Հունվարի 19-ին Գեղարքունի մարզի Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է զինվորական ծառայությունից։ Հիշեցնենք՝ նա այդ օրը սուր քննադատել էր Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին և ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, նրանց մեղադրել էր բանակը «բարդակ»-ի վերածելու համար։

«Բանակի թուլացումը կամ զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»,-ասել էր նա:

Դասակի հրամանատարը հրդեհի գործով վկայի կարգավիճակ ունի, հարցաքննվել է մեկ անգամ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանն անդրադառնալով դասակի հրամանատարի ծառայութունից ազատվելու հանգամանքին, ասաց, որ նա ազատվել է պաշտպանության նախարարի հրամանով՝ իր զեկուցագրի համաձայն։

«Նախարարի հրամանի մեջ գրված է, որ նա իր զեկուցագրի համաձայն է ազատվել։ Այո, այդպիսի զեկուցագրի տակ ստորագրել է դասակի հրամանատարը»,-ասաց փաստաբանը և անդրադառնալով հարցիին՝ սեփական կամքո՞վ է ծառայությունը դադարեցնելու որոշում կայացրել, նշեց․

«Նա չէր կարող իր կամքով  ազատվել, առնվազն այն պատճառով, որովհետև այդ տեսակի ազատումը իր համար առաջացնելու էր 6 մլն դրամի պարտավորություն, ուստի այն մարդը, որը դա գիտակցում է, դժվար այպիսի պարտավորութուն վերցներ իր վրա, բայց քանի որ տարբեր խորթուբորթ այդ պարտավությունը կախվել է դասակի հրամանատարի վրա, ապա նա պատրաստ է մտնել այդ բեռի տակ մտնելով գնալ, բայց վերականգնվել չի ուզում»։

Նշենք, որ 6 մլն դրամն այն գումարն է, որը դասակի հրամանատարը պետք է վճարի պետությանը, եթե ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո, ժամանակից շուտ դադարեցնում է զինվորական ծառայությունը։ Գումարի չափը կախված է, թե տվյալ զինվորականը քանի տարի է ծառայել։

Անդրադառնալով Արսեն Բաբայանի պարզաբանմանը տպավորություն է ստեղծվում, որ դասակի հրամանատարին պարտադրել են ազատման զեկուցագիր գրել, քանի որ փաստաբանը նախ նշում է, որ սպան ստորագրել է զեկուցագիրը, հետո շեշտում, որ գիտակցելով ֆինանսական պարտավորությունը «դժվար այդպիսի պարտավորություն» ստանձներ։ Մեր ճշտող հարցին՝ ճնշումներ եղե՞լ են, որ դասակի հրամանատարն ազատման զեկուցագիր ներկայացնի, փաստաբանն ասաց, որ ինքը նման բան չի ասում։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը դասակի հրամանատարի աշխատանքից ազատվելու վերաբերյալ նշեց, որ դասակի հրամանատարն աշխատանքից ազատվել է սեփական զեկուցագրի համաձայն։

Պաշտպանական գերատեսչության խոսնակը բացառեց հավանականությունը, որ ՊՆ-ից որևէ ճնշում է եղել դասակի հրամանատարի վրա։

Այուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ինչպես դասակի հրամանատարը ստորագրեց զեկուցագրի տակ, եթե դրանից իր համար ֆինանսական խնդիրներ էին բխելու։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest