2022 թվականի մարտի երկրորդ կեսին՝ ամսի 24-ին,  Քարագլուխ բարձունքի մոտակայքում  մարտական գործողություններ տեղի ունեցավ։ Քարագլուխ բարձունքը գտնվում է Արցախի հանրապետության Արսկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի մոտակայքում։ Մարտական գործողություններից հետո հայկական կողմը տարածքային և մարդկային կորուստներ ունեցավ։

Forrights.am-ը զրուցել է Քարագլխի մարտերին մասնակցած զինծառայողներից մեկի հետ։ Նա գաղտնիության պայմանով որոշ մանրամասներ է ներկայացրել մեկ տարի առաջ ստեղխված իրավիճակից և հետևանքերից։ Մեր զրուցակցի պատմածով՝ զորքին Քարագլուխ գնալու հրաման տվել են ադրբեջանական զինուժի ներխուժումից մեկ օր անց։

«Գործողությունների հրաման ստացել ենք մարտի 25-ից, բայց դիրքավորված էինք մարտի 24-ից։ Տեղակայման վայր հասնելուց հետո մարտական գործողություններն արդեին սկսված էին, հակառակորդն իրեն ակտիվ էր պահում։ Մինչև մեր վերադասավորվելը և տեղաբաշխվելը՝ յուրաքանչյուրն իր դիրքի, առաջին հարվածներն ենք ստանում, վիրավորներ են լինում։ Փորձում ենք ծածուկ վայր հասնել, քանի որ առաջին օգնությունը չէր կարողանում գալ, այդ ժամանակ երկրորդ հարվածը ստացանք, որի ժամանակ զոհեր ունեցանք»,-ասաց նա։

Հիշեցնենք, ադրբեջանի զինուժը մարտի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էր հրադադարը,-հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։ Նույն  օրը շտաբը տեղեկացրեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, մարտի լույս 25-ի գիշերը և ուրբաթ ցերեկը հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր։

Թե ինչու մարտի 24-ին Քարագլուխ գնալու հրաման չի տրվել, տեղեկություննեչ չկան։ Այս դեպքերից հետո հայտարարվեց, որ ռուսական զորախումբն Արցախի ՊԲ-ի և ադրբեջանական զինուժի զինծառայողներին առաջարկել են հայելային հետ քաշվել, որպեսզի խաղաղապահները տեղակայվեն չեզոք գոտում, ինչը կյանքի չէր կոչվել՝ ադրբեջանական կողմն առաջ էր գրոհել։ Արդյո՞ք ռուսները իրենց խոստումը չեն կատարել, հետաքրքրվեցինք մեր զրուցակցից․ «Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»,-ասաց նա։

Հատուկ ջոկատայինը նշում է, որ հակաօդային պաշտպանությունը չի գործել։ ՊԲ-ն չնայած դիմակայել է, բայց թշնամու ԱԹՍ-ների հարվածները չեն կանխվել ՀՕՊ-ի կողմից։  «Եթե օդը փակ լիներ ու ավելի շուտ հասներ առաջին օգնության մեքենան, ինձ թվում է չէինք ունենա այն հետևանքերը, որ ունենք հիմա»,-ասաց նա և անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ «օդը փակ չէր»,-ասաց․ «Դա բարձր օղակի հարց է, ես ինֆորմացիային չեմ տիրապետում»։

Հատուկ ջոկատի ծառայակիցը նաև մանրամասներ ներկայացրեց թշնամու ներխուժումից։  «Հակառակորդի մի խումբ փորձել է բանակցել ռուս խաղաղապահների հետ, ժամանակ է շահել՝ մոլերեցնելու նպատակով, իսկ մյուս խումբը անտառների ճանապարհներով, արահետներով բարձրացել է Փառուխի վերևի բարձունքերը։ Գործողությունները տեղի է ունեցել Քրագլխի ներքևում՝ Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի արանքում։ Ներթափանցել է մյուս խումբն անտառներ ու սկսվել է գործողությունները»։

Հայկական կողմը տարածքային կորուստներ ունի։ «Իրենք տարածքային առաջխաղացում են ունեցել։ Խրամորթ գյուղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է, մարդիկ ապրում են, Փառուխ գյուղն ենք կորցրել»,-ասաց նա։

Մարտերի ժամանակ հայկական կողմը երեք զոհ ու 15  վիրավոր է ունեցել։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest