«Վերջին անգամ համբուրել եմ իմ տան դռներն ու դուրս եկել, պատմելու չէ, հիշելու չէ, շատ ցավոտ է»,- նոյեմբերյան ցուրտն հաղթահարելու նպատակով ադեալի մեջ կսկված արցախյան վերջին օրն է հիշում Ստելլա Մկրտչյանը։

Ստեփանակերտում էր ապրում։ Հայրենիքի համար 17 տարեկանից է սկսել պայքարել՝ խոհարարից մինչև վիրավոր զինծառայողներին օգնական է եղել արցախյան առաջին պատերազմի ժամանակ։  «17 տարեկան էի, որ առաջին պատերազմը սկսվեց։ Սկզբում խոհարար էի, հետո մտել տղեքի հետ վիրավորներին էի հանում»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է տիկին Ստելլան։

Ստելլա Մկրտչյանն արցախյան առաջին պատերազմի մասնակից է, Հայրենիքին մատուցած ծառայության համար «Արիության» մեդալի է արժանացել։ ««Արիության» մեդալ ունեի, բայց այրեցի, վախից նկարներն էլ ջնջեցի»,-մեդալները, շքանշաններն ու դրանց վկայականները բռնի տեղահանումից հետո այրել է, երբ լուրեր է ստացել, որ Արցախից Հայաստան ճանապարհին ստուգելու են ու նման իրեր տեսնելուց հետո գերեվարելու են։

Բռնի տեղահանումից հետո Ստելլա Մկրտչյանն ապրում է Վայոց Ձորի Մալիշկա գյուղում։ Նրա ընտանիքը մասնատվել է, միասին ապրելու հնարավորություն չկա։ Ինքն ու կամավորական ամուսինն ապրում են քրոջ որդու և նրա ընտանիքի հետ՝ յոթ հոգով, իր երեխաներն ապրում են Արարատի մարզում։

Տունը, որտեղ ապրում են տիկին Ստելլան ու հարազատները, միայն բետոնապատված է։  «Տանը ցուրտ է, վառելիք չկա, խանութներից գարդոն ենք բերել, որ վառենք, էն էլ միշտ չենք գտնում։ Տունը ցուրտ է, մրսում ենք։ Օրը մեկ անգամ էլ չենք կարողանում վառարանը միացնենք։ Պլիտան էլ միացնենք հոսանքի այդքան փող չենք կարող տալ»,-ասում է արցախցի կինը։

Տանը երեք երեխա, որից երկուսը դպրոցահասակ։ Ընտանիքն անկողնային պարագաների, ձմեռային հագուստ-կոշիկի խնդիրներ ունեն։ «Երեխաներին են միայն անկողին տվել՝ օգնություն, մենք չունենք։ Ադեալ ենք քցում մեր վրա, որ չմրսենք։ Էրեխեքը շուտ-շուտ հիվանդանում են, դպրոցից բացակայում են։ Ոչ մի բան չենք բերել, կոշիկ, շոր չունենք։ Ասել են օգնություն կտան, բայց դեռ չեն տվել։ Ասել են էս քանի օրը շոր են տալու, բայց երեխաների վերարկուների, կոշիկների համար ասել են չկա»։

Ստեփանակերտում վերջին օրերին դաժան էր, տիկին Ստելլան այդ մասին խոսելիս հիշում է․ «Վա՜յ, վա՜յ, վա՜յ շատ վատ վիճակում էինք։ Մեր փողոցում նկուղներ չկային։ Սեփական տներում էինք ապրում, այդքան չէինք կարող կրակոցների տակ քայլելով քաղաք հասնել, ստիպված բակում էի կանգնում կամ տանը հատակին էի պառկում։

Այդ օրն էլ պետք է գնայի կտրոնով հարցի հերթի, դուրս եկա փողոց տեսնեմ մարդ չկա։ Ես մենակ էի տանը, ամուսինս պոստերում էր, անտառին մոտիկ է մեր տունը, կրակելով արդեն տներին էին հասնում»,-տիկին Ստելլան պատմում է, որ հարևաններից մի քանիսը գնացել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ Իանյանում գտնվող Արցախի օդանավակայանի տարածք, սակայն, կարճ ժամանակ անց հետ են եկել, տեղ չեն տվել, ասել են ընդունում են միայն շրջաններից այստեղ հասածներին։

Ստելլա Մկրտչյանն ասաց, որ ամուսինը հրադադարից երկու օր անց է միայն կարողացել տուն գալ, պատմել է այն սարսափը, որի միջով անցել է։

«Ասում է, որ արդեն դուրս էին գալիս, միամիտ տեսել է, որ դիմացն ադրբեջանցիներ են դուրս եկել։ Մարտեր են եղել, ամուսնուս մոտ ավտոմատ է եղել, հազիվ է փրկվել, քանի որ ադրբեջանցի զինծառայողը դանակով հարձակվել է իր վրա, ամբողջ ձեռքերին դանակի հետքեր են»,-ասաց նա։

Forrights.am-ն Արարատի մարզում հանդիպել է տիկին Ստելլայի տղային, քրոջը և մյուս հարազատներին։ Առաջիկա օրերին կներկայացնենք նրանց պատմությունները։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest