Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է անուշադրության մատնել Բաքվի գերությունից վերադարձած ժամկետային զինծառայողներին։ Նրանց հոգեբանական ու առանձին դեպքերում ֆիզիկական լուրջ  խնդիրներով զորակոչում են բանակ։ Forrights.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել զինծառայողներից ու նրանից ընտանիքի անդամներից, թե ինչպես է Սուրեն Պապիկյանը որպես պաշտպանության նախարար և իր ղեկավարած կառույցը «մատների արանքով» նայում խնդիրներին։

Ջերմուկում գերեվարված զինծառայողներից մեկը մեզ հետ զրույցում՝ անանուն մնալու պայմանով, մանրամասն ներկայացրեց իր առողջական խնդիրները։ Բաքվում դաժան խոշտանգումների ենթարկված զինվորը նշում է՝ դարձել է անկառավարելի, չի կարողանում հաշվարկել իր քայլերը և մտավախություն ունի, որ կարող են ծանր հետևանքեր առաջանալ։ «Իմ մոտ նոպաներ են առաջանում, ես ինքնավնասման հակումներ չունեմ, բայց երբ իմ մոտ ագրեսիա է առաջանում, դա ինչ-որ ձև դրսևորվելու է։ Ես շատ եմ վախենում, որ կդատվեմ, ինչ-որ քրեորեն պատժելի արարք կատարելու համար, շատ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,-ասում է զինծառայողը։

Նա այս խնդիրների մասին և զինվորական հոսպիտալում է նշել, և պաշտպանական գերատեսչության այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում, սակայն, ըստ նրա, պատասխանատուները նայում են արտաքին տեսքին ու ասում են, որ ծառայության համար պիտանի է։ Ժամկետային զինծառայողը մի քանի օր անց կրկին փորձաքննություն է անցնելու, սակայն, մտավախություն ունի, որ իր խնդիրները դիտարկվելու են նույն մոտեցմամբ։

Պետության և պատասխանատուների անտարբեր պահվածքը  պատկերավոր մատնացույց անելու համար զինծառայողն ու ընտանիքի անդամները ներկայացնում են, թե հոսպիտալացման շրջանում ինչ վերաբերմունքի են անրժանացել։  «Ողս կոտրվել է, ինձ ասեցին վիրահատական միջամտության կարիք չկա, մի քիչ կցավի, կանցնի»,-ասաց նա, իսկ ծնողներն ավելացրեցին, որ տղան գլխացավեր ունի, անքնություն, սակայն, պետական միջոցներով չեն ցանկանում հետազոտություն անցկացնել։

Գերությունից վերադառնալուց հետո զինվորներին կարճ ժամանակ անց կրկին ծառայության տանելն անդառնալի հետևանքեր են ունենում։ Forrighst.am-ին հայտնի է դարձել, որ կրկին Ջերմուկից գերեվարված և վերադառնալուց հետո կարճ ժամանակ անց բանակ մեկնած մի զինծառայող զորամասում հոգեբանական ծանր խնդիրներ է ձեռք բերել։ Երեք օր անց նրան կրկին տեղափոխել են հոսպիտալ։ Սուրեն Պապիկյանը, եթե որպես պաշտպանության նախարար իր տեղում է, ապա պետք է, որ այս անմարդկային գործելակերպի մասին տեղեկացված լինի։ Թե ինչպես են Բաքվում խաշտանգված հայ զինվորներին խոշտանգում նաև Երևանում։ Այս դեպքին առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնանք։

Այնուհանդերձ, նշենք, որ նախորդ շաբաթ որոշում է կայացվել սեպտեմբերյան մարտերի ժամանակ գերեվարված և հայրենիք վերադարձած երեք զինծառայողի զորացրել։ Միայն, թե անհասկանալի է՝ ՊՆ-ն նույն դաժանությունների միջով անցած զինվորներին զորացրելու  և բանակ տանելու որոշում ինչ սկզբունքով է կայացնում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

Pin It on Pinterest