Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները մանրամասներ են ներկայացնում, թե ինչ է տեղի ունեցել շրջափակման 10 ամիսների և սեպտեմբերի 19-ին՝ադրբեջանական հարձակումից հետո։  Արցախցի Գևորգ Առուստամյանը Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝արցախցիները չգիտեին, թե այդ բլոկադայի ընթացքում իշխանություններն իրենց ուր են տանում և ելքը ո՞րն է լինելու։

«Ես չեմ տեսել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ժողովրդին օգտակար լինեին։ Շրջափակման օրվանից մինչև սեպտեմբերի 19-ը ես չեմ տեսել, որ Արցախի իշխանությունները ճիշտ քայլեր անեն։ Պատերազմից հետո պարզվեց, որ պահեստներում բազմաթիվ ապրանքներ կան, որոնք չեն տալիս ժողովրդին։ Ի՞նչ գործ ուներ գեներալը, պետական պաշտոնյան, զինվորականը, ոստիկանության աշխատակիցը բիզնեսների հետ։ Իրենք անձնական շահն են գերադասել պետական շահից, դրա համար էլ այս օրին ենք հայտնվել, սա պետք է դեռ 20 տարի առաջ կանխվեր։ Փողատանը նստած բոլորը փող էին ուտում»,-հարց է բարձրացնում Արցախից բռնի տեղահանվածը։

Արցախի նախագահի հրաժարականը, նոր նախագահի ընտրությունը և Արցախը լուծարելու որոշումները շարքային արցախցների համար մութ են մնացել։ Գևորգ Առուստամյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 19-ին, երբ մարտական գործողությունները կանգ չէին առնում, իսկ թշնամական երկրի զինծառայողները հասել էին արդեն  Ստեփանակերտի մատույցներ, իսկ աշխարհի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկն արդեն պատված էր ռումբերի պայթյունների ծխով, արցախցիներին որևէ օղակից աջակցություն գրեթե չի եղել։

«Ամբողջ ռազմատեխնիկան ցբխած էր, հանդիպել եմ մի պատգամավորի հետ, ասում եմ՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չեք դադարեցրել, պատասխանում է՝ ԱԽ խորհրդի նիստ է եղել ՊԲ հրամանատարն ասել է, եթե պատերազմ սկսվի, մեր դիմադրությունը երեք ժամ է լինելու, բայց մեր զինվորականները 24 ժամ պայքարել են։ Հարցրեցի՝ այսինքն 20 ժամ զոհ ենք տվե՞լ, չպատասխանեց, երևի հասկացավ, թե ինչ է ասում։ Իրենց պետք է զոհերի, կորուստների թիվը շատանա, կռիվը բերեն հասցնեն Ստեփանակերտ, որպեսզի հետո չբացահայտվեր, թե պահեստներում ինչեր ունեն պահած։ Երկիրը իրենց համար պահեստ էր, ոչ թե պետություն»,-ասաց նա։

Արցախցիները պաշտպանությանն ուղղված որևէ քայլ չեն տեսել նաև ռուս զինվորականների կողմից։  «Ռուս խաղաղապահների ներկայությունը, դա 90-ականների «կոլցո» օեպրացիան էր, պարզապես մի քիչ ցիվիլ տարբերակով։ Մեքենաների բեռնախցիկերն էին ստուգում, իրենք հասան իրենց ուզածին, բանակը զինաթափեցին։ Սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների ԲՏՌ-ը տեսել եմ թշնամու հարձակումից չորս ու կես ժամ հետո, բարձրանում էր Շուշի, մի ժամից հետ են իջել։ Չի եղել, որ միջամտեն, պատերազմը դադարի։ Երբ արդեն թուրքը մոտիկացել էր Ստեփանակերտին, քաղաքում խուճապ կար, մեր փողոցում բոլորն իրար ձայն էին տալիս, թե գնում ենք Իվանյան, այնտեղ ռուսները մեր անվտանգությունը կապահովեն։ Ռուսին պետք էր, որ մարդկանց տաներ օդանավակայանի տարածք, նկարահաներ, աշխարհին ցույց տար, որ փրկիչ է, խաղաղապահ է։ Հայաստանում էլ մի քանի քաղաքական ուժի բերանը լեզու դներ, թե տեսեք, որ ռուսը փրկում է արցախցիներին։ Խաղաղապահի զինվորները՝ շարքայինից մինչև հրամանատար, Արցախի բնակչության հետ խոսելիս ասում էր, թե մենք ձեր անվտանգությունը կապահովենք, կպաշտպանի, չենք թողնի, որ Ադրբեջանը ձեր վրա հարձակվի։ Մի անգամ էլ ինձ կանգնեցրեցին, ասացին, հարցրեցի՝ միամիտի նմա՞ն եմ, էլ չշարունակեց։ Իրենք որպես մարդ լավ մարդիկ էին, ես տաքսու վարորդ էի, նրանց տանում էի Իվանյան, բայց որպես խաղաղապահ իրենց գործը չէին անում»,-ասաց Forrights.am-ի զրուցակիցը։

Երբ արդեն մարտական գործողությունները համեմատաբար դադարել են և սկսվել է Արցախից բռնի տեղահանումը, Գևորգ Առուստամյանը Forrights.am-ին փոխանցեց, որ Արցախի իշխանություններից որևէ մեկը չեն կանգնել փողոցում հայտնված քաղաքացիների կողքին։

«Մարդիկ ասֆալտներին փռված, քնում, հելնում, հաց էին ուտում, բայց ես այնտեղ ոչ մի կազմակերպվածություն չեմ տեսել։ Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ հավաքված են մայրեր, մանուկներ, աղջիկներ, մոտիկանում եմ տեսնում եմ, որ մեջներով քայլում է ոչ զինվորական համազգեստով մի քանի հոգի՝ ավտոմատը ուսին գցած, վրան էլ ընդամենը մի մագազին։ Քաղաքապետին մոտիկացել եմ, ասում եմ՝ եկեք կազմակերպենք, թող այս մարդիկ դուրս գան, քանի որ թուքրը հասել է Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մոտ, եթե իրանք մոտիկական ու կրակ բացվեց, վնասվելու են այս երեխաներն ու քաղաքացիական անձիք։ Նման բան չեղավ։ Չկար կազմակերպվածություն, որ մենք էլ հասկանայինք, թե ինչ ենք անում»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest