Սարգիսը նոյեմբերի 5-ին դարձավ 20 տարեկան։ Ծննդյան օրն ընտանիքի անդամները նշել են նրա շիրիմի մոտ․ Սարգիսը զոհվել է Իշխանասարի իր անունով կոչվող  դիրքը՝ «Սաքոյի պոստ»-ը պաշտպանելիս, սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ։ Դիրքը, որի համար կյանքը տվել է Սարգսիսը, թշնամուն չի անցել, մնացել է հայկական։ «Պոստն իր անունով է կոչվել՝ «Սաքոյի պոստ», այդքան նվիրված էր հայրենիքին»,-հպարտությամբ պատմում է հորեղբոր որդին՝ Թադևոս Մարտիրոսյանը։

Սարգիս Սարգսյանը ծնունդով Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղից էր։ Հարազատներն առանձնակի հպարտությամբ են ներկայացնում Սարգիսի հայրենասիրությունը և բանակում ծառայելու ոգևորությունը։

«Սարգիսը պատրաստ սպասում էր, որ ինքը պետք է գնար բանակ ու ծառայեր, հայրենասեր տղա էր, ուժեղ կամքի տեր էր, թասիբով։ Ընկերներին ոգևորում էր, որ լավ ծառայեին»,-ասաց հորեղբոր որդին։

Կյանքը հայրենիքի համար չխնայած Սարգսիը, սակայն, վիրավորվելուց հետո նույնքան հոգատարության չի արժանացել, որքան ինքն էր տալիս Հայաստանին։ Վիրավորվել է ու, ըստ հոր՝ Կարեն Սարգսյանի խոսքերի, մնացել անօգնական, արնաքամ վիճակում տեղափոխվել հոսպիտալ։

«Ժամանակին տեղ չհասցնելու պատճառով էրեխեն արնաքամ է եղել։ Անկազմակերպ է եղել, չեն կարողացել ժամանակին բուժօգնություն տալ, սրտի կանգով հասել է հոսպիտալ՝ բժիշկի ասելով։ Վիրահատել են, արյուն են տվել, ճնշումը չի կարգավորվել, չեն կարողացել տեղափոխել Երևան»,-ասաց հայրը։

Իշխանասարի դիրքերի ճանապարհն անանցանելի են եղել։ Հայրը պատմեց, որ վիրավորվելուց հետո երկու ժամ հետո են հասցրել հոսպիտալ։ «Այդ ընթացքում ճանապարհին են եղել, դիրքերից մի կերպ են իջեցրել, իրենց ասելով անանցանելի ճանապարհ է Իշխանասարը։ Ինչու չի օգտագործվել օդային ճանապարհը ծանր վիրավորներին շուտ Երևան հասցնելու համար»,-այս հարցի պատասխանը հերոսաբար զոհված Սարգիսի հարազատները չունեն։ Պաշտպանության նախարարությունից նրանց ոչ մեկը չի այցելել։

Սարգիսն աորտայի բեկորային վնասվածք է ստացել։ Հայրը տղային Սիսիանի հոսպիտալում է հանդիպել, չեն շփվել, Սարգիսն անգիտակից վիճակում է եղել։  «Գնացինք հոսպիտալ, տեսանք մահամերձ վիճակում պարկած է, մեզ տեսնելուց 20 րոպե հետո բժիշկը կանչեց ու ասաց, որ վատ լուր ունի հայտնելու, ասաց՝ հենց նոր էրեխու սիրտը կանգնեց։ Վիրավորվելուց հետո գիտակցության չի եկել»։

Սարգիսի հետ դիրքում եղել է ևս չորս զինվոր՝ առանց հրամանատարի։ Կռվել են աննահանջ։ Ոչ միայն պաշտպանել են իրենց վստահված դիրքը, այլ նաև փորձել են ազատագրել թշնամու կողմից գրաված դիրքը։ Հայրը նշեց, որ որդին կռվել է վիրավոր վիճակում, առաջարկել են իջնել դիրքերից, բայց հրաժարվել է՝ պայքարը շարունակել է վիրավոր ձեռքով։ Ընտանիքը տեղյակ է, որ հինգ զինվորներից երեքը, որոնց թվում է նաև Սարգիսը՝ զոհվել են, մյուսների մասին առայժմ տեղեկություն չունեն։

Պատերազմական ծանր իրավիճակում Սարգիսը վստահեցրել է ընտանիքի անդամներին, որ «ամեն ինչ կարգին է», որպեսզի չանհանգստանան։ «Ասում էր՝ մեր մոտ կրակոց չկա, բայց ես լսում էի կրակոցները։ Իր հետ վերջին խոսակցությունից մեկ ու կես ժամ հետո զինակից ընկերը զանգեց ու ասաց, որ Սարգիսը վիրավորվել է, տանում են հոսպիտալ»,-ասաց հայրը։

Սարգիսի ծնողներն անպատասխան մանացած բազմաթիվ հարցեր ունեն․ ինչո՞ւ տղային պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինչո՞ւ են դիրքում հինգ հոգով եղել, ինչո՞ւ են ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով պայքարել, բայց պատասխանողներ չկան։  «Իմ թշնամին մեկն է, ես Հայաստանում թշնամի չունեմ․․․ ի՞նչ պատասխանատու, արդեն 5 հազար զոհ ունենք, բոլորը 18-20 տարեկան էրեխա, ո՞ւմից պահանջենք, չկա․․․»,-ասաց հայրը։

Սարգիսը զբաղվել է սպորտով, հանրապետական մրցումների մեդալակիր է։ 2021 թվականին մասնակցել է հայ-ռուսական զորքերի միացյալ զորավարժությանը՝ բարձր արդյունքեր ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրի։ Հարազատների համար Սարգիսի զոհվելը ցավալի, հայրենասիրությունն ու կատարած սխրանքը՝ անգնահատելի հպարտություն։

«Սարգիսի զոհվելը բոլորիս մեծ ցավ պատճառեց, ինքը հայրենասեր, մարդասեր, ընկերասեր տղա էր։ Գյուղում հարգված տղա էր։ Տառապանքն ու վիշտը խառնվել են իրար, բայց մեծ հպարտություն է Սարգիսի նման որդի ունենալը։ Փառք ու պատիվ Սարգիսին ու նրա նման տղաներին, որոնց շնորհիվ հայ ազգը գոյատևում է։  Վիրավորում է ստացել, հնարավորություն է ունեցել իջնել դիրքերից, բայց չի համաձայնվել, մինչև վերջ կռվել է»,-ասաց հորեղբոր կինը՝ Հասմիկ Սարգսյանը։ Նա եղել է Սարգիսի ուսուցչուհին, հիշում է՝ հայրենիքը դեռ դպրոցական տարիներից էր սիրում։

Սարգիսը հուղարկավորվել է Փոքր Մանթաշի ընտանեկան գերեզմանատանը։ Շիրմաքարի կողքին ծածանվում է հայոց եռագույնը՝ պետականության խորհրդանիշը, որի շարունակականության համար Սարգիսը տվեց իր կյանքը։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest