Ադրբեջանում տիրող  մարդու իրավունքների համատարած խախտումների դեպքերի համատեքստում Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը քարոզչական բովանդակությամբ տեսանյութ է հեռարձակել հայ ռազմագերիների մասնակցությամբ։

Մինչ 2023 թվականի մարտին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում արձանագրվում են Ադրբեջանում իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումների, քաղաքացիների նկատմամբ դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, կյանքին սպառնացող բանտային պայմանների, կամայական կալանքների, քաղբանտարկյալների առկայության և այլ խախտումների դեպքերը, բռնապետական երկրի լրագրողները փորձում են մարդու իրավունքների պաշտպանության մասին քարոզչական կեղծ բնույթի ռեպորտաժներ պատրաստել։

Ադրբեջանի պետական բյուջեից սնվող հանրային հեռուստաալիքը հրապարակած 14 րոպեանոց տեսանյութում դրվագներ է ներկայացրել 44 օրյա պատերազմի օրերից, ինչպես նաև կադրերում երևում են 2021 թվականին Գեղարքունիքի հատվածում գերեվարված հայ զինծառայողները։ Գերության մեջ գտնվողներից մեկը թշնամու քարոզչական ռեպորտաժում «Մարտիկի երգն է» երգում, հետո պատմում է բանտի լավ պայմանների մասին՝ գիրք կարդալու և հեռուստացույց դիտելու հնարավորություն մասին։ Մեկ այլ ռազմագերի էլ նշում է՝«ադրբեջանցին այնպիսի մարդ է, ինչպիսին ես»։

Սա միայն ոչ ժողովրդավարական Ադրբեջանի քարոզչական ռեպորտաժում։

Վերջին տարիների ընթացքում Forrights.am-ը հանդիպել ու զրուցել է 44-օրյա պատերազմի և 2022-ի սեպտեմբերյան կարճատև մարտերի հետևանքով գերեվարված, այնուհետև Հայաստան վերադարձված զինծառայողներից շատերի հետ, որոնք մեզ ներկայացրել են Բաքվի բանտերում անմարդկային բռնությունների ու խոշտանգումների մասին անհավանական պատմություններ։

Առանձին դեպքերում հայ զինծառայողները ծեծի ու բռնության են ենթարկվել նաև ադրբեջանական գյուղերում, որոնք գտնվում են Բաքու տանող ճանապարհին։ «Կանգնացնում էին մեքենան և գյուղացիներին ասում էին՝ հայեր են, վրեժ լուծեք։ Ադրբեջանցիները խփում էին մեզ․․․»,- պատմել էր զինծառայողներից մեկը։

Ըստ մեր զրուցակիցների, հատկապես դժոխային են եղել Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում անցկացված օրերը։ Հայ զինվորներին գերեվարելուց հետո, թշնամին նրանց տեղափոխում է Ադրբեջանի ռազմական ոստիկանություն, որտեղ առանց պատճառի կանոնավոր ծեծի են ենթարկում, հետո տեղափոխում բանտ․

«Մինչև բանտում հայտնվելը բավականին շատ ծեծի ենք ենթարկվել։ Բաքվի ռազմական ոստիկանությունում նստել, պառկել չկար, զգաստ պետք է կանգնած լինեիր, որ գլազոկից նայեին ու տեսնեին, որ կանգնած ես։ Քնելու մասին երազել կարելի էր։ Եթե կանգնած չմնայիր 6-7 հոգով մտնում էին սենյակ ու հաշվեհարդար էին տեսնում՝ կարգը խախտելու համար։ Նույնիսկ եթե կանգնած էինք մնում 30 րոպե պարբերականությամբ գալիս էին ու խփում էին՝ 6-7 հոգով, բավականին դաժան»։

Հայ զինծառայողներին նույնիսկ ստիպել են մենամարտի բռնվել, իսկ պարտվողին՝ դաժան ծեծի եթարկել․ ադրբեջանցիները բարձրությունից թռել են նրանց մեջքին։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով այս քարոզչական տեսանյութը պատրաստվել է միջազգային հանրության և ադրբեջանական հասարակության համար։

«Միջազգային հանրության ձեռքի տակ կան բավարար տվյալներ, որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը ներգրավված է պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման մեջ, բացի այն, որ մարդու իրավունքերին առնչվող ներքին խնդիրներ կան։ Ներքին լսարանի համար իրենք վիզուալիզացնում են, որ կա դոմինանտ էթնիկ խումբ՝ ադրբեջանցիներն են, որ ունեն գերազանություն հայերի նկատմամբ։ Հանրային քննարկում են իրականանացնում ռազմագերիների առնչությամբ, ինչն ուղեկցվում է ատելությամբ, ակնհայտ թշնամանք են հրահրում այնտեղ պահվող ռազմագերիների և հայերի նկատմամբ։ Մի կողմից խաբում են միջազգային հանրությանը, մյուս կողմից արմենոֆոբիայի դրսևորումները  պահում են բարձ մակարդակի վրա»,-ասել է Սիրանուշ Սահակյանը։

Սիրանույշ Սահակյանի խոսքով, այս փուլում նման տեսանյութի տարածումը կապված է նաև ադրբեջանցի դիվերսանտների՝ Հայաստանում պատիժ կրելու հանգամանքի հետ, քանի որ Ադրբեջանն անվտանգային միջոցառումների համար դիմել էր ՄԻԵԴ, բայց դատարանը մերժել էր՝ համարելով, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանում չեն ենթարկվում խոշտանգումների, իսկ հայկական կողմի դիմումները դատարանը բավարարում է։

Որքան էլ ադրբեջանական ոչ անկախ լրատվամիջոցները նկարահանեն ու ցուցադրեն Բաքվի բանտերի սպիտակ բարձերը, գրադարանում գեղեցիկ շարված գրքերն ու հայ ռազմագերիների՝ ճնշումների միջոցով ձեռք բերված դրական խոսքերն Ադրբեջանի մասին, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները Ալիևի ռեժիմին մեկ որակում են տալիս՝ պատերազմական հանցագործ։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին համացանցում տարածվեց սահմռկեցուցիչ տեսանյութը, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ զինվորականներ բարձունքի վրա գնդակահարում շարքով շարված 9 անզեն գերիների։ Հեղինակավոր Bellingcat-ի հետազոտությունից պարզ էր դարձել, որ այն նկարահանվել էր Սև լճի մերձակայքում, ամենայն հավանականությամբ` սեպտեմբերի 13-ին։

Հեղինակավոր Human Rights Watch-ն էր պնդել, որ հայ ռազմագերիների գնդակահարումը պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն:

Ի դեպ, Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին ավելի քան տասն օր առաջ Շիկահողի միջդիրքային հատվածից առևանգված երկու զինծառայողների վերաբերյալ, հայտնում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ:

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը», — ասված է հաղորդագրության մեջ:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest