44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Գևորգ Արաբաչյանից ընտանիքը շուրջ երեք տարի տեղեկություն չունի։ Նրանք ապրում են Տավուշի մարզի Վազաշեն գյուղում։

Հայրն՝ Աղասի Արաբաչյանը Forrights․am-ի հետ զրույցում ում նշեց, որ որդու անունը ոչ զոհվածների, ոչ գերիների, ոչ էլ անհետ կորածների ցուցակում չկա ներառված։ Գևորգն 9 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Աղասի Արաբաչյանի փոխանցմամբ՝ որդին Կուբաթլուում է ծառայել, հրամանատարական կազմից հորն ասել են, թե Գևորգը զոհվել է  «Ուրալ»-ում, որը պայթեցվել է թշնամու կողմից։ Ըստ Աղասի Արաբաչյանի՝ հրամանատարն այս տեղեկությունը հայտնել է հոկտեմբերի 2-ին, սակայն, նա պնդում է, որ որդին երկու օր անց իրեն զանգահարել է։

«Այդ օրը հրամանատարն ու չորս զինվոր իջել են, որ «Ուրալ»-ը բերեն՝ ծառերի տակ քողարկված է եղել, Ջեբրայիլը հանձնել են, իրենց էլ հրաման են տվել, որ նահանջեն։ Գնացել են, որ «Ուրալ»-ը բերեն, դիվերսիոն խումբը նստած է եղել։ Երեք զինվորն ու հրամանատարը փախել են, իմ էրեխեն իջել է «Ուրալ»-ի մոտ, թշնամին բռնել է։ Հիմա մաքուր դուրս գալու համար ասում են՝ «Ուրալ»-ը պայթեց, բայց էրեխես նստել է «Ուրալ»-ը, տարել են Ադրբեջան։  Թիկունքի պետն ինձ ասում է, որ բեզպիլոտնիկը «Ուրալ»-ը պայթեցրել է, հարցնում եմ՝ դիակն ո՞ւր է, ասում է՝ «Ուրալ»-ը հալել է, ինչ դիակի մասին է խոսքը»,-Forrights.am-ին պատմեց հայրը։

Աղասի Արաբաչյանն ասաց, որ այս վարկածին չի հավատում։ Ըստ նրա՝ որդու ծառայակից ընկերները նրան այլ տեղեկություններ են հայտնել։

 

«Իր հետ ծառայող զինվորները զանգեցին ինձ ասացին՝ Գևորգին տվել են թուրքերին, որ ասեն պայթել է, դու չհավատաս, խնդրում ենք մեր անունը չտաս, մենք ծառայության մեջ ենք»,- ասաց հայրը։

Աղասի Աբաբաչյանը որդուն փնտրելու հույսով պետական տարբեր գերատեսչություններ է դիմել, մինչև անգամ Նիկոլ Փաշինյանին։ Նշում է, որ իր բողոքներից հետո զնագահարել և ասել են, որ որդու դին հայտնաբերվել է, կարող է գալ և վերցնել։ «Հարցնում եմ՝ ի՞նչ է գտնվել, պատասխանում են՝ ընդամենը ծնոտը, հարցնում եմ՝ ի՞նչ գիտես, որ իմ էրեխու ծնոտն է, ասում է՝ ճիշտը, որ ասեմ  գնացինք ուրալի դուռը բաց էր, երեք անգամ գնացել նայել ենք, չորրորդ անգամ գտել ենք»,-հրամանատարի հետ իր զրույցն է փոխանցում հայրը և նշում է, որ դիահերձարան հասնելուն պես իրեն ամբողջական մարմին են ցույց տվել, իսկ քիչ անց էլ հայտնել, որ  դա այլ զինվորականի դի է եղել, տարել հուղարկավորել են։

Աղասի Արաբաչյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը։ Նա ևս ծնունդով Տավուշի մարզից է, 2021 թվականին մասնակցում էր բողոքի ակցիաներին, քանի որ իր եղբայրն, ըստ մամուլի հրապարակումների, ևս անհետ կորած էր համարվում։

«Ինձ ասում է, որ ԴՆԹ-ի համընկնում կա, Մեծամորի մորգումն է, ասում եմ արի գնանք, ասում է՝ ես չեմ կարող գալ»,-ասաց Աղասի Արաբաչյանըև նշեց, որ իրեն այս ընթացքում տարբեր տիահերձարանում մինչև 20 դիակ են ցույց տվել։

«Մարտունի դիահերձարանում ինձ դիակներ են ցույց տալիս՝ առանց ատամնաշարի, բայց ասում են՝ տղայիդ ատամնաշարն ենք միայն գտել»,-անհասկանալի իրավիճակը ներկայացնում է տղային կորցրած հայրը և ահասարսուռ մի պատմություն ներկայացում։ «Ուլնեցիում ինձ ասացին՝ մի հատ դիակ տանք, տար հուղարկավորի, գեերալ էր, սատկացնում էի, եկան ձեռքիցս խլեցին, թե բա ձևն է այդպես, որ աջակցությունից չզրկվես, թքել եմ այդ աջակցության վրա։ Մինչև հիմա իմ երեխան որևէ կարգավիճակ չունի։ Գնում եմ ՊՆ ասում են, որ քո տղան հուղարկավորված է ու ասում են կնոջս եղբոր տան հասցեն, թե իբր ինքն է կազմակերպել հուղարկավորությունը։

Արցախի Պաշտպանության բանակը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին 45 զոհի անուն է հրապարակել, որոնց թվում նաև Գևորգ Արաբաչյանի անունը կա։ Հայրն այս վարկածը իրական չի համարում, պնդում է՝ որդին 2021 թվականին՝  փետրվարը ներառյալ, իրեն զանգահարել է, սակայն, հիմա չի ցանկանում այդ դրվագի մասին մանրամասներ ներկայացնել։  Նա շարունակում է պնդել, որ իր որդին ողջ է։

«Իմ էրեխեն կենդանի է, ես զգում եմ, ես իմ էրեխով եմ ապրում, եթե չլինի չեմ ապրի։ Ամեն գիշեր իմ էրեխան երազիս գալիս է։ Որ բանտումը որ փակված է այնտեղից գալիս է ու ասում է՝ պապ, ինձ ստեղից տար, ասում եմ՝ չեմ կարողանում Գևորգ ջան, մտնում եմ, որ հանեմ, չեմ կարողանում։ Ամենօր գալիս է երազիս»,-ասում է հայրը։

Գևորգի մայրը մահացել է որդու մասին մեկ տարի շարունակ տեղեկություն չունենալու անասելի ցավից։ Ամուսինն ասում է՝ կաթվածահար է եղել Գևորգի մասին որևէ լուր չունենալու ցավից։ «Այնքան մորգերը մտավ, այնքան դիակի նկար ուղարկեցին, որ կինս սրտի կաթվածից մահացավ։ Իմ կնոջը ես չեմ զգում, բայց իմ տղային 100 տոկոս զգում եմ»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest