«Արթուրը շատ էր սիրում զինվորական համազգեսը, լեյտենանտի ուսադիրները, երևի մի 10 հատ համազգեստ ունի»,- որդու հայրենասիրության մասին հիշողություններն այս  բառերով է սկսում Վարսիկ  Հարությունյանը։ Նա լեյտենանտ Արթուր Սահակյանի մայրն է։

Արթուրը այն չորս հայորդիներից մեկն է, որը կյանքի գնով կանգնեցրել է թշնամու զորքի առաջխաղացումը Սյունիքի Տեղ գյուղի ուղությամբ։ Սահմանային միջադեպը տեղի էր ունեցել երկու ամիս առաջ՝ ապրիլի 11-ին, երբ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել էին հայկական դիրքերի ամրաշինական աշխատաքներին։

«Երբ ինժիներական աշխատանքեր են փորձել իրականացնել, հակառակորդը պահանջել է նահանջել, ինչը հայկական կողմը չի կատարել։ Հայկական կողմի անզիջում դիրքորոշման արդյունքում, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաև Արթուրը, նահանջ չի եղել»,-ընկերոջ հայրենասիրության մասին հպարտությամբ պատմում է Գագիկը։

Արթուր Սահակյանը դասակի հրամանատարն է եղել և վաշտի հրամանատարի պաշտոնակատարը։ Ընկերները պատմում եմ, որ ապրիլի 11-ին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտ էլ է տեղի ունեցել։

«Արթուրի ձեռքի ուժի մասին լեգենդներ կան։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է նա ձեռքով խփում պատին, պատը ճաքել է։ Կռիվը մոտ տարածությունում է եղել, և փոխհրաձգություն է եղել, և ձեռնամարտ, որի ժամանակ էլ, ցավոք, զոհվել է»,-ասում է Գագիկը։ Մյուս ընկերներից Տիգրանին էլ տեղեկություններ են հասել, որ Արթուրը մինչև զոհվելն Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի է խփել։

«Այնտեղ՝ թշնամու կողմից, եղել է  գեներալ, կորպուսի հրամանատարը, խոսակցությունը թեժացել է, ծեծկռտուք է եղել, որի ժամանակ Արթուրը զենքով խփել է ադրբեջանցի գեներալին»,-ասաց Տիգրանը։

Արթուրի ընկերներին՝ Գագիկին և Տիգրանին հանդիպել ենք ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակում, որտեղ ուսանողական տարիներին Արթուրն իր երազանքերի մասին է պատմել․  «ցանկացել է և դիվանագետի, և զինվորականի աշխատանքով օգտակար լինել հայրենիքին։ Այդ նպատակով էր ծառայության անցել «Պատիվ ունեմ» ծրագրով։ Ցանկանում էր դառնալ արտակարգ և լիազոր դեսպան ու Հայաստանը ներկայացնել արաբական աշխարհում»,-պատմում են ընկերները։

«Պատիվ ունեմ» ծրագրով հայոց բանակում ծառայելու որոշումն Արթուրը դպրոցական տարիներ է կայացրել։ «Մի օր դպրոցից եկավ ու ասաց, որ «Պատիվ ունեմ» ծրագիր կա, ուզում եմ մասնակցեմ։ Ես համաձայն չէի, ուղիղ մեկ ամիս ինձ խնդրեց, որ գնամ դիմում տամ, վերջին օրը գնացինք։ Արթուրը շատ էր սիրում բանակը, հայրենիքը, չափից շատ»,-ասում է մայրը՝ Վարսիկ Հարությունյանն ու հիշում, թե ինչպես է որդին դեմ եղել ռուսական անձնագիր ունենալու տարբերակով բանակից ազատվելու գաղափարին։ «Ասաց՝ եթե հանեք էլ ռուսական անձնագիր, միևնույն է, ես ծառայելու եմ հայոց բանակում»։

Արթուրը ծառայեց և կյանքը չխնայելով պաշտպանեց հայրենիքը։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Տեղ գյուղի բնակիչները հիացմունքով էին ներկայացնում հայ զինծառայողների հերոսությունները, որոնց ականատես էին եղել մի քանի մետր հեռավարությունից։

Արթուրի և ծնողների կապը կորել է ապրիլի 11-ին։  «Չարաբաստիկ օրն իմացանք, որ ինքը դիրքերում է։ Արդեն ժամը 6-ն էր իրենից լուր չունեինք, գրում էինք, զանգում էինք, չէր պատասխանում։ Ժամը 10:30 իմացանք, որ ամեն ինչ վերջացել է, չկա Արթուրը, չկա․․․»,-ասաց մայրը՝ նշելով, որ որդին կամավորագրվել էր նաև Արցախը պաշտպանելու համար։

«44-օրյա պատերազմի ժամանակ ասացի՝ Արթուր ջան, չես գնա չէ՞, ասաց՝ չէ, մա ջան։ Հաջորդ օրը գնացել Երևան կամավոր էր գրվել, բայց իրեն չէին տարել․․․ամեն ինչ կաներ հայրենիքի համար»,-ասաց մայրը։

Արթուր Սահակյանը Գյումրիից էր, ընտանիքի միակ որդին, ունի մեկ քույր։ Գյումրու Ակադեմիական վարժարանում, որտեղ սովորել է Արթուրը, փառքի անկյուն կա՝ Արթուրի և զոհված մյուս տղաների հիշատակին։ Արթուրի ուսուցչուհիներից Ռոզա Խաչատուրյանը նշում է՝ Արթուրի հայրենասիրությունը փոխանցվում է մյուս սաներին։  «Ամբողջ դպրոցը ողբում էր Արթուրի մահը։ Մեր դպրոցից էլի զոհեր կան, յուրաքանչյուրի զինվորի մահը մեծ ցավով ենք տանում, իսկ Արթուրի մահը նոր վերք բացեց։ Թվում է, թե կյանքն անիմաստ է դարձել, բայց սա դպրոց է, այստեղ կան նոր Արթուրներ, հույս է տալիս, որ կյանքը շարունակվում է, քանի որ նրանք ևս ապրում են հայրենասիրությամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest