Կամո Բալայանն Արցախից Հայաստան բռնի տեղահանվելու ճանապարհին անդրբեջանցի զինվորականների կողմից ծեծի է ենթարկվել։ Երեք հոգով նրան բռնության են ենթարկել։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի տղամարդը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Ճարտարից Ստեփանակերտ ավտաճանապարհին, որտեղ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ից հետո երկու անցակետ է տեղադրել։

Կամո Բալայանը սարսափելի դրվագներ է նկարագրում ադրբեջանցի զինված  զինծառայողների գործողություններից, թե ինչպես են իրեն բռնության ենթարկել՝  գցել են գետնին և հինգ րոպե շարունակ ոտքերով հարվածներ հասցրել։

«Մեկը՝ սև հագուստով, քացով խփեց մեջքիս, դռան մոտ էի, որ խփեց դոշս տվեցի դռանը։ Մի քանի անգամ էլ դրանից հետո են խփում՝ զենքի պրիկլադով (խզակոթ), համ խփում էին, համ ասում էին ավտոմեքենայի եղածը դատարկի։ Այդ ամբողջ դատարկել, լցնելու ընթացքում խփում էին, միաժամանակ երեք հոգով էին խփում։ Մի պահ գետնին ընկա երեք հոգով՝ քացով սկսեցին խփել։ Վզիս էին խփում, մեջքիս էին խփում, երիկամներիս»,Forrights.am-հետ զրույցում պատմում է ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկված տղամարդը և նշում, որ իրեն սկսել են դաժան հարվածներ հասցնել այն բանից հետո, երբ առաջարկել է, որ իր հետ ռուսերեն կամ հայրեն խոսեն, քանի որ ադրբեջաներեն չի հասկանում։

«Մի հոգին էր ռուսերեն խոսում, հասկանում էի, որ երկուսն ադրբեջաներեն քֆուր են տալիս, ռուսերենով ասում եմ՝ կամ հայերեն խոսացեք, կամ՝ ռուսերեն։ Առաջին անգամ էդ բառի վրա են խփել։ Հենց դա ասում եմ՝ խփում են»,-վերհիշում է Կամոն։, ասում է տարածքում արցախցիների անվտանգության երեշխավոր համարվող ռուս խաղաղապահներ չեն եղել․ «Ռուսներ չկային»։

Կամոն կարծում է, որ իրեն ծեծի են ենթարկել նաև Արցախի համար մղվող պաշտպանական մարտերին մասնակցելու համար։ Նա աշխարհազորից է եղել, հայրենիքին մատուցած ծառայությունների համար բազմաթիվ մեդալներ է ստացել։ Ճարտարը լքելուց իր հետ վերցրել են իրեն, հորը տված մեդալները և մեքենայում դրել տեսանելի վայրում։

«Մեդալները՝ իմ, հորս, սաղ դրած եմ եղել դռան ջեբում, մոռացած եմ եղել, որ այդտեղ եմ դրել։ Այդ մեդալները ճարել էին ու քֆուր էին տալիս»,-Կամոյի աչքի առաջ են տեսարանները, թե ինչպես են ադրբեջանցիները այն նետել գետին և սկսել տրորել։

Ծեծն ու հոգեբանական ճնշումները եղել են Ճարտարը լքող արցախցիների աչքի առաջ։ «Կալոնան կանգնած էր, բայց ո՞նց միջամտեին, չես կարող միջամտել։  Չորս կողմը դիպուկահարները նստած էին, պարզ էր, որ ամեն պահի կարող էին կրակել կամ էլ ձեռքերս կապեին տանեին»։

Այդ անցակետից չորս կիլոմետր այն կողմ ադրբեջանական ևս մեկ անցակետ է եղել, որտեղ ֆիզիկական բռնության Կամոն չի ենթարկվել, սակայն, հոգեբանական ճնշումներ են եղել։ Շուրջ կես ժամ սահմանափակել են նրա և մեքենայում գտնվող երեք այլ արցախցիների տեղաշարժը, թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։

Կամո Բալայանի մոտ գլխի, մեջքի, երիկամների շրջանում սուր ցավեր կան։ Ստեփանակերտ, ասում է, հազիվ հասա, այնտեղից մեքենան երկու օր վարել չի կարողացել։ Հիմա էլ յոթ հոգանոց ընտանիքի հոգսն է ուսերին, պարապ նստելն իր համար չէ, ասում է՝ աշխատանք եմ փնտրում։

«Ի՜նչ բժշկի գնամ, եկել էինք մի քանի օր տուն էինք ման գալիս, էլ ինչ բժշկի գնայի։ Մի քանի օր ավտոյում ենք քնել, մինչև այս տունը ճարել ենք։ Մի օր Գորիսում ենք քնել, մի օր՝ Վայքում, մի օր Արարարտում»,-ասում է Կամոն, որն այժմ ընտանիքի հետ ժամանակավոր Գառնիում է հաստատվել։ Տանտերը տունը երեք ամսով է տվել, ցրտաշունչ ձմռան կեսին ստիպված են նոր տուն փնտրել։

Գաղթի ճանապարհի դաժանություններից առաջ Կամո Բալայանը սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմին է մասնակցել․ «դաժան էր»,-ասում է նա։

«Դաժան կռիվ է եղել, շատ փիս։ Մենք համար մեկ ենք եղել, ատբոյ են տվել, հաջորդ օրը կռիվը սկսվել է»,-ասում է նա ու ավելացնում՝ հրամանատարի՝ Նաիրիկի շնորհիվ մինչ զինադադարը չորս դիրք են կորցրել, կռվել են շրջափակման մեջ՝ չնայած գյուղերը դատարկվում էր, բայց իրենք մարտը չէին դադարեցնում։ Երկու զոհ և չորս վիրավոր են ունեցել։ Այս թեժ մարտերից հետո Արցախի զենքերը թշնամուն հանձնելն ամոթալի է համարում։

«Զենքերը բարձել ենք Կամազն, ուղարկել ենք պոլկ։ 86 ավտոմատ, 8 հատ նռնականետ, 8 պեկա և շատ-շատ պատրոններ ու նռնակներ։ Մի մասը փչացրել ենք, որ օգտագործել չլինի, ինչը պահանջված էր, փչացրել ենք։ «Իմ համար ամոթ էր, որ հանձնեցինք, ես առաջարկում էի լցնեինք լճի մեջ, մեր մոտ մի փոքր լիճ կար»,-ասում է նա։

Կամոն և ընտանիքը սոցիալական մի շարք խնդիրներ ունեն, Արցախից ոչինչ չեն կարողացել բերել։ Դեռ չեն ստացել նաև ՀՀ կառավարության կողմից տրվող ֆինանսական աջակցությունը։ Կամո Բալայանը սա երկրորդական է համարում, ասում է՝ մի օր ուշ, թե մի օր շուտ, գումարն էլ կստանա, աշխատանք էլ կգտնի, միայն թե անդառնալի կորուստները չեն վերականգնվի։

«Ամեն ինչ թողել ենք Ճարտարում, ամենակարևորը հայրենի՛ք ենք թողել, հայրենի՜ք, գերեզմանոցներ, տներ, հայրենիք․․․»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest