Արցախցի 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը 2023 թվականին գերության մեջ է հայտնվել։ Նա շուրջ տասը օր ապրել է գերության մեջ։ Faorrights.am-ի հետ զրույցում գերության մեջ հայտնված տարեց կինը տեսել է, որ իր հարազատներից և համագյուղացիներից ևս գերեվարված են։

«Ես չէի ուզում գյուղից դուրս գալ, տղաս եկավ ասաց, որ գնում ենք, մեր ընտանիքը գնաց, ես ու ամուսինս մնացինք, մի քիչ անցավ կրակոցները գնալով մոտիկանում էին, ամուսինս ներս մտավ, ասաց թուրքերը մտել են գյուղ, մեր տնից 100-200 մետր էին հեռու, լսվում էր, որ ադրբեջաներն էին խոսում»,- Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ը հիշելով պատմում է 63-ամյա Էլմիրա Աբրահամյանը, որը հրաժարվել էր լքել Արցախը, որոշել էր ամուսնու հետ մնալ իրենց Խնկավան գյուղում։

«Վախենում էին, կարող էին գալ ու սպանել։ Մեր տունը գյուղի սկիզբն էր, առաջինը մեր տուն են մտել, սնայրադները ընկնում էին մեր դեմը, ծառերը կտրվում ընկնում էին գետին»,-Էլմիրա Աբրահամյանն ու ամուսինը տեսնելով, որ Խնկավանում մնալն անհնարին է, տեղափոխվել են այլ գյուղ՝ Հարությունագոմեր։

«Անտառով գնում էինք, մի հատ փոս կար, ընկա, ձեռքս կպավ քարին, կոտրեցի։ Զոռով վեր կացա, հասզիվ գնացինք այդ գյուղ։ Հասանք, տեսա, որ աղջկաս պատրոնը (սկեսրայրը) դեռ տանն է»,-այստեղ հասնելուց հետո նրանց գյուղապետն ասել է, որ այս գյուղից էլ պետք է հեռանան։ «Պետք է գնայինք Հորաթաղ, որ մեզ զինվորականները տեղափոխեին, բայց չհասցրեցինք, գնացել էին։ Գնացինք գյուղի վերջը շաքարս բարձրացավ, էլ չէի կարողանում քայլել, ամուսինս չէր ուզում ինձ թողներ, ասում էր՝ մնաս, քեզ ի՞նչ կանեն, պատասխանեցի՝ բա, որ դու ու աղջկաս սկեսրայրն էլ մնան, ձեզ էլ սպանեն, ինչ կլինի»։

Տիկին Էլմիրան ստիպված է եղել Հոռաթաղի տներից մեկում պատսպարվել։ «Տրաքոցները լսվում էին դեռ։ Գնացի աղջկաս սկեսրայրի ախպոր տունը, մի քանի ժամ անցավ, մեկ էլ քացով խփեցին դռանը, ադրբեջանցիներ էին՝ երեք-չորս հոգի, ավտոմատներով, պիստալետներով զինված։ Նրանցից մեկը հայերեն հարցրեց՝ տատիկ հա՞յ ես, ասացի՝ հա, հարցրեց՝ ուրիշ մարդ կա՞, պատասխանեցի՝ չէ։ Այդ ընթացքում սենյակներն էին ստուգում»,-պատմում է Էլմիրա Աբրահամյանն ու նշում, որ իրենց այդտեղ սպանելու սպառնալիքներ են հնչել։

«Էն մի տղան ասաց՝ եկեք, սպանենք, մեկն էլ ասաց՝ չէ, սպասեք զանգեմ։ Զանգեց, հեռախոսը բերեց մոտեցրեց ինձ, իրանց մեծն ասաց՝ մեծ կնիկ ա, սպանում ես ի՞նչ անես։ Ասաց բերեք Քարվաճառ, այնտեղից կտանենք Բաքու»։

Էլմիրա Աբրահամյանի խոսքով՝ իրեն թողել են այնտեղ ու վերադարձել երեք օրից։ «Երեք օր հետո հայաթում մի ջիպ կանգնեց։ Եկան ասացին՝ վեր կաց, նստի ավտոն։ Արդեն հասակացա, որ ամեն ինչ վատ է, ինձ գերի են տանում։ Մեքենայով եկանք դեպի Վաղուհաս գյուղ, այնտեղից էլ մի հիվանդ կնոջ վերցրեցին՝ իր կրավատին պառկած էր։ Եկանք հասանք Քարվաճառ։ Մի 30-40 հատ պալատկա կար, դրանցից մեկի մոտ կանգնեցին, ոչ դուռ ուներ, ոչ մի բան։ Վախենում էի, շաքարս բարձրացել էր, վախենում էի, բոլորն ադրբեջանցի էին, հույս չունեի, որ կփրկվեմ։ Րոպեն մեկ՝ տարբեր ձևի մարդիկ էին մտնում, ինչ իմանայի՝ ոնց կլինի, սուս արած նստած էի»։

Էլմիրա Աբրահամյանն ադրբեջանական գերության երրորդ օրը տեսել է, որ ամուսնու քրոջ որդին էլ է գերության մեջ՝ նույն տարածքում։ Հայասեր է այդ տղայի անունը, 30 տարեկան է։ «Հինգ օր այդտեղ մնացինք, հետո եկավ իրենց մեծը ասաց՝ տատիկ հել, գնում ենք, ես մտածեցի, թե գնում ենք Բաքու։ Տալիս տղային էլ բերեցին, մի պատառ հիվանդ է։ Մի կին էլ կար, Խնկավանից էր, ես ու նա մի սենյակում էինք։ Եկանք, եկանք, տեսա Կարմիր խաչը կանգնած է, մեզ տվեցին Կարմիր խաչին»։

62-ամյա Էլմիրայի երեխաները գերության ամբողջ ընթացքում մորից տեղեկություն չեն ունեցել․ «Պապայենք անտառում էին կռվի ժամանակ, հետո գյուղ չեն կարողացել գնալ, որ հարազատներին հանեին։ Ստեփանակերտում ծանոթներից մեկը նկար ցույց տվեց ու ասեց մամաս ա՝ գլուխը կտրել են։ Երկու օր սգի մեջ ենք եղել, կարծելով, որ ադրբեջանցիները մտնելով Խնկավան  գյուղ՝ խոշտանգելով սպանել են մորս»,-ասում է դուստրը՝ Լիանան՝ նշելով, որ պարբերաբար ծեծել են, զենքի կոթով կոտրել ուսը, սոված պահել․ «Մամային կարմիր խաչով են բերել Հայաստան, մի ամիս համարյա չէի տեսել, որովհետև մեքենա չունեինք, որ գնայի մոտը։ Մի օր ինձ անակնկալ արեց՝ իր ոտքով եկավ էս տուն, ես էլ իրեն ասեցի՝ էլ քո համար չեմ լացելու, երկու օր սուգ եմ կապել», forrights.am -ին տված հարցազրույցներից մեկում ասել էր դուստրը։

Գերության մեջ հայտնված Էլմիրա Աբրահամյանը նաև մի սարսաթելի դեպքի մասին է պատմում, որը տեղի է ունեցել Հոռաթաղում։ «Այդտեղ մի կին էլ կար, նա փախավ գնաց ուրիշ տուն, ինձ հարցրեցին տեսե՞լ ես, ասացի՝ չէ։ Նրան տարել են զինվորների հուշարձանի մոտ մորթել են։ Մի 35-40 տարեկան կին էր, Հոռաթաղ գյուղից էր»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest