Փետրվարի 19-ին դիրքերում մահացած շարքային Հայկ Պետրոսյանի ընտանիքում չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Մայրն ու քույրը Հայկին բնութագրում են հավասարակշռված, ուժեղ կամքի տեր և այնպիսի բնավորության տեր անձնավորություն, որը չէր կարող նման քայլի դիմել։ Մայրը չի բացառում հավանականությունը, որ տղային ստիպել են նման քայլի գնալ։

«Մեր երեխան կյանքում նման բան չէր անի իր հետ։ Նա մեզ սիրում էր, մեզ նման ցավ չէր պատճառի։ Ստիպել են կամ ինչ-որ բան է տեսել, որը չպետք է տեսներ․․․ ավագի, ավագի օգնականի հետ կապված»,-ասաց մայրը՝ Մարիա Խաչատուրյանը։

Հայկի քույրը՝ Իրինան, ընդգծում է․  «Հայկը չափից դուրս հավասարակշռված մարդ էր։ Ինքը երբեք ինքնասպանությունը չի ընդունել իր մեջ ու այն մարդը, որ ռադիկալ վերաբերմունք ունի դրա հանդեպ, չի կարող նման քայլի գնալ։ Ես իրեն չեմ ճանաչում այնպիսի մարդու, որը կարող էր ինքնասպանության գնալ, հատուկ հոգեվիճակի պետք է հասցնես մարդուն, իսկ դա ես չեմ պատկերացնու, թե ինչ պետք է անեին»։

Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով ազատազրկվել են համածառայակիցները՝ դիրքի ավագի օգնականը՝ շարքային զինծառայող, և դիրքի պատասխանատուն՝ պայմանագրային զինծառայող։ ՔԿ-ն փոխանցում է, որ նրանք ձերբակալվել են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։

Թե ինչ խնդիրներ կարող էր ունենալ Հայկն այս երկու զինծառայողների հետ հարազատներն առայժմ տեղեկություններ չունեն, սակայն, Պետրոսյաններն ահազանգում են այդ զորմասում տեղի ունեցած այլ արատավոր երևույթների մասին։ Մասնավորապես, Հայկը նրանց փոխանցել է, որ որոշ զինծառայողներ անտարբեր չեն օնլայն կազինոների նկատմամբ։

Տեղեկություններ կան նաև, որ այս գործով հարցաքննված չորս զինծառայողներ նշել են իրենց նկատմամբ կատարված բռնությունների ու ծաղրանքերի մասին։ Մասնավորապես, երբ զինվորն առաջաին անգամ դիրքեր է բարձրացել նրան ստիպել են կանոնադրությամբ չնախատեսված արարողակարգեր իրականացնել՝ երդմնակալության նման, որոնք էլ նկարահանվել են։ Ուշագրավ է, անազատության մեջ հայտնված զինծառայողներից մեկի հեռախոսը Հայկի հետ կատարված դեպքից հետո «կորել է»։

Մինչ դժբախտ պատահարը Հայկը հեռախոսով զրուցել է ծնողների, քույրիկի և ընկերների հետ։ Մայրն ասաց, որ անտրամադիր է եղել , բայց մինչև փետրվարի 18-ը տրամադրությունը բարձ է եղել։

«Տրամադրությունը վատ էր, մի քիչ կաշկանդված էր խոսում։ Ամուսնուս խնդրեցի, որ զանգի, զգաց, որ տրամադրություն չունի։ Ինքն ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, կարևորը խաղաղ է»,-ասաց մայրը։

Հայկի տրամադրության անկման մասին ընտանիքը տեղեկություններ չունի, Հայկը պետք է զանգահարեր և Իրինային պատմեր, սակայն, զարգացումների բերումով՝ չի պատմել։  «Ասացի, եթե ինչ-որ բան կա, պահը հասունացել է, որ որևէ մեկին պատմես՝  ինձ պատմի։ Ասաց, որ կպատմի, ես պետք է կես ժամից գնայի աշխատանքի և այդ ժամանակ պետք է խոսեինք։ Այսինքն, նպատակ ուներ զանգել և ինչ-որ մեկին պատմել։ Ես իրեն ասացի, որ ձայնից զգում եմ, որ ինչ-որ խնդիր կա, իրեն ինչ-որ բան անհանգստացնում էր»,-ասաց քույրը։

Փետրվարի 19-ին Հայկի՝ դիրքերում գտնվելու երրորդ օրն է եղել։ Ծնողները մեկ ուշագրավ հանգամանքի վրա են ուշադարություն հրավիրում․ Հայկը եղել է «կասկայով ու բռոնի ժիլետով։ Ընտանիքում ասում են՝ եթե իրեն վնասելու մտադրություն է ունեցել, ինչու է պաշտպանական հանդերձանքով եղել։

«Հայկը շոումեն չի, իսկ ինքը ինչպես մահացել է իմ համար նման է շոուի։ Ասում են՝ ինքը եղել է բռոնի ժիլետով ու կասկայով, եղել է կանգնած, սա դերասանական վիճակներ է, որը իր տեսակը չէ։ Նա չափից շատ բարի, միամիտ, ընկերասեր մարդ էր, չեմ պատկերացնում՝ ի՞նչ պետք է աներ ինչ-որ մեկի հանդեպ, որ իրեն հասցնեին․․․ ծաղրեին և այլն։ Նա, ով  ունակ է եղել Հայկին նման կերպ վնասել, մարդ կոչվելու իրավունք չունի։ Ես գրեթե համոզված եմ, որ դրդել են, ես Հայկին ճանաչում եմ»,-ասաց Իրինան։

Մայրն ու քույրը բացառում են, որ Հայկը ծառայելու ցանկություն չունենալով կարող էր իրեն վնասել, քանի որ, ըստ նրանց, սիրում էր ծառայությունը՝ հատկապես դիրքերում։

Ծնողներն ասում են, որ Հայկը շատ ուրախ է եղել մինչև «շատ էր սիրում ծառայությունը» պարտաճանաչ էր

«Հայկը շատ ուրախ էր, որ պետք է գնա ծառայի։ Մի քանի օրով արձակուրդ էր եկել, անգամ, զինվորական շորերը չէր ուզում հանել։ Ասում էր՝ կլինի՞ այսպես ման գամ, այնքան էր սիրում ծառայությունը»,-ասաց մայրը։

Պետրոսյաններն այժմ արդար քննություն են պահանջում, իրական մեղավորների բացահայտում և պատժում։ «Տպավորություն են ստեղծում, որ իմ եղբայրը ինքնասպան է եղել, այդպես էլ քննությունը կգնա»,-ասաց քույրը։  Իրինան նշում է, որ եղբայերը սիրում էր ընթերցել, մշտապես խնդրել է իրերն գրքեր ուղարկել։

Հայկ Պետրոսյանը 18  տարեկան էր։ Ծառայությունից ութ ամիս էր անցել, Վանաձորից երկու ամիս առաջ էր տեղափոխվել Իջևան։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները տեսանյութում՝

Pin It on Pinterest