28-ամյա Խորենը 10 օրական երեխային մեծ դժվարությամբ է 2023 թվականի սեպտեմբերին կարողացել Արցախից Հայաստան տեղափոխել։ Համապատասխան ավտոմեքենա չի եղել, ստիպված մի Կամազ է գտել, բազմանդամ ընտանիքին տեղավորել այնտեղ, որ կարողանան Արցախից դուրս գալ։

«Մերոնց գտա Ստեփանակերտի 8-րդ դպրոցում, գույղացիք իրար վրա էին լցված։ Մի հատ Կամազ գտանք, կուզովի մեջ լրիվ ջուր էր լցվում անձրևից, պալատկա էինք փռել, բայց երբ հասանք Հակարիի կամուրջի մոտ, ասացին՝ պետք է հանենք, որ թողնեն անցնենք։ Պալատկեն հանել ենք, տասը օրական երեխաս անձրևի տակ, շորերի մեջ փաթաթած, բերել անցել ենք։ Հակարիի կամուրջի մոտ մեզ՝ տղամարդկանց իջացրեցին, տարան մի հատ կամերայի մոտ շարեցին, ասացին՝ հատ-հատ կամերային նայելով անցեք, գնացեք։ Եկել ենք կամուրջից էս կողմ, նոր նստել ենք ավտոն»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Խորեն Դավթյանը՝ նշելով, որ Կամազի թափքում 46 հոգու են տեղավորել։

Խորենը պայմանագրային զինծառայող է, 10 տարի պաշտպանել է Արցախի սահմանները։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան դիրքերից են վիրավոր Ստեփանակերտ տեղափոխել։ Մինչ այս ամբողջ գիշեր պայարել են թշնամու հրթիռների դեմ։

«Հենց կրակոցները սկսվեց գնացի պոստեր, երբ հասանք, ասացին, որ թիկունքից մտել է թշնամին։ Կրակոցներ է, որ գալիս է, ավտոմատի կրակոց չկար, միայն սնայրադներ էր գալիս։ Մենք թիկունքն էինք պահում՝ ամբողջ գիշեր, առավոտյան վիրավորվեցի։ Օգնություն չէր գալիս, որ պայքարեինք, զոռով դիմանում էինք, իրենք առաջ էին գալիս, բայց չէինք թողնում։ Մենք 11 հոգով էինք, մեկը զոհվել է, յոթը՝ վիրավորվել»,-պատմում է Խորենը՝ նշելով, որ մեծ դժվարությամբ են իրեն տեղափոխել Ստեփանակերտ։

«Դեմից չէի զգում, որ վիրավորվել եմ։ Հելա, վիրավորներին օգնեցի, հանեցինք, զգացի, որ էլ ձեռքս չեմ զգում։ Ասացի՝ վիրավոր եմ, շտապ օգնություն կանչեք, ասացին կապ չկա։ Այդ պահին լսեցի, որ ասում են թշնամին եկել, դեմներս է կանգնել, համ ասում եմ սկորին որտեղ է, համ վազում եմ ու հարցնում՝ որտե՞ղ է թշնամին։ Ասկոլկեն մտել է կողիս մեջ, հիմա էլ դեռ մարմնումս է։ Ինձ չեն վիրահատել, ասացին՝ միայն ծանր վիրավորներին ենք վիրահատում, ինձ էնքան որ վիրակապել են ու դուրս են գրել»,-ասաց նա:

Խորենը հոսպիտալում է իմացել, որ պատերազմը դադարել է, իսկ Արցախը հանձնում են թշնամուն։ «Ախպերս է դիրքերում եղել, պատմում է, որ քարտեզները, դրոշը հրամանատարը վառել է, ասել է՝ իմ ձեռքով կվառնեմ, բայց թշնամուն չեմ թողնի, հրամանատարը Քյոխն է եղել։ Զենքերն էլ սաղ լցրել են իրար գլուխ վառել են, չեն թողել, որ մնա թշնամուն»,-ասում է նա։

Խորենը բազմանդամ ընտանիքի հետ վարձով է բնակվում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Ընտանիքում հայրն է, մայրը, եղբայրները, կինը և իր երեխան։ Ընդհանուր 11 հոգի։ Չնայած, որ բեկորները դեռ մարմնում են և ֆիզիկական աշխատանք մեծ դժվարությամբ է կատարում, Խորենը գյուղատնտեսական աշխատանքեր է իրականացրել՝ օրավարձով։ Հիմա էլ ինքն ու եղբայրներն աշխատանք են փնտրում, բայց դեռ չի հաջողվում Արմավիրի մարզում գործ գտնել, պատրաստ են նաև շինարարությամբ զբաղվել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest