Forrights.am-ն անդրադարձել էր ժամկետային զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքին։ Այն տեղի էր ունեցել փետրվարի 19-ին։ Զինվորի ընտանիքը չի հավատում նախաքննական մարմնի այն վարկածին, որ Հայկն ինքնասպան է եղել։ Մայրն ու քույրը 2023 թվականի մարտին Forrights.am-ի հետ զրույցում Հայկին բնութագրում են հավասարակշռված, ուժեղ կամքի և այնպիսի բնավորության տեր անձնավորություն, որը չէր կարող նման քայլի դիմել։

«Մեր երեխան կյանքում նման բան չէր անի իր հետ։ Նա մեզ սիրում էր, մեզ նման ցավ չէր պատճառի։ Ստիպել են կամ ինչ-որ բան է տեսել, որը չպետք է տեսներ․․․ ավագի, ավագի օգնականի հետ կապված»,- մեզ հետ զրույցում ասել էր մայրը՝ Մարիա Խաչատուրյանը։

Forrights.am-ը հոդվածի հրապարակումից հետո որոշեց Պետրոսյաններին իրավաբանական աջակցությունն տրամադրել՝ ներգրավվելով փաստաբանի, որպեսզի հետևի նախաքննության ընթացին։ Զուգահեռ ներգրավվեցինք նաև զինվորների գործերով փորձագետի, որը Forrights.am-ի համար օբյեկտիվ վերլուծության կենթարկեր ՔԿ-ի փորձաքննությունները։

Այսպիսով՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ փաստաբան Մոնիկա Մարգարյանը մի շարք առարկություններ է ներկայացրել գործով քննիչի՝ փորձաքննութությունների ընթացքում հղած հարցերի առնչությամբ, մասնավորապես, դատաբժշկին ուղղված։

Փաստաբանը խնդրահարույց է համարում, որ զինծառայող Հայկ Պետրոսյանի դիակը հայտնաբերելուց անմիջապես հետո չեն հայտնել համապատասխան մարմիններին։

«Դիրքի ավագը կամ նրա օգնականը պարտավոր էին հայտնել զորամաս, իսկ զորամասի հերթապահը՝ անմիջապես իրավապահներին, որպիսի գործողությունները պետք է տևեին 5-10 րոպե։ Սակայն տվյալ դեպքում Հայկ Պետրոսյանի դիակը հայտնաբերելուց հետո 1 ժամ 5 րոպե անց են հայտնել ՌՈ բաժին։ Ավելին, ՌՈ բաժին հայտնելուց դեռ 15 րոպե առաջ զինվորի դիակը արդեն ընդունվել էր Իջևանի հիվանդանոց։ Օրենքով սահմանված կարգով ՌՈ աշխատակիցները նման դեպքերում պարտավոր են անհապաղ մեկնել դեպքի վայր։ Կասկածից վեր է, որ Իջևանի հիվանդանոց են տարել Հայկ Պետրոսյանի անկենդան մարմինը, որը հիվանդանոց տանելու անհրաժեշտություն չի եղել և նման անտրամաբանական գործողություն կարող էր կատարվել միայն մեկ նպատակով, որպեսզի ոստիկանության ծառայողները, քննիչները չտեսնեին դեպքի իրական վայրը, դիակի դիրքը և չհայտնաբերեին դեպքի վայրում կարևոր ապացույցներ»,-նկատում է փաստաբանը, որն իր այս ու մյուս առարկությունները հայտնել է գործը վերահսկող դատախազին։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քրգործի նյութերում ստույգ չի նշվում, թե որտեղ է հայտնաբերվել Հայկ Պետրոսյանի դին։ Մոնիկա Մարգարյանի խոսքով՝ գործով քննիչը փորձագետներին այնպիսի հարցադրումներ է ներկայացնում, որի  նպատակ է ապօրինաբար ձեռք բերել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կփորձեն ամբողջացնել գոյություն չունեցող ինքնասպանության վարկածը։

«Քննիչը հարց է տալիս, թե արդյոք տուժողի գլխի, գլխարկի և սաղավարտի վրա հայտնաբերված հետքերից ելնելով՝ կրակոցի պահին տուժողի գլխարկը և սաղավարտը եղել են նրա գլխին և գլխի վրա ինչ դիրքով են եղել։ Այս՝ ըստ հերթականության 4-րդ հարցից պարզվում է, որ փորձագետները դեպքի ականատես են եղել և պետք է հայտնեն, թե տուժողը սպանության պահին ինչ հագուստներով է եղել և դրանք ինչ դիրքում են եղել։ Այդ դեպքում կանչեք և այս անձանց որպես վկա հարցաքննեք, իսկ ավելի ճիշտ կլինի, որ գործի քննությունը փոխանցեք, որպեսզի փորձագետները իրականացնեն, իսկ քննիչներին էլ ուղարկեք տուն։

Ակնհայտ է, որ այս հարցերը առաջադրելով՝ քննիչը փորձում է փորձագետներից այնպիսի պատասխաններ ստանալ, որպեսզի Հայկ Պետրոսյանին բռնության ենթարկելու հանգամանքը չբացահայտվի, քանի որ ակնհայտ է, որ կրակոցից հետո Հայկ Պետրոսյանը չէր կարող դեմքի տարբեր հատվածներում՝ կենտրոնում, ձախից, աջից, ճակատի մասում, ծնոտին վնասվածնքներ ստանար, առնվազն մի քանի անգամ պետք է ընկներ, որն անհեթեթ է։ Այս կապակցությամբ դատաբժիշկին հարցաքննելու իմ միջնորդությունը ստանալուց հետո ոչ միայն քննիչն այն անհիմն մերժել է, այլև հասկացել է, որ իրենց անհեթեթ պազունակ վարկածները տուժող կողմի համար իրավացիորեն անընդունելի է եղել, այլ կերպ ասած «իրար են խառնվել» և այս անհեթեթ փորձաքննությունն է նշանակվել»,-նշում է փաստաբանը։

Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, որն ուսումնասիրել է դատաբժշկական փորձաքննությունը՝ պնդում է․ «կատարվածը սպանություն է»։

«Քննիչը դատաբժշկին հուշող հարցեր է տալիս․ հարցնում է՝ Հայկ Պետրոսյանը կարող էր վնասվածքները ստանալ ընկնելու հետևանքով, ո՛չ, չէր կարող, որովհետև ընկել է արդեն մահացած, դրանք կենդանության ժամանակ՝ մահվանից 5-10 րոպե առաջ, ստացած վնասվածքներ են։ Կրակոցից անմիջապես հետո նա մահացել է»,-ասում է նա և նշում, որ Հայկը բացի հրազենային վնասվածքը դեմքի վրա ունեցել է երեք այլ վնասվածքներ՝ բութ առարկայից ստացած։

«Դեմքի աջից, ձախից և կենտրոնից վնասվածքներ է ստացել, եթե կրակոցի հետևանքով է ստացել ձախից, ապա չէր կարող հետո աջից ու կենտրոնից վնասվածքներ ստանալ, կամ հակառակը։ Քննիչը, երբ հարց է տալիս՝ ո՞ր կողմի վրա է ընկել Հայկը, այդ հարցով բացահայտվում է փաստը, որ Հայկին սպանել են։ Մեր մոտ բոլոր սպանությունները ներկայացնում են որպես ինքնասպանություն։ Որպեսզի այդ հեքիաթը իրականությանը մոտ լինի կեղծ ապացույցներ են ստեղծում»,-ասաց փորձագետը։

Ռուբեն Մարտիրոսյանը առանցքային բացթողում է համարում այն, որ դատաբժիշկը չի տվել կարևոր հարցի պատասխան՝ կրակոցից հետո որքա՞ն ժամանակ անց է մահը վրա հասել։

«Այս հարցը կարևորագույնն է եզրակացության մեջ, նա պետք է գրեր՝ կրակոցից հետո։ Իրենք իրենց հանցագործության հետքերը պարտակելու նպատակով դիակը վերցրել ու տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր պետք է գար զորամասի բժիշկը և պետք է ֆիքսեր, որ Հայկը մահացել է։ Դրա համար բժշկին չեն հարցաքննում, քանի որ նա չի կարող ասել, որ Հայկի մոտ կենդանության նշաններ կային»,-ասում է փորձագետը։

Այսքանով հանդերձ փորձագետը նշում է՝ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները չկան, մասնավորապես, ի՞նչ դիրքով է ընկել Հայկը, արյունը Հայկի հագուստի վրա որտե՞ղ է կենտրոնացել, արդյո՞ք նրան մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղաշարժե՞լ են, թե՝ ոչ։ «Դատահետքաբանական փորձաքննությունը շար կարևոր է, որն իրենք դիտավորյալ չեն արել»,-ասում է նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest