Արցախի ներքաղաքական կյանքում անորոշություն կա։ Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն այսպես է գնահատում Ստեփանակերտում կատարվող վերջին քաղաքական զարգացումները։

Նշենք, որ մայիսի 15-ին Սամվել Բաբայանը Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրել և պահանջում էր իրեն նշանակել պետնախարար, տրամադրել 100 օր, որի ընթացքում ինքը էականորեն կլուծի երկրի անվտանգային ու տնտեսական ոլորտում առկա խնդիրները։ Արցախի իշխանություններն այս հանրահավաքից հետո քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, հանդիպել են Արայիկ Հարությունյանն ու Սանվել Բաբայանը։ Հարությունյանը Բաբայանին առաջարկել է ընդգրկվել մի մարմնում, որի կազմում են լինելու գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը և Արցախի նախագահին կից  հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Առայժմ հայտնի չէ՝ ինչ լիազորություններ ու գործունեության ժամկետ է ունենալու նոր մարմինը։

«Անորոշությունը եթե շարունակական է լինում, լարվածության է բերում, քանի դեռ հստակ քայլեր չեն առաջարկվում։ Այն քաղաքական կերպարները, որոնք բավականին մեծ աղմուկ են բարձրացնում, թե իբր նախաձեռնություններ ունեն, այսօրվա հրատապ հարցերին լուծումներ չեն առաջարկում։ Եթե ճանապարհի արգելափակման հարցը չի լուծվում, էլ ինչի՞ մասին խոսենք։ Հարցեր են առաջանում՝ ճանապարհը այսպես է, բա ինչպե՞ս եք բանակը զինելու»,-Forrights.am-ին ասում է Արթուր Օսիպյանը։

Ստեփանակերտում քաղաքական գործընթացների թեժացման ֆոնին լրանում է Արցախը Հայաստանին կապող Հակարի կամրջի արգելափակման մեկ ամիսը։ Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը դեռևս ապրիլի 23-ից անցակետ է տեղադրել այնտեղ, զինված սահմանապահներ կանգնեցրել ու թույլ չի տալիս արցախցիներին ազատ երթևեկել, ինչը ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։

Մայիսի 7-ին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովին, որը մեկնել էր Բաքու ճանապարհը բացելու շուրջ քննարկումներ ունենալու համար, չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ քննարկումներում դրական արդյունքերի հասնել։ Պետնախարարը նաև նշել էր, որ առաջիկայում ամենակարճ ժամկետներում Լենցովը նորից է հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։

Այս հայտարարությունից շուրջ 15 օր անց նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արթուր Օսիպյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է այս գործընթացը։

«Լենցովը գնացել է, արհամարվել է, իրենց պայմաները չեն ընդունվել։ Փաստն այն է, որ ոչ մի զիջում Ադրբեջանի կողմից չկար և կարելի է ասել, որ խաղաղապահների հրամանատարը տապալել է գործը։ Հիմա մայիսի 25-ին սպասվում է Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, սպասում են, որ որոշում պետք է կայացվի։ Բլոկադան էլ պատերազմի ծանր տեսակներից է, պետք է դիմանանք»,-ասում է Արթուր Օսիպյանը։

Նրա խոսքով, արցախցիները չեն երթևեկում ադրբեջանական անցակետով։

«Պետք է ոչ զինված, քաղաքացիական հնազանդ ակցիաներ կազմակերպել կամրջին, պետք է ադրբեջանցիներին հանգիստ չտալ։ Արցախցիները, որոնք հիմա Երևանում են, պետք է համախմբվեն և կամրջի մոտ անժամկետ ակցիաներ կազմակերպեն, չպետք է թույլ տալ, որ աշխարհը մեզ մոռանա։ Սա հնարավոր է մի դեպքում, եթե չլինեն քաղաքական գործիչները։ Մի այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, որ անհնարին լինի մեզ չլսելը։ Բացի այդ, Հաագայի դատարանի որոշումն ամեն օր աշխարհի աչքը պետք է մտցնել, ինչը չի արվում»,-ասում է Արթուր Օսիպյանը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest