեկան է, լսողության հետ կապված խնդիրներ ունի։

«Այս մարդկանց անօգտնական գցել են այստեղ»,-նայելով ծնողներին ասում է Գագիկը։

Տարեց ծնողների խնամքը Գագիկն է իրականացնում։ Առաջնային է համարում սանհանգույց ունենալը։ «Որ դնեմ էս մարդկանց լողացնեմ, ես այս պայմններում ստիպված եմ մնում։ Ներկա պահին այլ վարձով տուն անհնար է գտնել։ Այս տունն է վարձած, 80 հազար դրամ եմ տալիս»,-ասում է Գագիկն ու նշում, որ իրենց եկամտի աղբյուրը Հայաստանի կառավարության տրամադրած աջակցությունն է և թոշակը։

«Դեղ եմ գնում, փամփերսով եմ պահում ծնողներիս, սաղ իմ վրա է, հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում։ 2021 թվականից այս պայմաններում են ապրում»,-ասում է Գագիկը։

Ընտանիքն այժմ բնակվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, այն Երևանից հեռու է մոտ 60 կմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest