44-օրյա պատերազմից 2,5 տարի անց 175 անհետ կորած ծինծառայողի ծնողներ փնտրում են իրենց երեխաներին։ Նրանք պարբերաբար հանդիպում են պետական գերատեսչությունների ղեկավարների հետ՝ հույսով, որ գոնե մի տեղեկություն կստանան իրենց որդիներից։

Հարություն Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 7-ի փնտրում է որդուն՝ ժամկետային զինծառայող Վալոդյա Հարությունյանին։ Տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 6-ին։ «Տանկը խոցվել է, դրանից հետո տեղեկություն չունեմ»,-ասաց հայրը՝ նշելով, որ որդին 1,5 տարվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։

Վալոդյան ծառայում էր Ցորում։ Հայրն ասաց, որ տանկի նշանառու է եղել, իսկ վերջին անգամ, երբ խոսել է հետը եղել է «9-րդ կիլոմետր» կոչվող տարածքում։ Տղայի համածառայակիցներից ոմանք հետ են վերադարձել, բայց Վոլոդիայի մասին տեղեկություններ չեն հայտնել։ Հարություն Հարությունյանը դժգոհ է պետական կառույցների գործողություններից։

«2,5 տարի է, բայց ոչ մի գործողություն պետության կողմից՝ հատկապես Քննչական կոմիտեի կողմից, չի արվում։ Չեն օգնում, որ հասկանանք մեր երեխաների ճակատագիրն ինչ է եղել։ Դեպքերի ընթացքը պետք է ՔԿ-ն պարզի, վկաներին գտնի։ Նաև առաջարկել ենք մեր օգնությունը, որից հրաժարվում են, առաջարկում ենք միասին աշխատել, մենք ավելի սրտացավորեն կորոնենք մեր երեխաներին»,-ասաց նա։

Անհետ կորած զինծառայողների ծնողները մարտի 27-ին հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության մոտ, նրանք հստակ պահանջներ են ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նրանք պահանջում են, որ հնարավորինս արագ պարզվի իրենց որդիների անհետանալու հանգամանքերը և գտնվելու հավանական վայրերը։

Անհետ կորածների ծնողները 2023 թվականի մարտի 8-ին էլ հանդիպել են Քննչական կեմիտեի  նախագահ Արգիշտի Քյարամյանին, Հարություն Հարությունյանն ասում է, որ այդ օրն էլ ոչ մի նորություն ծնողներին չի փոխանցվել։

«Ես դատարանի որոշում ունենմ, որ իմ երեխան համարվում է անհայտ բացակայող, բայց ունեմ նաև ԴՆԹ համընկնում, որի հետ համաձայն չեմ, քանի որ լուրջ հետաքննություն չի իրականացվել։ Ինչ-որ կակսկածելի ոսկորի կտորի հիման վրա ես չեմ կարող ասել, որ իմ երեխան է, մարմին չի ոսկոր է»,-ասաց հայրը։

Հարություն Հարությունյանը Forrighst.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ օրը նաև միջադեպ է տեղի ունեցել ծնողների և Արգիտի Քյարամյանի միջև։ Պատճառը եղել է այն, որ ծնողները փակ հանդիպման ժամանակ պահանջել են ՔԿ ղեկավարությունից անուն առ անուն կարդալ գերության մեջ գտնվող զինծառայողների անունները։

«Եղել է միջադեպ։ Ծնողի էմոցիաները դուրը չի եկել ՔԿ պետին։ Ծնողը ՔԿ-ից պահանջում էր ասել՝ ի՞նչ են արել իր երեխայի ճակատագիրը պարզելու համար, որին մի քիչ վատ արտահայտեց մեր հարգելի Քյարամյանը։ Նույն տոնով փորձեց պատասխանել, որը չստացվեց իր մոտ, բոլոր ծնողները բարկացան և հարթվեց, գնաց։ Արգիշտի Քյարամյանը նստած տեղից վերկացավ, մոտեցավ ծնողներին»,-ասաց նա։

Այս միջադեպի մասին mediafactory.am կայքում հրապարակում է արել նաև անհետ կորած զինծառայող Արամ Սվարյանի քույրը՝ Անահիտ Սվարյանը։ Ըստ հոդվածի՝ ծնողները դժգոհել են ՔԿ-ի աշխատանքից, իսկ մեկն ասել է․ «Դուք այսպես վատ եք աշխատում, որովհետև այդ թղթերի մեջ մեր երեխաների ճակատագրերն են։ Այդպե՞ս կվարվեիք, եթե այդտեղ ոչ թե մեր, այլ ձեր երեխաները լինեին։ Ձեր գործը, իբր, անում եք ու գնում տուն, որ ձեր երեխեքին ապահովեք ամեն ինչով։ Դե պատկերացրեք, որ այդտեղ ձեր երեխաներն են»։

Ըստ անհետ կորած զինծառայողի քրոջ հոդվածի՝  Արգիշտի Քյարամյանը այլայլվել է, ապա զայրացած հայացքով նայել ծնողին ու գոռացել. «Դուք արդեն ձեր չափերն անցնում եք»։

Անահիտ Սվարյանը հետո նկարագրում է Արգիշտի Քյարամյանի գործողությունները․ «Քյարամյանը վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ այդ տղամարդուն, ու վայրկյաններ անց նա և տղամարդը բռնել էին միմյանց օձիքներից։ Ծնողների մեծ մասը, այդ թվում՝ հայրս, հավաքվել էին նրանց շուրջը, իսկ աղմուկի վրա ներս մտած ոստիկանները փորձում էին հարթել իրավիճակը։ Րոպեներ անց ոտքի վրա կանգնածներն այնքան շատացան, որ նստածս տեղից չէին երևում ո՛չ Քյարամյանը, ո՛չ էլ նրա հետ վեճի բռնված ծնողը։ Որոշ ծնողներ դուրս եկան դահլիճից, ոմանք էլ հույսով սպասում էին, որ ստանան իրենց հարցերի պատասխանները։ Քաշքշոցը տևեց մոտ 5 րոպե, հետո Քյարամյանը վերադարձավ իր տեղը, ծնողներն էլ նստեցին կամ դուրս եկան միջանցք։ Հանդիպումը շարունակվեց լարված մթնոլորտում»,-ասված է հոդվածում։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի նման պահվածքի վերաբերյալ  Forrights.am-ը պարզաբանում խնդրեց կառույցի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։ Չնայած, որ անհետ կորածներից մեկի հայրը, իսկ մյուսի քույրը միջադեպի մասին տեղեկությունը հաստատում են, ՔԿ խոսնակը նշեց, որ իրականությունը խեղաթյուրված է ներկայացվում։

«Միջամտելու անհրապեշտությունն առաջացել է նրանով, որ հանդիպմանը ներկա անձանցից մեկը անձնական վիրավորանք է հասցրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի հասցեին։ ՔԿ նախագահը փորձել է տեղում հարթել իրավիճակը, զսպել նմանատիպ գործողությունները՝ հետագայում դրանց զարգացումը։ Չգիտես ինչու ներկայացվում է իրենց կողմից արված հայտարարություններից պայմանավորված գործողություն, վստահեցնում եմ, որ Ձեր նշած հանգամանքով պայմանավորված չի եղել, այլ եղել է անձնական վիրավորանք հասցնելու հանգամանքով։ Օձիք քաշքշելու դրսևորումներ չեն եղել»,-ասաց ՔԿ խոսնակը։

-Իսկ Արգիշտի Քյարամյանը ծնողներին ասե՞լ է, որ «դուք ձեր չափերն արդեն անցնում եք»։

-Ասվել է կոնկրետ այն անձին, որն անձնական վիրավորանք է հասցրել։

-Որ ասում եք վիրավորանք, նկատի ունե՞ք այն, որ ծնողն ասել է, թե «եթե ձեր երեխաները լինեին այդ ցուցակներում»։

-Ոչ, դա չի եղել անձնական վիրավորանք, հնչել է շատ ուղիղ վիրավորանք։ Չեմ ցանկանում փակագծեր բացել։

Նարեկ Կիրակոսյան 

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest