Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքերից մայիսին առևանգված երկու հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին հուլիսի 7-ի որոշմամբ դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ:

Ադրբեջանում, որտեղ մարդու հիմնարար իրավունքներն աննախադեպ ճնշումներով են խախտվում, դատական իշխանությունը, իբր փորձում է հայ պատանդների իրավունքերը պաշտպանել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են կադրեր՝ փորձելով ցույց տալ, թե  բարեկիրթ վերաբերմունք կա հայ զինծառայողների նկատմամբ։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Forrights.am-ի հետ զրույցում այդ վերաբերմունքը բեմականացում է որակում․ «Մենք գործ ունենք բեմականացված դատական գործընթացների հետ, որոնք շղարշներ են ստեղծում։ Այս գործընթացները որևէ առնչություն չունեն իրավունքի, իրավական սկզբունքների և մարդու իրավունքերի պաշտպանության հետ»։

Պայմանագրային զինծառայող Հարություն Հովագիմյանին ու ժամկետային Կարեն Ղազարյանին Ադրբեջանում մեղադրում են պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչական գործողություններ ծրագրելու, դիվերսիոն ներթափանցման համար, սակայն, զինծառայողները մայիսի 26-ին հաց, ջուր են տարել դիրքեր ու վերադարձին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։ Իրավապաշտպանն առևանգումից զատ այլ տարբերակը քննարկման առարկա չի դարձնում։

Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Նախիջևանից կողմից ՀՀ պետական սահմանը հատելով Սյունիք են մտել ադրբեջանցի երկու զինծառայողներ։ Նրանցից մեկը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբտենային կոմբինատի պահակին։ Հայ զինծառայողների առևանգումը հաջորդում է այս դեպքին։

«Եղել է առևանգնում։ Այս առևանգումը ծրագրվել է և պլանավորվել է հայկական կողմի օրինական գործողություններին հակազդելու և ուժ ցուցադրելու նպատակով, այլ կերպ ասած Ադրբեջանը պատժիչ գործողություններ է իրականացնում այն բանի համար, որ իր հանցագործ զինծառայողների արարքներին հայկական կողմը տվել է իրավական գնահատական և միջազգային գործընկերներն առաջ էին քաշում փոխանակման խնդիրը, որի պայմաններում այս հանցագործների դիմաց հայ ռազմագերիներ կարող էին հայրենադարձվել։

Ադրբեջանը սրանով երկու խնդիր է լուծում՝ ձգձգում է հայ ռազմագերիների հայրենադարձումը, որն օգտագործվում է շորթման նպատակով՝ ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա, որ քաղաքական հարցեր լուծի։ Մյուս տեսակետով էլ նոր զինծառայողներ ունենալով և նրանց հանցագործ ներկայացնելով փորձում է լուծել իր հանցագործների վերադարձի խնդիրը»,-ասում է Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով, պատանդառված հայ զինծառայողներին հնարավոր է պաշտպանել միայն միջազգային ատյաններում․

«Պաշտպանության միակ միջոցը միջազգային մեխանիզմներն են և այս առումով միջպետական գանգատի շրջանակներում երկու զինծառայողների խնդիրը բարձրաձայնված է, կարիք կա, որ գործընթացներն արագ ընթանան։ Ադրբեջանը տեղյակ է դատական գործընթացների տևականությունից և փորձում է այդ ժամանակահատվածում քաղաքական օգուտներ քաղել։ Նրանք գիտակցում են, որ վերջնարդյունքում այդ տղաների խախտված իրավունքերը վերականգնվելու են դատական ճաանապարհով»։

Այսպիսով՝ Ադրբեջանում պաշտոնական տվյալներով 35 գերի կա՝ այդ թվում, մայիսի 26-ին Շիկահողից առևանգված զինծառայողները։

«Պաշտոնական տվյալներով 35 գերի կա, իսկ 80 թիվն այս պահին անփոփոխ է։ Մենք, ցավոք սրտի, տեղաշարժեր չունենք, որ Ադրբեջանը նրանց գերեվարվածությունը հաստատի, մյուս կողմից էլ փաստահավաքությունը վաղ փուլերում կարողացել է այդ դեպքերը հիմնավորել, ավելի ուշ ժամանակահատվածում նոր փաստեր չակն, որ մենք կարողանանք գերեվարման նոր դեպքեր արձանագրենք, այս պահին ստատիկ է այդ 80 թիվը»,-ասում է իրավապաշտպանը։

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային, նշել էր, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ «կալանավորված» անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Շառլ Միշելը, սակայն, հստակ ժամկետներ չէր նշել։

Այս հանդիպումից շուրջ երկու ամիս անց դեռ հայ ռազմագերիները չեն վերադարձել հայրենիք։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest