«Արտակն է մնացել, լոխ դուրս եկան, աֆիցերները գնացել են»,-18-ամյա Արսեն Առուստամյանն այս տեքստով ձայնային հաղորդագրությունը դիրքերից սխալմամբ մորն է ուղարկել՝ ընկերոջն ուղարկելու փոխարեն։

Արսեն Առուստամյանը 18 տարեկան էր, ծառայում էր Ասկերանում։ Ադրբեջանական կողմը, երբ սկսել է գնդակոծել խաղաղ բնակավայրերը քաղաքացիական բնակչությունը տեղափոխվել է Իվանյանի օդանավակայան՝ ռուսական զորքի տեղակայման վայր։ Արսենի մայրը՝ Մարգարիտա Սեյրանյանը, օդանավակայանի տարածքում տեսել է հրամանատարներին, որոնք պետք է լինեին դիրքերում՝ զինվորների կողքին։

«Ոչ մեկը չի մոտիկացել էրեխեքին՝ օգնի, բոլորն օդանավակայանում կանգնած, նայում էին։ Էրեխեքը դիրքերում մենակ են եղել, այդ ձայնագրությունն ուղարկելուց երեք օր հետո պատերազմը սկսվել է։ Իրենց մոտ ոչ մեկը չի եղել, երեխաները միայնակ են եղել։ Աերոպորտում բոլոր հրամանատարներին, մեծ տղաներին տեսել եմ, կանգնած էին։ Ասում էի՝ խի չեք գնում էրեխեքի մոտ, դիրքերն էլ մեր դիմացն էր, մի քանի կիլոմետր այն կողմ, ես տեսնում էի, թե ոնց ա այդ դիրքերը վառվում, ինձ ասում էին՝ մենք բազմազավակ էինք, գնանք, մեռնե՞նք»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Մարգարիտա Սեյրանյանը։

«Իմ տղան 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը»,-մայրը միայն այս բառերն է կարողանում արտաբերել, արցունքերը թույլ չեն տալիս ավարտին հասցնել մտքերը։

Որդին վերջին անգամ մոր հետ խոսել է պատերազմից հինգ րոպե առաջ, ասել է, որ Մարիամին՝ փոքրիկ քրոջը, տանից հանի․ «Չենք իմանում, թե ինչ կլինի»,-ասել է Արսենը։ «Միանգամից տնից դուրս եկա, չգիտեի, թե որ կողմ գնամ, երեխաներս տարբեր տեղեր էին, մեկը մանկապարտեզում էր, մյուսը՝ դպրոցում, էն մեկ էլ պոստերում։ Ահավոր կրակում էին»,-վերհիշում է մայրը։

Դիրերում ընթացող մարտերի ժամանակ Արսենը նկատել է, որ ընկերը վիրավորվել է, գնացել է ընկերոջ հետևից, ինքն էլ է զոհվել։

«Պոստում վեց-յոթ երեխա են եղել, բոլորը զոհվել են, միայն մեկն է վիրավորվել։ Աերոպորտում էինք, զանգհարեցի ամուսնուս, ասացի՝ Էռնեստ, Արսենն ո՞ւր է,  տեսե՞լ ես, ասաց՝ չէ, բայց լավ է, ասացի՝ հնարավոր չէ դու ուզես տեսել ու չգնաս մոտը։ Ասացի ես առանց Արսենի չեմ կարող, այդ ժամանակ ասաց՝ Արսենն էլ չկա»,-վերհիշում է մայրը

Արսենը ծառայության 9-րդ ամսում որոշել է պայմանագրային ծառայության անցնել, չի ցանկացել ընկերներին միայնակ թողնել։ «Ասում էի՝ երկու տարի ծառայի, արի տուն, պատասխանում էր՝ բա՞ իմ ընկերները, բոլորը ստորագրել են, ես էլ եմ ուզում։ Ինքը փոքր ժամանակից սիրում էր ծառայությունն, անընդհատ պոստեր էր գնում, զինվորներին ուտելիք էր տանում»,-պատմում է մայրը՝ նշելով, որ որդին վերջին մեկ ամսում մշտապես դիրքերում է եղել։

«Տուն ընդամենը մեկ անգամ է եկել։ Զանգեց ասաց՝ մամա, ուտելիք ու ծխախոտ չկա, տարել եմ, իջել վերցրել է ու պատերազմը սկսվել է»։

Տիկին Մարգաիրտան նշում է, որ չնայած Արցախում ստեղծված ծանր պայմաններին, յուրաքանչյուր շաբաթ դիրքեր սնունդ, ծխախոտ և անհրաժեշտ պարագաներ են ուղարկել։ «Արսենին, որ բան էի ուղարկում, այնքան էի ուղարկում, որ բոլորին հասնի։ Ասում էի՝ բենզին չկա, տրոնսպորտ չկա, որ բոլոր ծնողները կարողանան գալ իրենց երեխաների մոտ։ Նասկի, ուտելիք, ամեն ինչը շատ էի ուղարկում, որ մեկը չուտի, մյուսը՝ նայի»,-ոչ միայն զինվորներին, այլ նաև սպաների համար են անհրաժեշտ պարագաներ ուղարկել։

Տիկին Մարգարիտային հատկապես վշտացնում է այն, որ իր ու ամուսնու՝ զինվորականներին ցուցաբերած նվիրվածությանը, որևէ մեկը չի եկել ու չի ցավակցել միակ որդու զոհվելու կապակցությամբ։

«Ու մինչև հիմա էլ ոչ մի հրամանատար չի եկել մեր տուն կամ զանգի ասի՝ Էռնեստ, ցավակցում եմ, դու մեզ շատ ես օգնել, ինչ ուզել ենք, ուղարկել եք։ Օրը տասն անգամ զանգում էի, ինչ պետք էր տալիս էինք, ճարում տալիս էինք»,-ասում է  Մարգարիտան ։

Արսենին ուղարկավորել են Եռաբլուրում։ Կողքին եղբոր՝ հորաքրոջ որդու, Տիգրանի շիրիմն է։

Նրանց ընտանիքները Երևանում միասին են ապրում, փորձելով սփոփել միմյանց վիշտը։ Տիգրանի հերոսական ուղին կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest