Սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքերում բեկորային վնասվածք ստացած Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի հայրը՝ Կարեն Պողոսյանը։

«Նարեկի առողջական վիճակը հիմա կայուն է, ծանր կայունից անցել է կայունի։ Դեռ արհեստական կոմայի մեջ է, արդեն  5-րդ օրն է, որ արհեստական կոմայի մեջ է։ Դա արել են, որ ցավերը չզգա, բեկորները խորն են ներթափանցել»,-ասաց հայրը՝ նշելով, որ բեկորային վնասվածքները որդու գլխի հատվածում են։

Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանն այն զինծառայողն է, որին Պաշտպանության նախարարությունը նախ ներկայացրեց զոհվածների ցանկում, իսկ երկու ժամ անց հայտարարեց, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումներից հետո։ Ինչպե՞ս է Նարեկ Պողոսյանը հայտնվել զոհվածների ցանկում, հայրը՝ Կարեն Պողոսյանը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրեց տեղի ունեցածը։

«Նարեկը կամբատի վարորդն է, կամբատը լինում է այնտեղ, որտեղ մարտ էր գնում, կրակոցների մոտ, իսկ իմ էրեխեն ֆելդշերի հետ գնում է վիրավորներին օգնության։ Նարեկը, որ վիրավորվում է ֆերշերը պուլսն է նայում, տեսնում է՝ չկա, Նարեկի ուշքը գնացած է լինում, ֆելդշերի խոսքով է, որ իմ էրեխեն մահացած է։ Իմանալով, որ Նարեկը մահացել է վազում է դիրքերի կողմ, որ վիրավոր զինվորներին օգնություն հասցնի, դրա հիման վրա է հայտարարվել, որ զոհվել է։ Հետո, որ օգնությունը հասել է մեքենայի մոտ, որի մեջ Նարեկն է եղել,  թիկունքի պետն է գնացել այնտեղ, նոր տեսել են, որ Նարեկը շնչում է։ Ասել է՝ ես Պողոսյան Նարեկն եմ, ջուր տվեք խմեմ։ Հրամանատարը կամավորական անձնակազմի հետ իմ տղային իջեցրել է ներքև»,-ասաց Կարեն Պողոսյանը նշելով, որ ամեն ջանք ներդրվել է, որ որդին րոպե առաջ Վարդենիսից հասցվի կենտրոնական հոսպիտալ, այժմ Մուրացանի հոսպիտալում է։

Հայրը մանրամասներ ներկայացրեց նաև որդու վիրավորում ստանալու դրվագից։ Նարեկի ընկերասիրությունը թույլ չի տվել անտարբեր մնալ օգնության կարիք ունեցող ընկերների նկատմամբ։ Օգնության է հասել նրանց, սակայն, ճանապարհին թշնամին թիրախավորել է Նարեկի վարած մեքենան։

«Նարեկը չեզոք գոտի է մտել, որ հասնի իր ընկերներին օգնության։ Ինքն իր նախաձեռնությամբ գնացել է իր ընկերների հետևից։ Գնալու ընթացքում կրակել են։ Նրեկին «Արիության» մեդալ են տալու»,-ասաց հայրը։

Նարեկ  Պողոսյանը 22 տարեկան է, ժամկետային ծառայության մեջ է, առողջական խնդիրների պատճառով ուշ է մեկնել բանակ։ Տան ավագ որդին է:

Պաշտպանության նախարարությունից առայժմ չի հաջողվում ճշտել, թե Նարեկ Պողոսյանի մասին կեղծ տեղեկություն տարածելու համար ովքեր և ինչ պատասխանատվության են ենթարկվելու։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest