«Նոր Զովք» ընկերության կողմից  պետությունից հարկեր թաքցնելու գործով ձերբակալված չորս անձանցից մեկը շարունակում է կալանավորված մնալ։ Խոսքը «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերության սեփականատեր Վլադիմիր Սարգսյանի մասին է։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Վլադիմիր Սարգսյանն աջակցել է «Նոր Զովք»-ին հարկերը թաքցնելու գործընթացում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մարտի 2-ին հայտնել էր, որ «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի և Վլադիմիր Սարգսյանի գործողությունների արդյունքում 2019-2023թթ․ ընթացքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2 մլրդ 205 մլն 858 հազար 586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1 մլրդ 921 մլն 752 հազար 578 դրամ շահութահարկ: Ապրիլի 6-ին էլ հայտնի դարձավ, որ «Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցրած հարկերի մի մասը՝ 2 միլիարդ դրամը, սեփականատերն ու գլխավոր տնօրենն ընդունել են հարկերը թաքցնելու փաստն ու ազատ են արձակվել։

Թաքցված հարկերի կեսը վերականգնելուց հետո այժմ Վլադիմիր Սարգսյանի հարազատների մոտ հարց է առաջանում՝ ինչու է նա շարունակում մնալ անազատության մեջ։

Forrights.am-ին ահազանգած Վլադիմիր Սարգսյանի եղբայրը՝ Տիգրան Սարգսյանը, պնդում է, որ իր եղբորը ապօրինի են կալանքի տակ պահում՝ առաջարկելով գործարք. կալանքից ազատ արձակվել՝ «Նոր Զովքի» սեփականատիրոջ դեմ ցուցմունք տալու պայմանով:

«Քննչական կոմիտե պլյուս պետեկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ ինձ համար գարշելի զույգը, իրենց ուժային կառույց լինելու հանգամանքն օգտագործելով փորձում են Վլադից կորզել իրենց հաճելի ցուցմունքեր։ Եղբորս զալոժնիկ են պահում։ Քննիչն ասում է՝ գրի մնացածի դեմ այն, ինչը մենք ուզում ենք։ Այսինքն, էլ ո՞վ է քեզանից ծրագիր գնել, ո՞վ է հարկեր թաքցրել, էլ ո՞վ է այս սխեմայի մեջ առկա։ Վլադն էլ ասում է՝ չգիտեմ»,-Forrighst.am-ի հետ զրույցում ասում է Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանն ահազանգում է՝ եղբորը քննչական մարմիններում հոգեբանական բռնությունների են ենթարկում, ակնարկում են, որ չորս անչափահաս երեխա ունի և սպառնում են անգամ թունավորել։ Տիգրան Սարգսյանը սա ճնշման փորձեր է որակում։

«ՊԵԿ-ի ու քննչական կոմիտեի նախագահներին ասում ենք՝ ձեր կեղտոտ մեթոդները, թե գիտեք՝ որտեղ են սովորում երեխաները, որ ժամին են դպրոց գնում, որ դպրոցն են գնում, մենք էլ գիտենք, թե այդ հանձնարարությունները տվողների երեխաները որտեղ են սովորում։ Եղբորս բաց տեքստով սպառնալիքներ են հնչեցնում ընտանիքի անդամների նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Սպառնացել են նաև՝ չզարմանաս, որ մի օր քեզ թունավորված սնունդ բերեն, զգույշ եղի կամ մեր հետ համագործակցի»,-ասում է Տիգրան Սարգսյանը։

42-ամյա Վլադիմիր Սարգսյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել՝ նախաքաննությանը չխոչընդոտելու հիմնավորմամբ։ Տիգրան Սարգսյանը, սակայն, նշում է, որ եթե եղբայրը ցանկանար խոչընդոտել, ապա երկիրը կլքեր, քանի որ մինչ կալանավորումը յոթ օր ժամանակ ուներ։

Ավելի քան 4 միլիարդ դրամ հարկը, ըստ ՊԵԿ-ի, «Նոր Զովք» ընկերությունը թաքցրել էր նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ ՊԵԿ-ից հայտնել էին, որ ընկերության սուպերմարկետներում գնորդներին տրամադրվել են ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում նշված գումարի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկվել հարկային մարմին։ Որոշ դեպքերում էլ տրամադրվեն ներքին կտրոններ, որոնց վրա բացակայել են օրենքով սահմանված նշումները։ Վլադիմիր Սարգսյանին մեղադրում են նշյալ ծրագրերը սուպերմարկետների ցանց ունեցող «Նոր Զովք» ընկերությանը տրամադրելու համար։

Տիգրան Սարգսյանը նշում է՝ եղբայրն իսկապես համագործակցում է «Նոր Զովք»-ի և բազմաթիվ այլ ընկերությունների հետ։ Նրա խոսքով, սակայն, եղբայրը ծրագիրը տալիս է ընկերություններին, ընկերություններն օգտագործում են իրենց ցանկությամբ։  Տիգրանն ասում է, որ խուզարկության ժամանակ քննիչն առանց դատարանի ուժի մեջ մտած վճռի եղբորն արդեն հանցագործ է ճանաչել։

«Եղբորս միակ սխալն այն է, որ նա ծրագրավորող է, ունի բավարար գիտելիքներ ծրագիր գրելու, եթե այդպես վերցնենք, ծրագրավորողների 90 տոկոսը հանցագործ է։ Եթե մարդուն պատվիրում են, որ դանակ սարքի, ինքը սարքում է, լավ մարդը վերցնում հաց է կտրում, էն մարդը, որը ուզում է սառը զենք օգտարգործի, դանակը դառնում է սպանության գործիք։

Վլադիմիրը ծրագիր է գրել, բայց չի վերահսկում, թե այդ ծրագիրն ինչ նպատակով է օգտագործվելու, ուր է գնալու, հետո ինչ է լինելու։ Հետևաբար անարդար է իրեն որպես օժանդակող ներգրավելը։ Քննիչներից մեկն էլ իրեն թույլ տվեց ասել «հանցագործ ախպերդ», խուզարկության ընթացքում։ Այսինքն՝ նա սկզբից էլ տրամադրված է, որ իմ եղբայրը հանցագործ է։

«Նոր Զովք»-ը այն հազար ընկերություններից մեկն է, որի համար ծրագիր է գրվել։ Խոսքը 1C ծրագրի մասին է, դա ծրագրային լեզու է, ծրագիր չէ։ Դա ծրագրավորման միջավայր է, որը ցանկացած անձ կարող է իր փոփոխություններն անել, ցանկացած մարդ այդ ծրագրավորման տիրույթում ինչ ուզի կարող է անել։ Եղբայրս այդ ծրագրի մասնագետն է։

Այդ ծրագիրը շատ լավ հնարավորություն է տնտեսվարողների համար իրենց հաշվառումը հեշտացնելու համար։ Այսինքն՝ ապրանքը մուտք եղավ, ուղարկվեց կասսա, վաճառվեց, վաճառքից գումարը մտավ կասսա»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Վլադիմիր Սարգսյանի փաստաբան Հայկ Ալումյանը իրավապահների առաջադրած մեղադրանքը համարում է ոչ հստակ։ «Անորոշ ձևակերպումներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալու, թե ինչումն է մեղադրվում Վլադիմիր Սարգսյանը։ Մեղսագրվում է օժանդակություն, բայց ինչ գործողություններ է կատարել Վլադիմիր Սարգսյանը, ոչ մի ձևով հնարավոր չէ հասկանալ»,-Forrights.am-ին ասում է Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով անտրամաբանական է նաև Վլադիմիր Սարգսյանին կալանքի տակ պահելն ու խափանման միջոցը չփոխելը։ Ալումյանը հիմնավորում է, թե ինչու իր պաշտպանյալը չպետք է մնա անազատության մեջ․ «Հնարավոր չէ տրամաբանությունը հասկանալ, վերլուծել և հնարավոր չէ դրա մասին կարծիք հայտնել։ Գտնում են, որ Վլադիմիր Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, բայց այդ փաստարկը ամբողջությամբ հերքվում է՝ հաշվի առնելով, որ անձիք, որոնց մեղսագրվում է կատարումը, նրանք դուրսն են և հասկանալի չէ, թե ինչու են իրավապահները կարծում, որ Վլադիմիրը կարող է խոչընդոտել»։

Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ առաջիկայում հարցեր կուղղենք Քննչական կոմիտեին և Պետական եկամուտների կոմիտեին՝ ներկայացնելու համար պետական գերատեսչությունների դիրքորոշումները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest