35-ամյա Քնար Սահակյանը 11-ամյա դստեր հետ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ապրում է ավտոտնակում։ Ցուրտ, խոնավ և նեղլիկ ավտոտնակի ամսավարձը 50 հազար դրամ է։ Այնտեղ կա մեկ ու կես սենյակ՝ առանց կոմունալ հարմարությունների։ «Տան» տերը Քնարից երկու ամսա վարձն է պահանջել, Քնարը ստիպված է եղել ՀՀ կառավարության կողմից իր և դստեր համար ստացած ընդհանուր 100 հազար դրամ աջակցությունը տալ նրանց, որից հետո ինքն ու դուստրը մնացել են առանց հացի փողի։

«Վատ պայմաններում ենք ապրում։ Էն օրը 100 հազար դրամը ստացա, տվեցի տան վարձ, դատարկ եկա տուն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված կինը։

Ավտոտնակը Քնարը ջեռուցում է էլեկտրաէներգիայով, ինչը բավականին ծախսատար է ու անարդյունավետ։

«Հոսանքի վարձը չեմ կարողանում տալ, մի քանի օր է լույս չունեինք, շատ ցուրտ էր, չէինք կարողանում մնալ տանը։ Մենք երկու օր լույս չունեինք, տան վարձից ասացի 20 հազար տվեք, որ գոնե լույսը միացնեն»,-դստեր հետ մի քանի օր միայն ցրտին դիմանալով Քնարը դիմել է ավտոտնակի սեփականատիրոջը։ Հիմա սպասում է, որ պետությունը հաջորդ ամիս կրկին աջակցություն տրամադրի, որ կողանա նախորդ ամսվա և այս ամսվա էլեկտրականության ծախսերը փակել։

Կացարանում որտեղ բնակվում են մայր ու դուստր չկա նաև լոգարան։ «Բաղնիք չկա, ուրիշի տուն ենք գնում՝ շաբաթը մեկ անգամ, որ լողանանք»,-ասաց նա։

Քնարն ու դուստրը բնակվում են Վայքում։ Սննդի խնդիր ունեն, երբեմն համայնքապետարանն է աջակցություն տրամադրում, հարևանները հագուստ են տալիս։ Լինում են օրեր, որ տանը հաց չի լինում։

«Որ դուխովկա լինի տանը հաց կթխեմ, հիմա տանը հաց չունենք, թավայի մեջ եմ փորձել թխել, նույնն հացն եմ ստանում, ինչն Արցախում՝ բլոկադայի ժամանակ։ Եթե դուխովկա տան ալյուր կառնեմ, հաց կթխեմ, հիմա տանը ինձ հաց չունեմ, գումար էլ չունեմ, որ առնեմ։ Էրեխա է քաղցր է ուզում կամ շոր, սաղ հին շորեր են, նորմալ շոր չունի, որ հագնի, գնա դասի»,-Forrights.am-ի հետ ասում է Քնար Սահակյանն ու ցույց տալիս թավայի մեջ թխված հացը։

Քնարը փորձել է Վայքում աշխատանք գտնել, բայց չի հաջողվում։ Ասում է, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե կարողանա միակ երեխայի խնդիրները լուծել։  «Ուզում եմ մի աշխատանք գտնեմ, աշխատեմ, մի քանի տեղ դիմել եմ, բայց չկա, ես ցանկացած աշխատանք կանեմ»։

Քնարն ասում է, որ չի կարողանում նաև որպես միայնակ մայր նպաստ ստանալ, քանի որ, իր փոխանցմամբ՝ նախկին ամուսինը հրաժարվում է անձնագրի կրկնօրինակը տրամադրել, նպաստի գործարքն իրականացնելու համար։

Քնարն Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից է, դպրոցում մաքրուհի է աշխատել։  «Ոչինչ էլի, յոլա ենք գնացել, բլոկադային դիմադրել ենք։ Հիմա տան վարձ եմ տալիս, հոսանքի փողն եմ տալիս, էլ ձեռքս գումար չի մնում»,-ասում է նա և հիշում սեպտեմբերի 19-ը, թե ինչպես ստիպված եղավ լքել իր տունը։

Կրակոցները, երբ դադարել են Քնարն անչափահաս դստեր հետ Դահրավ գյուղից ոտքով գնացել է քրոջ տուն՝ Հասանաբադ գյուղ։ «Մեքենա չկար, ոտքով հասել ենք քրոջս տուն, մի քանի ժամ քայլել ենք, մի քանի օր մնացինք այնտեղ, երբ արդեն պետք է դուրս գայինք էլի ոտքով հետ եկանք մեր գյուղ, մի քանի շոր վերցրեցինք, էլի ոտքով հետ գնացքին քրոջս տուն, մի մեքենա կար, դրանով եկանք Վայք։ Ամբողջ ճանապարհին սոված, ծարավ եկանք, ցուրտ էր»։

Քնարն ու դուստրը հույս ունեն, որ Նոր տարվա նախաշեմին մի հրաշք էլ իրենց համար կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest