6-ամյա Անգելինան վառարանի վրա կարտոֆիլի շերտներն է կարմրացնում, եղբայրները՝ 11-ամյա Արմանն ու 8-ամյա Արենը հայրիկի հետ Արարարտի դաշտերից հավաքած փայտի կտորներն են ներս տանում՝ «ժեշտից» տնակը տաքացնելու համար։ Տնակում, սակայն, ցուրտ է։  Վառարանը չի հասցնում ջերմացնել 2,5 մետր երկարություն ունեցող կացարանը, գրեթե բոլոր անկյուններից քամի է ներս գալիս։

Այս պայմաններում են ապրում Արցախից Հայաստան տեղափոխված Արծվիկի  5 հոգանոց ընտանիքը։ «Սենց եմ արել, որ քամի ներս չգա»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ընտանիքի 44-ամյա հայրը՝ ցույց տալով, թե ինչպես է հագուստի կտորներով փակում «դոմիկի» ճեղքերից «տուն» թափանցող քամու ճանապարհը։

«Լոխ տեղերից քամի է գալիս։ Է՜, ախպեր, Աստված մեծ ա»,-հույսը չկորցնելով ասում է Արծվիկ Բարաշյանը։

Այս տնակն էլ, որտեղ հիմա ապրում է հինգ հոգանոց ընտանիքը, բարերարներն են տվել։ Արծվիկը գյուղատնտեսական աշխատանքեր կատարելով փոքր-ինչ վերանորոգել է, սակայն, այն ապրելու համար չունի նվազագույն պայմաններ։ Հատակն էլ քարից է։

Արծվիկ Բարաշյանն Արցախի Մեծ Թաղեր գյուղից է։ 2020 թվականի պատերազմի ժամանակ կնոջը և երեք երեխաներին ուղարկել է Հայաստան, ինքը մնացել ու մասնակցել ինքնապաշտպանական մարտերին։ Երբ ավարտվել է 44-օրյա պատերազմը, իսկ Հադրութի շրջանի գյուղերը, այդ թվում՝ Մեծ Թաղերը, անցել են թշնամուն, Արծվիկը եկել է ընտանիքի մոտ։

«Շատ խնդիրներ ունենք։ Առաջ նպաստ էինք ստանում, բայց 2023 թվականի սեպտեմբերից էլ չենք ստանում, էրեխոց նպաստը կտրել են, ուր գնում եմ, ասում են՝ փակ ա, չենք տալիս»,-ասում է Արծվիկն ու նշում՝ ինքն ու կինը նոր անձնագիր են հանել, ՀՀ քաղաքացի են դարձել, փախստականի վկայական էլ ունեն, բայց հինգ ամիս է՝ երեք անչափահաս երեխաների համար նպաստ չեն ստանում։

Արծվիկնն ու կինը՝ Դոնարան, պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել, բայց ձմռան ամիսներին Արարարտյան դաշտում աշխատանք գտնելը բարդ է։ Ամռանը ուրիշ է՝ կինը մրգերի ու բանջարեղեն բերքահավաքին է մասնակցում, մինչ այդ մշակման աշխատանքներին, իսկ ինքը բանվորություն է անում: Բայց հիմա դաշտերում բանվորի կարիք չկա։

Երեք երեխաներին միայն ցամաք հացով ապահովելը հոր համար լուրջ խնդիր է դարձել։ Մինչ գյուղատնտեսական աշխատանքերը կսկսեն, Արծվիկն այլընտրանք է գտել․ աղբավայրերից շիշ ու երկաթ է հավաքում, որ գոնե կարողանա տուն երկու-երեք հատ հաց բերել․ «Գնում եմ զիբիլանոցները շիշ եմ հավաքում, երկաթ, բերում հանձնում եմ, որ երեխաներիս պահեմ․ ի՞նչ անեմ, հաց պետք է առնեմ, երեխաները չեն հասկանում, որ չկա, պետք է ամեն ինչ անեմ, որ երեխաները սոված չմնան: Աղբավայրում շիշ հավաքելն էլ է մենաշնորհ դարձել. Էն օրը գնացել եմ զիբիլանոցը, մեկն եկել ասում է՝ այստեղի տերը ես եմ։ Պատկերացնո՞ւմ ես զիբիլանոց էլ չեն թողնում մտնեմ, ասացի՝ ախպեր, քեզ հալալ լինի, քեզ լինի, գնում եմ, որտեղից պատահում է, հավաքում եմ»։

Կինը՝ երեք երեխաների մայր Դոնարան լրացնում է. «Հիմա էլ աշխատանք լինի, կաշխատեմ, մենք աշխատելուց չենք խուսափում, պարապ չենք մնում։ Ինչ գործ լինի՝ կանեմ, որ երեխա ունես, պետք է ամեն ինչ անես, որ պահես»։

Լինում է, որ ընտանիքում հաց չի լինում: Մեր այցելության ժամանակ հայրը նոր էր վերադարձել «աշխատանքից», վաճառել էր հավաքած երկաթը, մի քանի հատ հաց գնել, հաջորդ օրը աղբավայր գնալու համար բենզին, և գումարը սպառվել էր։ «Թեկուզ, որ ցամաք հաց է լինում՝ երեխաներն ուրախանում են, օրեր են եղել, որ հաց չենք ունեցել, ինչ նպաստը կտրել են»։

Արծվիկի և Դոնարայի երեխաները ձմեռային կոշիկների, տաք հագուստների կարիք ունեն՝ դպրոց հաճախելու համար, ինչպես նաև գրենական պիտույքների. «Ասել եմ՝ գնա մի քանի օր շիշ ու երկաթ հավաքի, որ գնամ երեխաներին գոնե կոշիկ առնեմ։ Այնպես չէ, որ ես սպասում եմ, որ գան մեզ օգնեն, շնորհակալ եմ ինչքան օգնել են, բայց արդեն ամաչում ենք, մենք աշխատող ենք, աշխատանք ենք ուզում, որ կարողանանք մեր երեխաներին պահենք։ Ես Ջրականի զորամասում էլ եմ աշխատել»։

Արծվիկին Արցախում պետք է տուն տային՝ որպես 2020 թվականի պատերազմի հետևանքով անօթևանի։ Իվանյանում կառուցվող տունն արդեն պատրաստ էր, սակայն, ոչ նա, ոչ էլ մյուս արցախցիներն այդպես էլ չկարողացան այնտեղ բնակվել։ Արծվիկն ընտանիքի հետ պետք է գնար, բայց Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին ճանապարհը փակեց:

«Կգնայի․․․ մեր Ղարաբաղն է, մեր հողը, ջուրը, մեռնեմ մեր հողին։ Ստեղի ժողովրդից դժգոհ չեմ, շատ շնորհակալ եմ, շատ լավ են մեզ ընդունել, բայց մեր տուն կգնային, չկարեցանք, բանալիները տալու օրը Ադրբեջանը ճանապարհը փակեց»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest