«Ծննդյան օրը հուղարկավորեցինք։ Թանկ նվեր եկավ ինձ։ Ես չէի ուզում նման նվեր ստանալ»,- Հայկի 22-ամյակի օրը ծնողները նրան հանձնեցին հողին՝ 22 օր շարունակ փնտրելուց հետո։

«Ամենուր փնտրել ենք, խելռառի պես ման էինք գալիս»,-ասում է հայրը՝ Մասիս Խաչատրյանը։

Հայկ Խաչատրյանը ժամկետային զինծառայող էր, սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքերում է եղել։ Դիրքերում 9 հոգով են եղել, կռվել են մինչև վերջ։ Ինչո՞ւ պետությունն առողջ հետ չի վերադարձնում իրենց ու մյուս տղաներին, վշտացած հարցնում են ծնողները։

«Ե՞րբ ինքը մի օր ուշ գնար բանակ, մեզի եսիմ ինչ կանեին, էրեխուն մի այլ ձևի կտանեին, իսկ, երբ ման էինք գալիս մեզ ոչ մեկ կոնկրետ պատասխան չէր տալիս՝ որտե՞ղ է մեր երեխան։ Մեզանից էին տվյալներ ուզում, մենք իրենց երեխա էինք տվել։  Առողջ տալիս ենք պետությանը, այսպես բերում տալիս են մեզ, մինչև ե՞րբ։ Միայն մեր էրեխով չի եզրափակվում, մեր հայ ազգը․․․ 15 էրեխեքը, մենք հասկացանք, որ կռիվ էր, բա իրենց ծնողներն ի՞նչ ասեն»,-ասում է Հայկի մայրը՝ Սիրանուշ Խաչատրյանը։

Չնայած՝ դաժան է, բայց ծնողներն ասում են՝ իրենց մխիթարում է  այն հանգամանքը, որ գոնե իրենց որդին թշնամու ԱԹՍ-ից է զոհվել ու շիրիմ ունի։ Ասում են՝ ծնողներ կան, որ հիմա դրանից էլ են զրված։ «Հայկի հետ մի տղա կար՝ Ապարանից, դին այնտեղ է մնացել, չեն կարողանում իրենց էրեխու դին բերել, որ շիրիմին այցելեն»,-ասում է հայրը։

Մոր խոսքով՝ որդին կանխազգացել է, որ վերջին ժամերն է ապրում ծնողների և մյուս հարազատների հետ՝ թեկուզ հեռվում և անընդհատ զանգահարել ու խոսել է նրանց հետ։ «Մի քանի անգամ զանգեց, մտքից անցել էր․․․Իր այդ օրվա զանգերն էր ինձ անհանգստացնում։ Անջատում էինք, մի քանի րոպե չանցած էլի զանգում էր, ասում էր՝ մամ, ուղակի խոսանք։ Մինչև իրիկունը 10-ը զանգեց»։

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսած, Հայկն այլևս զանգերի չի պատասխանել։ «Լուսաբացին՝ ժամը 6-ին, ընկերն է զանգել, ասել է՝ անջատի, հետո կզանգեմ»,-ասաց հայրը։

Հայկն ու զինակիցները շրջափակման մեջ են հայտնվել։ Ծնողների փոխանցմամբ՝ նահանջելու հնարավորություն չի եղել, թիկունքից էլ օգնություն չի հասել։ «Հրամանատարին ասել են՝ նահանջենք, հրամանատարն ասել է՝ չենք կարող,  մինչև վերջ պետք է պայքարենք, երևի շրջափակման մեջ են եղել,  պայքարեցին բոլորի կյանքի գնով։ Օգնության կարիք են ունեցել, օգնություն են ուզել, թիկունքներին ոչ մեկ չի եղել։ Թշնամին Վերին Շորժայի դիրքերից 6 դիրք վերցրել են, մինչ մերոնք հասել են, թշնամին վերցրել է»,-ասաց հայրը։

Հայկը Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից էր։ Ուշ է բանակ մեկնել՝ սրտի խնդիր ուներ։ Ծնողներն ասում են՝ չնայած խնդիրները դեռ առկա էին, բայց հանձնաժողովը նրան ծառայության համար պիտանի է ճանաչել։ Հայկը չի ընդիմացել, մեկնել է հայրենիքը պաշտպանելու, իսկ, երբ զորամասում առաջարկել են ճաշարանում անցկացնի ծառայությունը՝ մերժել է, ասել է․ «Դիրքեր եմ բարձրանալու»։

Հայկի ծնողներն առողջական խնդիրներն ունեն։ Ապրում են սոցիալական ծանր պայմաններում։ Հայրն արտագնա աշխատանքի է մեկնել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար, որդու զոհվելուց հետո այլևս չի մեկնում, քանի որ սրվել են կնոջ առողջական խնդիրները։ Սիրանուշ Խաչատրյանը որդու զոհվելուց հետո հանկարծակի ուշաթափվում է, ինչը պարբերական բնույթ է կրում։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում`

Pin It on Pinterest